ՀԱԿ-ը կանգնած է իշխանափոխության շեմին

Երեկ Հայ ազգային կոնգրեսի անունից հայտարարություն է տարածվել, որտեղ ասվում է, որ ՀԱԿ քաղաքական խորհուրդը վերսկսում է իր աշխատանքները, շեշտելով, որ դա անելու է իրական ժողովրդավարության, կուսակցությունների իրավահավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա: Հայտարարության հեղինակները ցանկացել են շեշտել, որ մինչ այդ այս սկզբունքները ՀԱԿ-ում չեն գործել: Այս հայտարարությունը ստորագրել են ՀԱԿ անդամ հինգ կուսակցությունների ղեկավարներ`«Ժողովրդավարական Հայրենիքը», «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ», «Ժողովրդավարական ուժ», Հայաստանի կանաչների կուսակցություն և «Մարդու իրավունքներ-96» կուսակցություն: Դրան ի պատասխան` ՀԱԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել, ըստ որի` Հայաստանի արդարադատության նախարարությունում ՀԱԿ անվանումով մի կուսակցություն կա, և դա իրենք են:

Հարց է առաջանում, թե ՀԱԿ կուսակցության ստեղծումից և գրանցումից հետո, որքանո՞վ է իրավաչափ ՀԱԿ դաշինքի գոյությունը: Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրես դաշինքը ստեղծվել է 2008թ. օգոստոսի 1-ին, երբ 18 կուսակցություններ ստորագրեցին ՀԱԿ հռչակագիրը: ՀԱԿ-ը, ճիշտ է, իրավաբանական կառույց չէ, և գրանցված չէ Արդարադատության նախարարությունում, բայց այն քաղաքական կառույց է և գործում է այդ կառույցին անդամակցող կուսակցությունների փոխհամաձայնության հիմքով: Հետագայում մի քանի կուսակցություններ` «Հանրապետությունը», Հայաստանի լիբերալ կուսակցությունը, Պահպանողական կուսակցությունը, հայտարարեցին, որ դուրս են գալիս ՀԱԿ-ից: Բայց մյուս 15 կուսակցությունները շարունակեցին հանդես գալ, որպես ՀԱԿ դաշինք:

2013թ. փետրվարի 23-ին տեղի ունեցած ՀՀՇ վերջին` 18-րդ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանը խոսելով ՀԱԿ-ի մասին` ասաց. «Մեկ տարի առաջ սկսվել է քայքայման պրոցեսը, չեմ ուզում խորանալ պատճառների մեջ, բայց փաստն այն է, որ այն չկա»: Ընդամենը այսքանը. Տեր-Պետրոսյանը ասել է, որ ՀԱԿ-ը չկա: Ինչ-որ մարդկանց համար Տեր-Պետրոսյանի խոսքը օրենքի ուժ ունի, եթե նա ասել է, որ ՀԱԿ-ը չկա, նշանակում է, որ չկա: Իսկ մյուսները համարում են, որ քանի դեռ ՀԱԿ-ին անդամակցող կուսակցությունները համատեղ որոշում չեն կայացրել ՀԱԿ-ը լուծարելու մասին, այն շարունակում է գոյություն ունենալ: Վերոնշյալ կուսակցություններն իրենց համարում են ՀԱԿ, և դա նրանց իրավունքն է: Ընդհակառակը, նրանք կարող են պնդել, որ այդ ՀՀՇ-ն է սեփականացրել իրենց անունը` վերանվանվելով Հայ ազգային կոնգրես: Ստացվում է, որ ՀՀՇ-ն է գողացել ՀԱԿ անվանումը նույնանուն դաշինքից, և ոչ թե այն ուժերը, ովքեր շարունակում են հանդես գալ այն անվան տակ, որի տակ հանդես են եկել գրեթե 5 տարի:

Լավ, ենթադրենք` հինգ կուսակցություններ հայտարարեցին, որ իրենք Հայ ազգային կոնգրես դաշինքն են, դրանից ի՞նչ: Արդյոք միայն այն, որ կառաջանա քաղաքական շփոթ ՀԱԿ կուսակցության և ՀԱԿ դաշինքի միջև, և նրանք կսկսեն վիճել, թե իրենցից ով իրավունք ունի հանդես գալ այդ անվան տակ: Սա ևս կարող է լինել, բայց ինտրիգն այլ տեղ է: Խորհրդարանում գործում է ՀԱԿ խմբակցությունը, որը ՀԱԿ նախընտրական դաշինքի արդյունքն է: Ո՞ր քաղաքական ուժի շահերն է ներկայացնում ՀԱԿ խմբակցությունը` ՀԱԿ կուսակցությա՞ն, թե՞ ՀԱԿ դաշինքի: ՀԱԿ խմբակցության անդամ երեք պատգամավորներ անդամագրվել են ՀԱԿ կուսակցությանը, բայց չորսն այլ կուսակցությունների կամ քաղաքական միավորների անդամներ են: Այսինքն՝ խմբակցության մեծամասնությունը ՀԱԿ կուսակցության անդամ չէ, բայց խմբակցությունը գտնվում է ՀԱԿ կուսակցության տնօրինման տակ, քանի որ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և քարտուղար Արամ Մանուկյանը ՀԱԿ կուսակցության փոխնախագահներ են:

Բայց այս վիճակը կարող է փոխվել:
Մեր ունեցած տեղեկություններով` ՀԱԿ-ի անունից հայտարարություն տարածած և ՀԱԿ-ը վերածնել փորձող քաղաքական ուժերը ցանկանում են համալրել իրենց համակիրների շարքերը և միավորել ՀԱԿ խմբակցությանն անդամակցող, բայց ՀԱԿ կուսակցության անդամ չհանդիսացող պատգամավորներին և նրանց կուսակցություններին: Խոսքը մասնավորապես «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի, «Այլընտրանք» հասարակական քաղաքական միավորման անդամ Նիկոլ Փաշինյանի, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի և ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի մասին է: Ավելին, նրանք ցանկանում են ՀԱԿ դաշինքի նոր լիդեր հռչակել Ստեփան Դեմիրճյանին` այն հեռանկարով, որ նա հետագայում կգլխավորի նաև ՀԱԿ խմբակցությունը: Որքանո՞վ է սա հնարավոր: Քանի որ Նիկոլ Փաշինյանի և Հրանտ Բագրատյանի հարաբերությունները Լևոն Զուրաբյանի և ՀԱԿ ղեկավարության հետ վաղուց արդեն ոչ թե գործընկերային, այլ թշնամական են, նրանք դեմ չեն լինի խմբակցությունում իշխանափոխությանը:

Ստեփան Դեմիրճյանի դեպքում, նշվում է, որ նա ոչ կոնֆլիկտային բնավորություն ունի, և չի ցանկանա մտնել նման խաղի մեջ, հարաբերություններ փչացնել Տեր-Պետրոսյանի և մյուսների հետ: Բայց այստեղ կա երկու հանգամանք, որոնք արժե նկատի ունենալ: Առաջինն այն է, որ Ստեփան Դեմիրճյանը և նրա ղեկավարած ՀԺԿ-ն վերածվել են ՀԱԿ-ի արբանյակի, իսկ անձամբ Ստեփան Դեմիրճյանը դարձել է Լևոն Զուրաբյանի ենթական՝ ՀԱԿ խմբակցության մասով: Հիմա նրան առաջարկվում է դառնալ ՀԱԿ դաշինքի լիդերը, որի մեջ այս պահին հինգ կուսակցություններ են, բայց հնարավոր է, որ այդ թիվն անցնի 10-ից: Այս դեպքում Ստեփան Դեմիրճյանը ՀԱԿ արբայնակից վերածվում է առանցքի, որի շուրջ հավաքված են տասնյակի չափ կուսակցություններ:

Ինչպես «Արդարություն» դաշինքի դեպքում, նա կարող է նստել սեղանի գլխին և վարել դաշինքի նիստերը` հետագայում դառնալով այդ դաշինքի թեկնածուն նախագահական ընտրություններում: Եթե Դեմիրճյանը դա չի անում, նա մինչև հաջորդ ընտրություններ կարող է վերջնականապես հայտնվել քաղաքական դաշտի լուսանցքում: Հնարավորություն կա նաև, որ նա կգլխավորի ՀԱԿ խմբակցությունը: Դա առավելապես կախված է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի դիրքորոշումից: Ճիշտ է, Սարգսյանը չմտավ ՀԱԿ և չդարձավ ՀԱԿ կուսակցության վարչության անդամ, սակայն նա շարունակում է գործընկերային հարաբերություններ պահպանել ՀԱԿ-ի ղեկավարության հետ: Չնայած չի բացառվում, որ Սարգսյանը կարող է փոխել իր վերաբերմունքը Զուրաբյանի նկատմամբ, և այդ դեպքում ՀԱԿ խմբակցությունում իշխանափոխությունը պատրաստ է: Սարգսյանը իր վերաբերմունքի փոփոխությունը կարող է բացատրել ՀԱԿ-ի հետ ունեցած խորը և անհաղթահարելի տարաձայնություններով` ասելով, որ ինքը` որպես սոցիալիստական կուսակցության ղեկավար, համարում է, որ Հայաստանում իշխանությունը վաղուց գտնվում է բուրժուաների ձեռքում, և այդ իշխանությունը վերցնելու համար ոչ թե բուրժուա-դեմոկրատական, այլ սոցիալիստական հեղափոխություն է պետք: Իսկ Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած ՀԺԿ-ն նույնպես սոցիալիստական ուղղվածություն ունի:
Միանշանակ պնդել, որ իրադարձությունները կզարգանան հենց վերոնշյալ սցենարով, դժվար է, բայց, որ նման հնարավորություն կա, միանշանակ է:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս