Սամվել Մայրապետյանի «գերակա շահը». ևս մեկ հուշարձանի ապագան անորոշ է
Hetq.am-ը հիշեցնում է, որ Պուշկինի 2 հասցեում գտնվող այս շենքը, որը մեկն է Սախարովի հրապարակի մաս կազմող և այն ամբողջացնող շենքերից, տեղական հուշարձանի կարգավիճակ ունի: ՀՀ կառավարությունն այն օտարել է «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ին: Ընկերության հիմնադիրներն են Սամվել Մայրապետյանը և նրա կինը` պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանը:
Ճարտարապետ Ն. Բունիաթյանի հեղինակած շենքը կառուցվել է 1930 թվականին: «Այն կոնստրուկտիվիզմի լավագույն նմուշներից է»,- հուշարձանի մասին Hetq.am-ին ասել է ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը:
Մինչև անցյալ տարվա սեպտեմբեր շենքում տեղակայված էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երևանի N 8 հրշեջ-փրկարարական ջոկատը: Սեպտեմբերից հրշեջ ջոկատը տեղափոխվել է Մյասնիկյանի պողոտայում գտնվող նոր մասնաշենք:
Հուշարձան-շենքն այժմ ծառայում է որպես ավտոտնակ և ավտոկայանատեղի մոտակա գերատեսչությունների և բնակիչների մեքենաների համար, ընդ որում` վճարովի: Իսկ այդ գործընթացին «հետևում» է թաղի տղաներից մեկը` Դավիթը: Վերջինս ժխտում է, որ մեքենաները ամսական վարձ են տալիս, այլ պնդում է, որ իր ընկերների ու ծանոթների մեքենաներն են, իսկ իրեն հրշեջի պետն է խնդրել հետևել տարածքին, որպեսզի այն չվնասեն: Թե ով է պետը, անունն ինչ է` Դավիթը չգիտի: Համենայնդեպս, այդպես ինքն է ներկայացնում. «Պաժառ կգցեն, բոմժեր կմտնեն», իսկ ինքը փակել է ու պահակություն է անում, որ «բան-ման» չանեն:
Կայանած մեքենաների մասին շենքի սեփականատեր Սամվել Մայրապետյանը ոչինչ ասել չկարողացավ` պատճառաբանելով, թե ինքը տեղյակ չէ այդ ամենից. «Ես ոչ մեկին էլ ոչ մի ձևի չեմ տվել,- նշեց Սամվել Մայրապետյանը,- իմ կողմից տարածքը դեռ չի վերահսկվում: Հինը դեռ ինձ չեն հանձնել, բայց դա շուտ կլինի` մի ամսվա մեջ կլինի»:
Կառավարության «առևտրային» գործարքը Մայրապետյանի հետ
Նշված շենքը ՀՀ կառավարությունը 2009-ի մայիսի 7-ի որոշմամբ օտարել է Սամվել Մայրապետյանի ընկերությանը հետևյալ հիմնավորմամբ. ««Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն իր միջոցների հաշվին, որպես ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության օգտին գործող երրորդ անձ, կֆինանսավորի պետության կարիքների համար ձեռք բերվող` Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի N 1 հասցեում ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Երևանի N 8 հրշեջ-փրկարարական ջոկատի համար նոր տիպային շենքի կառուցման կապալի, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և շինարարության տեխնիկական հսկողության աշխատանքներն ու ծառայությունները»։
Ըստ կառավարության որոշման` շենքը կառուցվելուց և սահմանված կարգով շահագործման հանձնվելուց հետո Պուշկինի N 2 հասցեում գտնվող անշարժ գույքը Մյասնիկյանի շենքի կառուցման ծախսերի գնին հավասար գնով օտարվում է «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` որպես հատուցում Մյասնիկյանի շենքի կառուցման կապալի, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և շինարարության տեխնիկական հսկողության աշխատանքների ու ծառայությունների ֆինանսավորման դիմաց։
ՀՀ քաղաքապետարանին ուղղված «Հետքի» հարցմանը Երևանի գլխավոր ճարտարապետի աշխատակազմից տեղեկացրել են, որ «տեղական հուշարձանի կարգավիճակ ունեցող Կամավոր հրշեջ ընկերության շենքի հետ կապված Երևանի քաղաքապետարանը որևէ քաղաքաշինական փաստաթուղթ` քանդման թույլտվություն, ՃՀՃ, նախագիծ, շինթույլտվություն չի տրամադրել»:
Սամվել Մայրապետյանը «Հետքի» հետ զրույցում խոստովանում է, որ դեռ չի որոշել, թե ինչպես պետք է տնօրինի հուշարձան շենքը, քանզի չի ավարտվել հարակից տարածքում ապրող բնակիչների գույքի oտարման գործընթացը:
Պարզվում է` ոչ միայն այդ շենքն է օտարվել Սամվել Մայրապետյանին, այլեւ հարակից շենքերն ու տարածքները, որոնց նկատմամբ դեռևս 2008-ին կառավարությունը գերակա շահ է ճանաչել, և որտեղ հուշարձան համարվող ևս մեկ շենք կա:
Քրիստինե Աղալարյան
hetq.am
Շարունակելի