Բաժիններ՝

Սարգսյան-Ծառուկյան հանդիպո՞ւմ. մամուլ

«Երեկ իշխանական կուլիսներում լուրեր տարածվեցին, որ նախօրեին հանդիպել են վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում

Նույն շրջանակներում խոսակցություններ էին շրջանառվում նաև, որ հանդիպման ընթացքում բանակցություններ են ընթացել ապագա կառավարության շուրջ: Երբ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից հարցրեցինք՝ ճի՞շտ է արդյոք, որ վարչապետն ու Ծառուկյանը հանդիպել են և կոալիցիայի հարց քննարկել, հաստատո՞ւմ, թե՞ հերքում եք այս տեղեկությունները, նա պատասխանեց. «Վարչապետը պարբերաբար հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի ղեկավարների հետ»: Սույն մեկնաբանությունը փորձեցինք ճշտել նաև «Բարգավաճ Հայաստանից»: ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեր թղթակցին փոխանցեց, թե նման տեղեկություն ինքը չունի:

Կուսակցության տարբեր ներկայացուցիչներ ևս խուսափում էին պաշտոնապես պատասխանել այդ հարցին: Նրանցից մեկը, սակայն, մասնավոր զրույցում ասաց, որ ինքն էլ է լսել հանդիպման մասին և փորձում է ճշտել մանրամասները:

Մեզ հայտնի դարձավ, որ երեկ երեկոյան Ծառուկյանն իր մոտ՝ կուսակցության կենտրոնական գրասենյակ զրույցի էր հրավիրել ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչների: Մանրամասներ, սակայն, այդ հանդիպումից հայտնի չեն: Մինչ այդ, իշխանական շրջանակներում խոսում էին, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև բանակցություններ են ընթանում կոալիցիա ձևավորելու շուրջ:

Ըստ նույն շրջանակների, Ծառուկյանը պատրաստ է մաս կազմել կոալիցիային, եթե ԲՀԿ-ն ապագա կառավարության կազմում նախարարական 5 պորտֆել ունենա: ՀՀԿ-ն, սակայն, պատրաստ է զիջել 3 կամ 4 պորտֆել:

Թե ինչով կավարտվեն այս բանակցությունները, դժվար է ասել: Հնարավոր կոալիցիայի վերաբերյալ մեր թղթակցի հարցին, սակայն, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը պատասխանել էր, թե նման հարց չի քննարկվել և դա իրենց հետաքրքրությունների տիրույթում չէ:

ՀՀԿ ներկայացուցիչները ևս դեռ չեն շտապում պաշտոնապես որևէ բան ասել այս ամենի վերաբերյալ: Մասնավոր զրույցներում, սակայն, նրանք վստահեցնում են, որ վերոնշյալ բանակցություններով է պայմանավորված նոր կառավարության ձևավորման «ուշացումը»:

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի պահանջի համաձայն, Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության օրը կառավարությունը հրաժարական էր տվել ու հիմա, Սահմանադրության նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն, խորհրդակցելով պատգամավորական խմբակցությունների հետ, Սարգսյանը տասնօրյա ժամկետում պետք է նոր վարչապետ նշանակի պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Իսկ կառավարությունը պետք է կազմավորվի վարչապետի նշանակումից հետո՝ քսանօրյա ժամկետում:

Դեռ օրեր առաջ մենք հայտնել էինք, որ Սերժ Սարգսյանը նոր վարչապետին կնշանակի և կառավարության կազմը կձևավորվի՝ օգտագործելով Սահմանադրությամբ ընձեռված վերջին ժամկետներում, քանի որ սպասում է մայիսի 5-ին տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին: Հենց այդ արդյունքներից և Երևանի ավագանիում ուժերի դասավորվածությունից է կախված նոր կառավարության կազմը: Այնպես որ, ՀՀԿ-ԲՀԿ բանակցությունները դեռ կարող են շարունակվել ևս երեք շաբաթ:

Կառավարական նոր կաբինետի ձևավորման վերջնաժամկետը մայիսի 9-ն է: ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովն էլ է երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել, որ դեռ ժամանակ և հնարավորություն ունեն նախարարների հարցը քննարկելու համար (երեկ հաստատվել են միայն արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի թեկնածությունները, կարևորագույն այս ոլորտների նշանակման հարցը Սերժ Սարգսյանը չէր կարող ձգձգել և անկախ ՀՀԿ-ԲՀԿ ընթացող բանակցությունների ելքից, հասկանալի է, որ այդ պոստերը որևէ պարագայում որևէ այլ ուժի ՀՀԿ-ն չէր զիջի):

Մինչ այդ, ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը վարչապետին նշանակելու հարցը չի քննարկել «Բարգավաճ Հայաստանի» հետ: Երեկ, երբ մեր թղթակիցը ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանին հարցրել է՝ եղե՞լ է ԲՀԿ խմբակցության հետ քննարկում վարչապետի նշանակման շուրջ, նա պատասխանել է. «Այսօր, օրվա առաջին կեսի դրությամբ, ըստ իմ տեղեկությունների, չի եղել, դրանից հետո չեմ կարող ասել, որովհետև նախընտրական քարոզչության մեջ եմ»:

Նման քննարկում, բնականաբար, չի եդել նաև ԱԺ Դաշնակցություն և Հայ ազգային կոնգրես խմբակցությունների հետ: ՕԵ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին հարցրեցինք՝ իսկ իրենց խմբակցության անդամների հետ Սերժ Սարգսյանը վարչապետի թեկնածուի հարց քննարկե՞լ է, նա պատասխանեց. «ՕԵ խմբակցության հետ պաշտոնական հանդիպում կամ քննարկում չի եղել, բայց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ եղել է քննարկում»: ՕԵԿ-ը, բնականաբար, համաձայնել է նոր վարչապետի պաշտոնում կրկին տեսնել Տիգրան Սարգսյանին:

Հ.Գ. Երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շւսրմազանովը հայտարարել է, թե իրենք վստահ են, որ Տիգրան Սարգսյանը կարող է լուծել երկրում առկա բոլոր խնդիրները, որոնք ՀՀԿ-ն տեսնում է, այլապես նրան չէին վերահաստատի վարչապետի պաշտոնում: «Իսկ այն, որ քաղաքական այլընտրանքը քննադատում է, իրենց խնդիրն է, մենք պատրաստ ենք ընդունել ցանկացած քննադատություն»,- հայտարարել է Շարմազանովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս