Բաժիններ՝

«Եթերի» իմաստը փոխվել է. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Նախագահի նախկին մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը վերադարձել է ստեղծագործական աշխատանքի: Լրագրողները նրա պետական ծառայությունից ընդհանուր առմամբ, համենայնդեպս, լուրջ բողոքներ չեն լսել, ինչը ինձ, որպես 20 տարի առաջ այդ պաշտոնում աշխատած մարդու, հաճելի է արձանագրել:

Բայց ես կուզեի անդրադառնալ Արմենի այն մտքին, որը նա երեկ արտահայտել է իր հետագա պլանների՝ հեռուստատեսության հետ կապված. «Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը և ամենակուլ ինտերնետի տարածումը նոր մարտահրավեր է նետել հեռուստատեսությանը: Եկել է հեռուստատեսության՝ անխուսափելի քայլ անելու ժամանակը: Մեծ քայլ»:

Իսկապես, շատ մարդիկ իմ շրջապատում անկեղծության այս կամ այն աստիճանով հայտարարում են՝ «Ես հեռուստացույց չեմ նայում»: Մի մասը իրականում նայում է, պարզապես ամաչում է խոստովանել, որ դիտում է միայն սերիալներ և հումոր: Բայց այն, ինչ ես եմ հասկանում հեռուստատեսության տակ, ոչ սերիալ է, ոչ էլ հումոր՝ դա այն արտադրանքն է, որը ձևավորում է հասարակական-քաղաքական օրակարգը:

Եվ այսօր վստահաբար կարելի է ասել, որ հեռուստատեսությունը դա չի անում, դա անում են կայքերը և սոցցանցերը: Վերջիններս են տալիս մտքի, լուրի առաջնային խթանը, իսկ հեռուստատեսությունը կամ տալիս է երկրորդականը, կամ չի տալիս: Պատճառը մասամբ, իհարկե, այն է, որ հեռուստաընկերությունները որոշ չափով վերահսկվում են, իսկ համացանցը՝ ոչ: Բայց նախ՝ վերահսկողությունն այնքան վայրագ չէ, որքան, ասենք, 10 տարի առաջ:

Երկրորդ՝ խնդիրը նաև հեռուստատեսության «արտահայտչամիջոցների» պահպանողական լինելու մեջ է: Քանի որ ես աշխատում եմ երկու ոլորտներում էլ, կարող եմ փաստել, որ որպես հեռուստալրագրող՝ ավելի «դանդաղաշարժ» եմ, քան որպես կայքի հեղինակ ու սեփականատեր: Վկան՝ նախագահի հետ լրագրողների վերջին հանդիպումը: Այդպես չպիտի լինի, և խոսքն այստեղ հեռուստատեսության ոչ այնքան տեխնիկական, որքան հոգեբանական, մասնագիտական վիրագինման մասին է: Իրոք որ մեծ քայլ է պահանջվում:

Վերջերս իր պաշտոնին հրաժեշտ է տվել ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը, որի գլխավոր առաքելությունն էր «Ա1 +»-ը եթեր չթողնելը՝ եթե նրա անունը երբևէ արծարծվի պատմության մեջ, ապա միայն այդ համատեքստում: Մի 5-7 տարի առաջ այդ իրադարձությունը կարևոր նշանակություն կունենար, քննարկման առարկա կդառնար: Լրատվամիջոցները կսկսեին կանխագուշակել, թե ով է զբաղեցնելու նրա տեղը: Այսօր դա բացարձակապես կարևոր չէ, որովհետև «կապուղի» և «եթեր» հասկացությունները արդեն փոխել են իրենց նախկին նշանակությունը, իսկ 2 տարի հետո մենք դրա տակ լրիվ ուրիշ բան ենք հասկանալու:

Այսօր կայքերը, այդ թվում՝ «Ա1 +»-ը և «Առավոտը», համացանցով եթեր են դուրս գալիս առանց արտոնագրերի և կապուղիների, և չեմ կարծում, որ այս կամ այն հաջորդ իշխանությունը այս առումով գնա սահմանափակումների: Եվ այդ գործոնների ազդեցության տակ, ինչ մեղքս թաքցնեմ, իմ չարությունը Ամալյանի նկատմամբ պակասել է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս