Ո՞վ է Հայաստանի խոշորագույն օլիգարխը

Որքանո՞վ են համեմատելի գործարարներ Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը` որպես օլիգարխ: Այսօր կայացած մամլո ասուլիսում այս հարցը տվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանին:

«Որպես օլիգարխ` իմաստ չունի համեմատել, որովհետև օլիգարխները բոլորը նույնն են: Որպես մարդ` դե գիտեք, մեկն ավելի գեր է, մյուսը` մի քիչ պակաս»,- ի պատասխան ասաց Աշոտ Մանուչարյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿԿ) առաջին համագումարում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, խոսելով բուրժուա-դեմոկրատական հեղափոխության մասին, նշեց խոշոր օլիգարխիան իշխանությունից անջատելու անհրաժեշտության մասին` ասելով. ««2008 թվականին Խաչատուր Սուքիասյանն ո՞վ էր, նորից խոշոր բուրժուազիայի, օլիգարխիայի մասը, ում նկատմամբ նույնպիսի վերաբերմունք կար, ինչպես մյուսների նկատմամբ: Բայց եկավ բացահայտ միացավ մեր շարժմանը, ոչինչ չստացավ դրա դիմաց, հակառակը՝ իշխանությունն առաջին հարվածը հասցրին իրեն՝ պարզապես սնանկացրին այդ մարդուն… Այսօր նույն ճանապարհն է ընտրել Գագիկ Ծառուկյանը…»,- ասաց ՀԱԿ առաջնորդը:

Ասուլիսում Մանուչարյանն ավելի մանրամասն խոսեց այն աշխարհի մասին, որը, ըստ նրա, կարող է ստեղծել «տնտեսական մարդը` իր բարձրագույն դրսևորումով` օլիգարխով»:

Կարդացեք նաև

Մենք ունենք «Հանրապետական» օլիգարխիական միավորում, ունենք «Բարգավաճ» օլիգարխիական միավորում և «Օրինաց» օլիգարխիական միավորում: Ժողովուրդը պետք է հասկանա` այս երեք միավորումներն անգամ իշխանության մոտ չեն կարող լինել: Եթե մի օլիգարխ կա կուսակցության մեջ, այդ կուսակցության մասնակցությունը պետություն ձևավորող միջոցառմանը պետք է դիտարկվի որպես պետական հեղաշրջում, որովհետև փողի շահույթ ունեցողն իրավունք չունի որևէ ազդեցություն ունենալ պետական լծակի, նա քայքայում և ոչնչացնում է պետությունը, ինչպես այսօր ոչնչանում է Հայաստանը: Ես բացահայտեցի Հայաստանի ոչնչացման հիմնական մեխանիզմը, Երևանի ոչնչացման հիմնական մեխանիզմը: Երևանը նույնպես օլիգարխիայի ձեռքում է»,- ասաց նա:

Աշոտ Մանուչարյանը գտնում է, որ դժվար է ասել, թե օլիգարխներից «ով ինչքան է տարել» կամ «կողոպտել»:

«Հայաստանի խոշորագույն օլիգարխը «Բարգավաճ Հայաստանի» թիկունքում թաքնված երկրորդ օլիգարխն է, ով առերևույթ չկա, բայց նա առկա է, և որպեսզի այդ կուսակցությունը դառնա քաղաքական ուժ, ոչ միայն պետք է պարոն Ծառուկյանը դադարեցնի այդ կուսակցությունում իր մասնակցությունը, այլ նաև պետք է ապահովի երկրորդ թաքնված օլիգարխի ներկայացուցչական կազմի ներկայությունն այնտեղ: Ես նկատի ունեմ պարոն Օսկանյանին և նրա թիմը: Ես հիմա պարոն Օսկանյանին չեմ դիտարկում որպես փորձ, հմտություն, իմաստություն կուտակած մարդ, նա կարող է հսկայական գիտելիքներ ունենալ և շատ օգտակար լինել, բայց նա պետք է անհապաղ հեռանա քաղաքականությունից, որովհետև այսօր նա սպասարկում է թաքնված օլիգարխի»,- ավելացրեց Մանուչարյանը:

Հարցին` արդյոք նկատի ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՞ն, Մանուչարյանը պատասխանեց դիվանագիտորեն. «Ես ասացի այն, ինչ ասացի»:

Տեսանյութեր

Լրահոս