Րաֆֆի Հովհաննիսյանը տեխնոլոգիայի փնտրտուքի մե՞ջ է
ԱԺ նախորդ գումարման «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ, ի տարբերություն 2012թ. խորհրդարանական ընտրությունների, որի ժամանակ «Ժառանգությունը» իր համամասնական ցուցակը կազմել էր «Ազատ դեմոկրատների» հետ, Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգության» շուրջ ստեղծված «Բարև, Երևան» դաշինքը ճիշտ սկզբունքով է կառուցված:
«Բարև, Երևանը» համարում եմ դրական ուժ, որը ճիշտ ճանապարհով է գնում: Այստեղ քաղաքացիական հասարակության խմբերը քաղաքացիական շահի կրող են, և որևէ սոցիալական խմբի խնդիրները, անհանգստություններն են բերում: Դա է ամենաճիշտ ճանապարհը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լարիսա Ալավերդյանը:
Թեև միասնական ընդդիմադիր ցուցակը չստացվեց, նա լիահույս է, որ արդեն քաղաքապետարանում հնարավոր է համագործակցել այդ ուժերի հետ: Նրա խոսքով, այն, ինչ չի ստացվել նաև ԱԺ-ում ՀՅԴ-ի, «Ժառանգության» և ՀԱԿ-ի միջև, քանի որ այստեղ չափազանց քաղաքականցված էին, ապա քաղաքապետարանում հնարավոր է. ըստ նրա՝ ամեն դեպքում Երևանի ավագանիում համայնքային խնդիրներ են քննարկվելու:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցին՝ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ դա հավանաբար քաղաքական տեխնոլոգիաների դաշտում էր, որի մեջ ինքը չկա: «Ժառագության» նախկին պատգամավորը կարծիք հայտնեց, որ այս քայլը Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հավանաբար նոր տեխնոլոգիայի փնտրտուք էր, սակայն իրականում դա արդեն հին տեխնոլոգիա է:
«Ես կարծում եմ, որ դա արդեն օգտագործված տեխնոլոգիա է՝ Մոսկվա գնալը»,- նշեց Լարիսա Ալավերդյանը: Նա նշեց, որ պետք է դաս քաղել, որ որևէ մեկը ոչ դրսից, ոչ էլ զուտ քաղաքական դաշտից չի կարողանալու փոխել իրավիճակը, եթե քաղաքացին, հասարակությունը տեր չկանգնի իր իրավունքներին:
«Ես համարում եմ, որ խնդիրները պետք է լուծենք երկրի ներսում»,- նշեց Լարիսա Ալավերդյանը: