Բաժիններ՝

Հայաստանյան դպրոցները կկարողանան իրենց ինտերնետային կայքերը ստեղծել 15-20 րոպեում՝ հատուկ ձևանմուշի միջոցով

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կենտրոնական հանգույցում ներկայում տեղադրված են 300-ից ավելի հայաստանյան դպրոցների ինտերնետային կայքեր: Իհարկե, հայաստանյան դպրոցների թիվը շատ ավելին է, սակայն դրանցից ոչ բոլորն ունեն ինտերնետային կայք:

Տեսնելով, որ բազմաթիվ դպրոցներ այսօր ցանկություն ունեն իրենց սեփական կայքերն ունենալու, և դպրոցների համար ինտերնետային կայք ունենալը ներկայում անհրաժեշտություն է, ԿՏԱԿ-ի ջանքերով ստեղծվել է դպրոցական կայքերի ձևանմուշ (template), որը շուտով կտեղադրվի ինտերնետում և հասանելի կլինի բոլոր դպրոցներին: Հենց այդ ձևանմուշի միջոցով էլ դպրոցների մասնագետները կամ ինֆորմատիկայի ուսուցիչներն ընդամենը 15-20 րոպեում կկարողանան ստեղծել դպրոցի ինտերնետային կայքը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը՝ նշելով, որ այս հնարավորությունը դպրոցներին թույլ կտա այլևս տարբեր մասնագետների չդիմել և գումարներ խնայել:

«Մենք արդեն հրատարակել ենք համապատասխան մեթոդական ձեռնարկ, թե ինչպես կարելի է ստեղծել դպրոցական կայքը: Այդ ձեռնարկները ծրագրի փորձնական փուլում նախատեսված է սկզբում բաժանել ավելի քան 100 ավագ դպրոցների, որպեսզի դպրոցները իրենք կարողանան ստեղծել իրենց կայքերը»,- ասաց Ա. Պողոսյանը:

Նրա խոսքով՝ Լոռու և Շիրակի մարզերին արդեն տրամադրել են համապատասխան ձեռնարկը, իսկ ինտերնետային կայք ստեղծելու ձևանմուշին դպրոցները կկարողանան ծանթանալ առաջիկա մեկ ամսվա ընթացքում:

Կարդացեք նաև

Նշենք, որ ներկայում Հայաստանում գործում են ավելի քան 1400 հանրակրթական դպրոցներ, դրանցից, ըստ Ա. Պողոսյանի՝ ինտերնետային կայք ունեն մոտ 40%-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս