PKK-ի անդամները ցանկանում են այցելել Օջալանին
Kurdistan.ru-ի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) փաստացի (Հյուսիսային Իրաքում PKK-ականների) առաջնորդ, «Քրդստանի համայնքների միության» (KCK) գործադիր խորհրդի նախագահ Մուրադ Քարայըլանը (թարգմանաբար՝ սև օձ) միջազգային լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի իշխանությունների հետ տարվող խաղաղության բանակցություններին.
«PKK-ն 1993 թվականից 9 անգամ հրադադար է հայտարարել: KCK-ն դեռ որոշում չի ընդունել Թուրքիայի սահմանները լքելու մասին: KCK-ն պետք է շփման մեջ լինի Օջալանի հետ՝ պահովելու համար բանակցային գործընթացի շարունակությունը: Ինչո՞ւ KCK-ի անդամները չայցելեն Իմրալի (ուր 1999 թվականից ցմահ ազատազրկում է կրում PKK-ի հիմնադիր ու առաջնորդ Աբդուլլահ Օջալանը), եթե կա դրա կարիքը:
Մեր շարժումը ցանկանում է հաղթահարել բոլոր խնդիրները և իրավիճակը չտանել դեպի փակուղի: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է 15-20 օր՝ Օջալանի հետ շփման մեջ մտնելու համար, քանի որ նրա հետ յուրաքանչյուր շփում կամ հանդիպում ունենալու համար անհրաժեշտ է ստանալ վարչապետի ու Արդարադատության նախարարի թույլտվությունը:
Այդ համակարգը զգալիորեն դանդաղեցնում է գործընթացը: Գոյություն ունի այն եղանակի կարիք, որի նմանն օգտագործվել է ՀԱՀ-ում խնդրի լուծման ժամանակ: Առաջնորդի մեկուսացումը չի նպաստում առողջ շփմանն ու առաջընթացին: Որոշումը կարող է ընդունվել ավելի հեշտ, եթե Նելսոն Մանդելայի գործընթացի օրինակին հետևի նաև Թուրքիան»:
Հիշեցնենք, որ թուրքական կողմը KCK-ն համարում է PKK-ի քաղաքացիական թևը: 2009 թվականի ապրիլից մեկնարկել է KCK-ի գործի շրջանակներում ձերբակալությունների ալիքը, որի շրջանակներում արդեն իսկ կալանավորել է մոտ 8000 մարդու: Այդ անձինք մեղադրվում են PKK-ի օգտին քարոզչություն իրականացնելու մեջ: Քրդական կողմը KCK-ի գործով ձերբակալությունները որակում է որպես «քաղաքական ցեղասպանություն»: