ՆԱՏՕ-ի ուժերի մտնելուց հետո Աֆղանստանի Հելմանդ նահանգում ափիոնի արտադրությունն աճել է երեք անգամ. ՄԱԿ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2012 թվականին Աֆղանստանի Հելմանդ նահանգում ափիոնի արտադրությունն աճել է երեք անգամ՝ համեմատած 2006 թվականի հետ, երբ այնտեղ մտան ՆԱՏՕ-ի գլխավորած միջազգային ուժերը:
Այս մասին նշված է ՄԱԿ-ի՝ թմրանյութերի ու հանցագործությունների մասին այսօրվա զեկույցում: Փաստաթղթում ընդգծվում է, որ այն բանից հետո, ինչ Հելմանդը հայտնվեց կոալիցիոն ուժերի վերահսկողության ներքո, նահանգն ըստ էության վերածվեց Աֆղանստանում ափիոնի արտադրման գլխավոր կենտրոնի:
ՄԱԿ-ի փորձագետները կանխատեսել են, որ այս տարի նահանգում հավաքելու են ռեկորդային «բերք»՝ հերոին պատրաստելու հումք: Զեկույցում փաստվում է, որ ամերիկացի ու բրիտանացի զինվորականների ջանքերն արդյունք չեն տվել, ափիոնի պահանջարկն ավելացել է 10 անգամ:
Աֆղան ֆերմերներն ընդգծում են, որ բամբակի գինը շատ ցածր է, այն անգամ չի ծածկում արտադրման ծախսերը: ՄԱԿ-ի տվյալներով՝ ներկայումս նահանգում ափիոն է աճեցվում 75.000 հեկտար հողատարածքում: Դա երեք անգամ ավելին է՝ համեմատած 2006 թվականի հետ:
Հիշեցնենք, որ դեռևս 2008 թվականի օգոստոսի վերջին հրապարակված ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցագործությունների վարչության (United Nations Office on Drugs and Crime, UNODC) տարեկան զեկույցում նշված էր, որ աշխարհի և ոչ մի երկիր, չհաշված 19-րդ դարի կեսերի Չինաստանը, չի արտադրում այնքան թմրանյութ, որքան ժամանակակից Աֆղանստանը:
UNODC-ի տվյալներով, համաշխարհային շուկայում հայտնված ափիոնի 90 տոկոսն ունի աֆղանական ծագում: Գերմանացի քաղաքագետ Վիլյամ Էնգդհալի կարծիքով, ամերիկյան զինուժը Աֆղանստանում է գտնվում նաև այն նպատակով, որ վերահսկի ափիոնի աճեցման և առաքման աշխարհի ամենախոշոր աֆղանական շուկան, և թմրանյութերն օգտագործի հատկապես Ռուսաստանի դեմ, իսկ ստացված գերշահույթներն ուղղի ճգնաժամից տուժած ամերիկյան ֆինանսական համակարգի վերականգնմանը։
2001 թվականին Թալիբանի վարչախմբի իշխանության օրոք Աֆղանստանում հավաքում էր ընդամենը 185 տոննա ափիոն, իսկ դրանից 8 տարի անց` 43 անգամ ավելի՝ 8000 տոննա։
UNODC-ի 2009 թվականին հրապարակած տվյալներով, Ռուսաստանը դարձել է հերոինի խոշորագույն շուկա՝ սպառելով այդ թմրանյութի տարեկան արտադրանքի 20 տոկոսը։ ՄԱԿ-ի տվյալներով, վերջին 10 տարում թմրամոլների թիվը Ռուսաստանում աճել է 10 անգամ `հասնելով 1,5 միլիոն մարդու։
Ռուսաստանում տարեկան օգտագործում են 75-80 տոննա հերոին, այսինքն՝ ավելի շատ, քան Չինաստանը (45 տոննա), ԱՄՆ-ը ու Կանադան (20 տոննա) միասին, իսկ թմրանյութերի գնման համար Ռուսաստանում ծախսվում է 13 միլիարդ դոլար: