««Դաղալների» հետ բանակցելն անիմաստ է, քեզ միշտ կխաբեն»
ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը, 168.am-ի հետ խոսելով «Արմավիա» ավիաընկերության կողմից չվերթերը դադարեցնելու մասին այսօրվա հայտարարության, ապրիլի 22-ին պետության հետ նրա պայմանագրի ավարտի և ընդհանրապես Հայաստանի ավիացիայի այսօրվա վիճակի մասին, առաջարկեց խնդրի լուծման իր տարբերակը` նշելով, որ «Արմավիայի» հետ պայմանագիրը պետք է չերկարաձգվի, կառավարությունը պետք է «Արմավիայում» անցկացնի հստակ աուդիտ` ինչի՞ շնորհիվ են այդ պարտքերը գոյացել և ի՞նչ պատճառներով, այնտեղ պետք է ստեղծվի սնանկացման հանձնաժողով, և գնա քննություն, թե ինչի՞ պատճառով է ամենաեկամտաբեր ոլորտը հանկարծ այս վիճակում հայտնվել: Շահեն Պետրոսյանը մանրամասնորեն անդրադարձավ այսօր ավիացիայում առկա բոլոր խնդիրներին` ընդգծելով ոլորտի կառուցվածքային ազատականացման անհրաժեշտության մասին: Ըստ նրա` ՀՀ կառավարությունը պետք է իր վրա վերցնի չվերթերի վերահսկողությունը, 100 տոկոս պետական մասնաբաժնով վերականգնի «Հայկական ավիաուղիներ» ընկերությունները, այնուհետև քայլ առ քայլ սկսի դրա մասնավորեցումն այնպես, որպեսզի ամբողջ ժողովուրդը մասնաբաժին ունենա դրանից, սակայն այդ դեպքում ավիաընկերության վերահսկիչ փաթեթը որևէ մեկի ձեռքում պետք է չհայտնվի: «Աշխարհն այդ փորձն ունի, և ամենակարևորը` վերահսկիչ փափեթը որևէ մեկի ձեռքում պետք է չլինի: Սա կառավարման ամենաժողովրդավարական ձևն է: Երբ ընկնում է մի մարդու ձեռքը, նա մնացածին պարզապես խժռում է, իսկ մեր երկրում գիտենք` ինչպես է այդ ամենը կատարվում»,- ասաց Շ. Պետրոսյանը: Մենք փորձեցինք դիտարկել հարցի քաղաքական կողմը` հետաքրքրվելով, թե նրա առաջարկած բարեփոխումները հնարավո՞ր են ներկայումս Հայաստանում գործող քաղաքական և տնտեսական տրամաբանության պայմաններում, ինչին ի պատասխան՝ նա ասաց.
«Ես չեմ հավատում: Շատերը խոսում են, որ «սենց, սենց, սենց, ստիպված է լինելու փոփոխություններ կատարել, 540 հազար բողոքական զանգված կա», և այլն, բայց ես Սերժ Սարգսյանի ելույթից հասկացա, որ նա ոչ մի փոփոխություն էլ չի ուզում անել: Այսինքն` շատ լավ ա, էլի, ի՞նչ ա էղել, կամաց-կամաց գնում ենք առաջ, Եվրոպան մեզ արդեն դարձրել է ասոցիացված անդամ…»: «Վերջերս շատ եմ լսում այդ Եվրամիության հետ ասոցիացման պայմանագրի մասին, բայց դա ընդհանուր քաղաքականություն է, մեր սիրուն աչքերի համար չի: Բայց դրանից սարքել դրոշակ, ասել, թե մենք լավ քաղաքականություն ենք վարում, դրա համար է այդպես եղել, այդպես չէ»:
– Այսինքն, ըստ Ձեզ՝ հայտնի ասուլիսում նախագահ Սերժ Սարգսյանի կողմից տրված գնահատականներն ադեկվատ չէի՞ն երկրում տիրող իրավիճակին:
– Դե, խնդրեմ, ինքն ասաց, որ «ԱԺ-ումօլիգարխներ չկան, ախպեր ջան» (ծիծաղում է,- Ա.Ս.): Բա որ կանգնի բացահայտ սուտ ասի, հետո մարդիկ կհավատա՞ն իրեն: Թող ճիշտն ասեր, թող ասեր`«ես ամեն ինչ ուզում էի անել, չստացվեց, օլիգարխները գնացին, մեծամասնականով ընտրվեցին, ես ի՞նչ կարողեմ անել»: Ասում է` Լֆիկն օլիգարխ չի, ու մյուս օրը մեկ ուրիշը հարցազրույցում ասում է «դե, թող «Կարֆուրը» գա, Լֆիկն իրա տարածքները կծախի»: Բա էդ տարածքները որտեղի՞ց, եթե օլիգարխ չի: Երբ սուտը հեռուստատեսությամբ, ամբողջ աշխարհով մեկ է հնչում, ինչպե՞ս կարող ես հավատալ:
– Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև սկսված նամակագրությունը շատերը համարեցին երկխոսության սկիզբ իշխանության և ընդդիմության միջև: Ընդհանրապես, ճի՞շտ եք համարում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից առաջարկված փաթեթը, Սերժ Սարգսյանը կգնա՞ զիջումների` հաշվի առնելով այն, որ գործող նախագահը, ողջունելով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից առաջարկները թղթին հանձնելը, այնուամենայնիվ, դրանք համարում է սահմանադրական կարգավորումներին հակասող, «հում» շարադրանքով, և այլն:
– Այն, որ ցանկություն կա բարեփոխումների, բոլորն են խոսում, այդ թվում` իշխանությանը մաս կազմող մարդիկ, ովքեր ճոռոմ-ճոռոմ հայտարարում են, թե՝ «իհարկե, մենք անում ենք բարեփոխումները, շարունակում ենք 4-րդ, 6-րդ սերնդի բարեփոխումները …», կարծես թե «iphone» են սարքում: Տարրական բարեփոխումներ են պետք, վերահսկողական որոշ ֆունկցիաներ պետք է տալ ընդդիմությանը: Նույն բանն այժմ Րաֆֆին է ասում, այսինքն` նա ունի այսքան ձայն` պաշտոնական թվերով (ոչ պաշտոնականով բոլորս էլ գիտենք` ինչ է կատարվել), և պետք է ստանա վերհսկողական որոշակի փաթեթ:
– Բայց չէ՞ որ Սերժ Սարգսյանն ասաց, որ չի կարող պարտադրել պատգամավորներին հրաժարվել իրենց մանդատներից: Այդ դեպքում` ինչպե՞ս են հնարավոր արտահերթ ԱԺ ընտրությունները, հետևաբար` Հովհաննիսյանի համալիր պահանջի կատարումը:
– Սահմանադրությանը համապատասխանելու տեսակետից` երբ իրենց ձեռնտու է, իրենք խախտում են Սահմանադրությունը, երբ ձեռնտու չէ, ասում են` Սահմանադրությամբ նման բան նախատեսված չէ: Այդպես է սկզբունքը: Եթե Սերժ Սարգսյանի մոտ կամք լինի, իսկ ես այդ կամքը չեմ տեսնում, նա կգնա այդ զիջումներին: Բայց մեկ այլ խնդիր էլ կա` չկա իրականացնող, նախարարություններում մասնագետ չկա, չգիտեն` ինչ են անում, պարզապես աթոռ է` նստած են իրենց համար, ելույթներ են ունենում, և այլն: Այն, որ վիճակը շատ վատ է, իրենք էլ են հասկանում, բայց դե իրենք վայելում են, պատճառն այս գավառական մոտեցումն է, նրանք ոչ թե իշխում են, այլ վայելում են:
– Իսկ Դուք` որպես «Հայ ազգային կոնգրեսի» անդամ…
– Ես դեռ ՀԱԿ անդամ չեմ:
– Այսինքն` դեռ չե՞ք անդամակցել նոր կուսակցությանը:
– Չգիտեմ, դեռ չեմ որոշել: Ինձ ո՛չ որևէ մեկը դիմել է, ո՛չ հարցրել է…
– Բայց ՀՀՇ անդամները կարծես ավտոմատ պետք է դառնան «ՀԱԿ» կուսակցության անդամ:
– Ես չեմ ուզում ավտոմատ լինի, ես դրան դեմ եմ: Պետք է մարդուն հարցնել` ուզո՞ւմ ես, թե՞ չես ուզում, ներկայացնել` իրենք ի՞նչ են ուզում անել: Վերջիվերջո, ես այնտեղ վերջին մարդը չեմ: Ես պայքարի մեջ եմ առաջին օրվանից` 88 թ. փետրվարի 20-ից: Ես մինչև 1998 թ. եղել եմ ՀՀՇ վարչության անդամ, այսինքն` հիմնադիրներից մեկն եմ: Հիմա որպես հիմնադիր անդամ` ինձ ոչ ոք չի հարցնում, մտածում են` ես ավտոմա՞տ կլինեմ: Ես էլ ինքնասիրություն ունեմ, արժանապատվություն ունեմ, ես չեմ ուզում այդպես:
– Չե՞ք գնալու «ՀԱԿ»-ի առաջին համագումարին:
– Չգիտեմ, ինձ ոչ ոք չի հրավիրել: Ինձ ոչ հրավիրատոմս են ուղարկել, ոչ էլ մանդատ: Նույնիսկ չգիտեմ` երբ է այն լինելու: Իսկ իմ տեղը բոլորն էլ գիտեն: Այդ պատճառով` ես դեռ ոչինչ չեմ որոշել: Ամեն դեպքում՝ կաջակցեմ:
– Իսկ ըստ Ձեզ, Րաֆֆի Հովհաննիսյանի նամակ-առաջարկի երկրորդ մասը` «իշխանության կիսում ժողովրդի հետ», իրավիճակի ավելի պրագմատիկ գնահատականի՞ արդյունք էր:
– Ոչ թե իշխանության կիսում, այլ իշխանության ինչ-որ չնչին մասի տրամադրում: Ես այդպես եմ պատկերացնում, և այդպես էլ լինելու է, այսինքն` բանակցությունների արդյունքում մի չնչին բան են իրենց տալու, չեմ ասում` պաշտոն են տալու, վերահսկողական ինչ-որ լծակներ:
– Իսկ այս երկխոսությունը Ձեզ չհիշեցրե՞ց 2011 թ. ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը, որի ավարտը բոլորին է հայտնի:
– Այնտեղ փոքր-ինչ ուրիշ էր իրավիճակը: Ժողովրդական լեզվով ասած` իշխանությունը «դաղալություն» արեց. կրկին նույն բանն էր լինելու` բանակցությունների արդյունքում ՀԱԿ-ը պետք է ստանար ինչ-որ վերահսկողական ֆունկցիաներ, սակայն իրենք այդ ընթացքում շինծու գործով ձերբակալեցին մեր տղաներին` Տիգրան Առաքելյանին և մյուսներին, և օգտագործեցին մեր դեմ: Այդ պատճառով` ՀԱԿ-ը ստիպված դուրս եկավ բանակցություններից, որովհետև «դաղալների» հետ բանակցելն անիմաստ է, քեզ միշտ կխաբեն: Իրենց համար նույնիսկ բանակցւթյուններն են «ղումար»:
– Իսկ ի՞նչ երաշխիքներ կան, որ իշխանությունն այս անգամ էլ, այսպես ասած, «դաղալություն» չի անի:
– Ոչ մի երաշխիք չկա, որովհետև իրենք միշտ էլ «դաղալ» են եղել, քանի որ անձնական շահ ունեն: Նույնիսկ կամքի դեպքում, եթե ազնիվ լինեն, մյուս գործող անձինք, ում նախագահը կհանձնարարի զբաղվել տվյալ խնդրով, նրանք խարդախություն կանեն: Այսինքն` այստեղ նաև շրջապատի խնդիր կա: Պետք է լինի ամբողջ կառույցի կամքը: