Շահեն Պետրոսյան. Վերջին 5 տարվա մեջ առաջին անգամ ծափահարում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին
«Վերջին 25 տարվա մեջ ես առաջին անգամ ծափահարել եմ դաշնակցականի, և վերջին 5 տարվա մեջ առաջին անգամ ծափահարում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով «Հայ ազգային կոնգրես» կուսակցության (ՀԱԿԿ) համագումարի մասին՝ կեսկատակ-կեսլուրջ ասաց ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը, ով նույնպես ներկա է եղել համագումարին:
Ի դեպ, մենք հետաքրքրվեցինք, թե արդյոք նա նո՞ւյնպես դարձել է նորաստեղծ կուսակցության անդամ, ինչին ի պատասխան՝ նա, կրկին կատակելով, ասաց. «Այո՛, բայց ոչ թե ավտոմատ, այլ «պուլիմյոտ», քանի որ ավտոմատին դեմ եմ»:
Հիշեցնենք, որ 168.am-ի հետ վերջին հարցազրույցում Շ. Պետրոսյանը նշել էր, որ դեռևս չի որոշել, թե արդյո՞ք անդամագրվելու է նոր կուսակցությանը, և չի՞ ցանկանում ՀՀՇ անդամից ավտոմատ կերպով դառնալ նոր կուսակցության անդամ: Շ. Պետրոսյանն ասաց, որ հիմա իրեն կարող են մեղադրել ոչ սկզբունքային լինելու մեջ, սակայն, եթե չանդամագրվեր ՀԱԿԿ-ին, միևնույն է, աջակցելու էր դրա վարած քաղաքականությանը:
Մեկնաբանելով ՀԱԿԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը՝ Շահեն Պետրոսյանն արձանագրեց, որ կուսակցության առաջնորդն ընդգծել է «այս ավազակապետության» կազմաքանդման անհրաժեշտության մասին՝ նշելով դրա ուղիները:
Ըստ Շահեն Պետրոսյանի՝ այն, ինչ չհաջողվեց անել Տեր-Պետրոսյանին 2008 թվականին, երբ նա ընդդիմության առաջնորդ էր, նա փորձում է անել այսօր, չնայած հիշեցրեց, որ 2008-ի փետրվարի 26-ին արդեն իրենց էին միացել պատգամավորներ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ, երկրապահներ և այլք, որի վտանգը զգալով՝ «իշխանությունը դիմեց բռնի ուժի՝ Մարտի 1-ի»:
«Պայքարի գաղափարախոսությունից կամ փիլիսոփայությունից ոչինչ չի փոխվել այս 5 տարվա մեջ, նույնը շարունակվում է»,- նշեց նա:
«Լևոնի ակնարկը հետևյալն էր՝ «ես բացում եմ ճանապարհ. այն, ինչ ինձ չհաջողվեց, երբ ես ասում էի, որ 2-3 տարով եմ գալիս իշխանության, որ քանդեմ ավազակապետական համակարգը, դառնամ նորմալ ընտրությունների երաշխավոր, որից հետո՝ ով ուզում է, թող ընտրվի»: 2008 թվականին այսպիսին էր նրա ծրագիրը: Հիմա նա ասում է հետևյալը՝ «մենք այս պայքարով մաքրում ենք դաշտը, ով ուզում է՝ թող ընտրվի», այսինքն՝ նրա խոսքում ակնարկ կա, որ ինքը չի հավակնում նորից իր թեկնածությունն առաջադրելու, բայց պատրաստ է պայքարելու մինչև վերջ»,- ասում է նախկին ՀՀՇ-ական, ներկայումս՝ ՀԱԿԿ անդամ Շահեն Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի կողմից առաջադրված սոցիալ-լիբերալիզմի գաղափարախոսությանը, Շ. Պետրոսյանը կարծում է, որ դրանով ցանկություն կա «քարանձավային, կապիտալիստական հարաբերություններից» միանգամից թռիչք կատարելու դեպի քաղաքակիրթ, սոցիալ-լիբերալիզմի համակարգին՝ այն, ինչին այսօր գնում է Եվրոպան:
Իսկ կուսակցության քաղաքական գծի, մասնավորապես՝ Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծության», այսինքն՝ «Բարգավաճ Հայաստանին» և մյուս, ինչպես Տեր-Պետրոսյանը բնութագրեց, «խոշոր բուրժուազիայի, օլիգարխիայի մաս կազմող» ուժերին իշխանությունից պոկելու քաղաքական կուրսի շարունակման մասին Շ. Պետրոսյանն ասաց. «Տեր-Պետրոսյանն այսօր այդ մասին ասաց, որ մեր խնդիրը ոչ թե այն է, որ նա անմիջապես վազի, գա-միանա ինչ-որ մեկին, պարզ է՝ խանդի, ամբիցիաների խնդիր կա: Նա ասաց, որ կարևորը՝ մի փուլ անցել է, այսինքն՝ համենայն դեպս, «Բարգավաճն» այսօրվա դրությամբ երկու քայլ է արել Սերժ Սարգսյանին, և ոչ միայն «Բարգավաճը», «Ժառանգությունն» էլ, Դաշնակցությունն էլ: Միայն ՕԵԿ-ն է հլու-հնազանդ մնացել այնտեղ»:
Մեր հարցին, թե արդյոք ինքը չի՞ բացառում, որ նույն ԲՀԿ-ն այսօր իշխանությանը պետք է ոչ թե իշխանության, այլ ընդդիմության մեջ, Շ. Պետրոսյանը պատասխանեց այսպես. «Ոչինչ չի բացառվում, ոչ թե ես, այլ ընդհանրապես քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, ամեն ինչ էլ հնարավոր է»:
Ըստ նրա՝ Լևոն Տեր-Պետրոսյանի 2011 թ. ելույթից հետո, երբ նա հնչեցրեց իր հայտնի «քաղաքագիտական վերլուծության» դրույթները, ԲՀԿ-ի քայլերը ցույց են տալիս, որ նա կամաց-կամաց հեռանում է իշխանությունից, սակայն միանգամից չի կարող, քանի որ նա եղել է կոալիցիայի մեջ և նույնպես կրում է պատասխատվություն:
Հարցին, թե արդյո՞ք նման քաղաքական որակներ ունեցող ուժից՝ ԲՀԿ-ից, հավատում է, որ այն կարող է իսկապես դառնալ ընդդիմություն, Շ. Պետրոսյանը պատասխանեց. «Անձամբ ես չեմ հավատում»:
Շարունակելով՝ ՀԱԿԿ անդամն անցում կատարեց նաև առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին՝ մատնանշելով այն փաստը, որ Երևանի ընտրական տարածքների հանձնաժողովների նախագահների գրեթե կեսը Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգության», Դաշնակցության և ԲՀԿ-ի անդամներն են:
«Դա քիչ նվաճում չէ, դա վերահսկողության շատ մեծ հնարավորություն է: 2008 թ. մենք ընդհանրապես նույնիսկ հանձնաժողովի անդամ չունեինք, և այդ պայմաններում մենք կարողացել ենք նման արդյունքի հասնել»,- ասաց Շ.Պետրոսյանը:
«Եթե մենք կարողանանք այս փուլում այդ միահեծան, այսպես ասած, նեոբոլշևիկներին զրկել, դա մեր հիմնական նպատակն է: Դուք տեսնում եք, որ այս իշխանությունները բոլոր հարցերում գնում են դեպի ձախողում. ես արդեն երկու շաբաթ խոսում եմ Քաղավիացիայի խնդիրների մասին, և չկա որևէ ռեակցիա կառավարության կամ իշխանությունների կողմից,- շարունակեց Շ.Պետրոսյանը,- Այդ պատճառով՝ ովքեր մտածում են այս երկրի զարգացման մասին, պետք է առաջին հերթին վերացնեն էս միահեծան նեոբոլշևիկներին, վերացնել՝ իհարկե, քաղաքական իմաստով»: