
Տնտեսական ակտիվությունն աճել է

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա առաջին եռամսյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 8.7%-ով։ Այս մասին նշվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված նախնական զեկույցում։
Միևնույն ժամանակ, տնտեսական ակտիվությունը մարտ ամսին փետրվարի համեմատ աճել է 14.6%-ով։
Ինչ վերաբերում է տնտեսության առանձին ոլորտներին, ապա բոլոր տեղերում աճ է գրանցվել՝ բացառությամբ շինարարության ոլորտի։
Այսպես, արդյունաբերակական արտադրանքի ծավալն առաջին եռամսյակում աճել է 15.8%-ով (288.3 միլիարդ դրամ)։ Գյուղատնտեսությունն աճել է 2.3%-ով (62.1 միլիարդ դրամ), ծառայությունների ծավալը՝ 6.5%-ով (224.8 միլիարդ դրամ)։
Շինարարության ոլորտի արտադրանքը 2013 թվականի առաջին եռամսյակում կազմել է 38.7 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ցածր է 6.5%-ով։