Մարգարետ Թետչերի հուղարկավորությունն արժենալու է մոտ 6 միլիոն ֆունտ սթեռլինգ
Բրիտանական The Daily Telegraph պարբերականի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի հուղարկավորությունն արժենալու է մոտ 6 միլիոն ֆունտ սթեռլինգ: Այդ ծախսերի մի մասը վճարվելու է Թետչերի ունեցվածքից, իսկ մյուս մասը՝ բրիտանական պետբյուջեից:
Թետչերի հուղարկավորությունը տեղի է ունենալու ապրիլի 17-ին, իսկ երեկ հուղարկավորության նախապատրաստման հանձնաժողովն անցկացրել է իր առաջին նիստը: Դրանում որոշվել է, որ Թետչերին հրաժեշտ տալու արարողակարգին մասնակցելու են բրիտանական բանակի ու նավատորմի այն ստորաբաժանումները, որոնք մասնակցել են 1982 թվականին Արգենտինայի դեմ մղված Ֆոլկլենդյան պատերազմին:
Բացի այդ, դրան ներկա կգտնվի թագուհի Ելիզավետա 2-րդը և նրա ամուսին, Էդինբուրգի դուքս Ֆիլիպը: Վերջին անգամ պետության ղեկավարը վարչապետի հուղարկավորությանը ներկա է գտնվել 1965 թվականին, երբ հուղարկավորում էին Ուինսթոն Չերչիլին:
Հուղարկավորության ժամանակ ուժեղացվելու են Լոնդոնում և մերձակա արվարձաններում կարգուկանոն հաստատող ուժերը: Իրավապահները մտավախություն ունեն, որ Թետչերի քաղաքական հակառակորդները կարող են սադրանքների գնալ՝ փորձելով տապալել հրաժեշտի արարողությունը:
Նախնական սցենարի համաձայն, հուղարկավորությունից առաջ՝ գիշերը, Թետչերի աճյունը բերվելու է Վեսթմինսթերյան պալատի մատուռ: Առավոտյան այն հեծյալների ուղեկցությամբ Լոնդոնի փակ փողոցներով կփոխադրվի Սուրբ Պողոսի տաճար, ինչից հետո էլ այն կդիակիզվի:
Մարգարետ Թետչերն ուղեղի կաթվածից մահացել է ապրիլի 8-ին, 87 տարեկան հասակում: Բարոնուհի Թետչերը 1979-1990 թվականներին հանդիսացել է Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետը: Նա պատմության մեջ առաջին և միակ կինն է, ով գլխավորել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը:
Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբերի կեսին Թետչերը հայտարարել էր, որ չի ցանկանում, որ իր թաղումը կատարվի այնպես, ինչպես ընդունված է նման դեպքերում: Նա խնդրել էր, որ իր դագաղին մոտ թողնեն միայն մտերիմներին, հատուկ հրավիրված անձանց ու պատգամավորներին, իր ժամանակվա քաղաքական գործիչներին՝ ներառյալ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը:
Թետչերն ընդգծել էր, որ չի ցանկանում՝ կրկնվի Ուինսթոն Չերչիլի թաղման սցենարը, որի դագաղը 1965 թվականին 3 օր դրված է եղել հանրության աչքի առջև ու նրան հրաժեշտ տալու են եկել հազարավոր բրիտանացիներ: