Լևոն Տեր-Պետրոսյան. 2008 թվականին Խաչատուր Սուքիասյանն ո՞վ էր. նորից խոշոր բուրժուազիայի մաս
ՀԱԿԿ համագումարում այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձավ նաև ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին խոսակցութուններին՝ ասելով. «Շատերը սվիններով դիմավորեցին մեր այն գաղափարը, թե ինչպե՞ս կարելի է հանկարծ ԲՀԿ-ի հետ համագործակցել, չէ՞որ նրանք, չէ՞որ նրանք…»:
Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «ի՞նչ վատ բան էր, եթե կարողանայինք պոկել այսօր մեկին, մյուս օրը՝ մյուսին»:
«Քանի դեռ խոշոր բուրժուազիան ու իշխանությունը սերտաճած են, ոչ մի հնարավորություն գոյություն չունի այս երկրում բան փոխելու: Մի կարծեք, որ մենք հաջողությունների չենք հասել այս առումով: Գոնե մենք կարողացել ենք մարդկանց մեջ կասկածներ սերմանել: 2008 թվականին Խաչատուր Սուքիասյանն ո՞վ էր, նորից խոշոր բուրժուազիայի, օլիգարխիայի մաս, ում նկատմամբ նույնպիսի վերաբերմունք կար, ինչպես մյուսիների նկատմամբ: Բայց եկավ բացահայտ միացավ մեր շարժմանը, ոչինչ չստացավ դրա դիմաց, հակառակը՝ իշխանությունն առաջին հարվածը հասցրին իրեն՝ պարզապես սնանկացրին այդ մարդուն»,-մասնավորեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանը:
ՀՀ առաջին նախագահի դիտարկմամբ՝ այսօր նույն ճանապարհն է ընտրել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը. «Փոխանակ անեն ամեն ինչ, որ գնալով դա խորանա, նպաստեն պրոցեսին, իսկ այդ մարդը որևէ քայլ չարեց, որ կասկածներ հարցուցի, որ ուզում է պոկվել իշխանությունից, չեմ ասում ամբողջապես պոկվել է, բայց գործում է, գնում է այդ ճանապարհով: Նրա բոլոր քայլերը դա են ցույց տալիս. նա դուրս եկավ կոալիցիայց, չսատարեց Սերժ Սարգսյանին, չմասնակցեց նրա երդմնակալությանը, այսօր էլ պատրաստ է ավագանու ընտրություններում ճակատ տալ: Ինչպե՞ս կարելի է մի ուժ, որը նպաստում է մի չարիքի դեմ պայքարին, չարիքի թուլացանը, այդպես վանել: Ես չեմ բացառում, որ առաջիկա ավագանու ընտրություններում լուրջ հարված ստանալու է հենց ԲՀԿ-ն, որովհետև Սերժ Սարգսյանը զգում է այդ վտանգը, ու թույլ չեն տալու ունենալ հաջողությունը, ինչ, ասենք՝ խորհրդարանական ընտրություններում»:
Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով, ավագանու առաջիկա ընտրություններում «ժառանգության» նկատմամբ ևս Սերժ Սարգսյանի վերաբերմունքը փոխվել է: Ըստ նրա՝ «Ժառանգությունը» չի ստանալու այն տոկոսները, ինչ նախագահական ընտրություններում էր:
«Սերժ Սարգսյանը շատ հիշաչար մարդ է ու երբեք չի ներելու Գագիկ Ծառուկյանին՝ երկու տարվա անկախ կուսակցական քայլերի համար, թույլ չի տալու, որ ԲՀԿ-ն ավելի ամրապնդվի ու քաղաքական լուրջ գործոն դառնա Հայստանում: Նույնը Րաֆֆիի նկատմամբ. թվում է՝ նրան ձեռք էր տալիս, որ ընդդիմության առաջնորդ դառնա Րաֆֆի Հովհաննիսյանը, փողոցը վերցնի իր վերահսկողության տակ, բայց նրա 37 տոկոս ձայները չեն կրկնվելու, որովհետև դա այնպիսի փաստ է, որ հարյուր տարի էլ անցնի՝ մնալու է որպես պատմական փաստ: Իսկ նա հաղթել է: Մենք եղել ենք միակ քաղաքական ուժը, որն անվերապահորեն ասել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է»,- հայտարարեց նա:
Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաև իր քննադատներին, այն մարդկանց, ովքեր հարցադրումներ են հնչեցնում, թե՝ ինչո՞ւ հրապարակում չեք, ինչո՞ւ չեք միանում, ինչո՞ւ չեք միանում ժողովրդին:
«Մերոնք էլ անհարմար վիճակների մեջ են մտնում, կոմպլեքսավորվում են այս հարցերից: Պետք չէ բացարձակապես: Չեմ ուզում Րաֆֆի Հովհաննիսյանին բացասական կամ հեգնական գնահատական տալ: Չի կարելի: Երբ մեկը բարիկադների վրա է, նրան չի կարելի նման դիտողություններ անել: Բայց երբ ասում են՝ ինչո՞ւ չեք միանում. նախ՝ ասեմ, որ ՀԱԿ-ը միակ ուժն է, որ հստակ ասել է, որ Րաֆֆին է հաղթող և ոչ թե Սերժ Սարգսյանը: Սա քաղաքական առումով ամենամեծագույն բանն է: Երկրորդը՝ մեր ակտիվիստների մեծագույն մասը միշտ եղել են հրապարակում: Հրապարակի կեսը հենց Կոնգրեսի համակիրներն են եղել: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու ղեկավարությունը չմիացավ…
Մոդայիկ հարց կա այստեղ, որը շրջանառության մեջ է դրել հարգարժան Սերժ Սարգսյանը՝ միանայի՝ ի՞նչ անեի, միանայի, որ գնայի Վովա Գասպարյանի հետ աղոթե՞ի: Կներեք, ուզում եք հավատացեք, թե չէ՝, Վովայի հետ աղոթելը իմ մանկության երազանքը չի եղել: Հիմա մի քիչ ավելի լուրջ: Թող բոլորը հասկանան, որ մենք քաղաքական կուսակցութուն ենք, ուժ ենք, մենք միանում կամ աջակցում ենք բացառապես քաղաքական պրոցեսներին: Կլինի քաղաքական պրոցես, մենք միշտ այնտեղ ենք, չի լինի՝ մենք այնտեղ չկանք: Հետընտրական շրջանում մենք տեսանք ամեն ինչ՝ բացի քաղաքական պրոցեսից: Հիմա էլ քաղաքական պրոցես ասելով հասկանում եմ ընտրությունները»:
Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով՝ ՀԱԿԿ-ն հավակնություններ չի ունեցել քաղաքապետ դառնալու, պատրաստ են եղել ամբողջ ուժերը ներդնել միասնական ճակատի ձևավորման գործում:
Նա նշեց, որ դեռ հնարովորություն կա միասնական քաղաքական պրոցես տանելու՝ բայց առանց կշտամբանքների, ակնարկների: Առաջին նախագահն առաջարկեց միասնական մեխանիզմ ստեղծել՝ ընտրությունները վերահսկելու ու դրանից հետո համագործակցելու համար: Մասնավորեցնելով առաջիկա ավագանու ընտրությունները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց չանձնավորել դրանք ու առանձնացրեց Տարոն Մարգարյանին. «Տարոնն ինձ համար անձ չէ, նա համակարգի խամաճիկն է: Ով էլ նշանակվի համակարգի կողմից, Տարոնից լավը չի լինելու, իսկ մենք պայքարում ենք համակարգի դեմ և ոչ անձերի»: