Իրանը չորս ամսում կստեղծի իսլամական «հալալ Google Earth»
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը, ի հակադրություն Google Earth-ի, ստեղծում է իսլամական «հալալ Google Earth»: Այն ստացել է Basir անվանումը: Այս մասին հայտարարել է Իրանի կապի ու տեխնոլոգիաների նախարար Մուհամեդ Հասան Նամին.
«Basir-ը ստեղծվելու է առավելագույնը 4 ամսվա ընթացքում: Google Earth-ի ու Wikipedia-ի նման կայքերի ստեղծման նպատակը մյուս երկրների անվտանգության տեղեկություններին տիրանալու միջոցով գումար վաստակելն է: Մինչդեռ Basir-ի ստեղծման նպատակը ոչ թե շահույթ ստանալն է, այլ՝ աշխարհի ժողովուրդներին հոգևոր-բարոյական ուղղությամբ տանելը:
Basir-ից կարող են օգտվել թե՛ Իրանի սահմաններում, թե՛ Իրանի սահմաններից դուրս: Մուսուլմանները, աշխարհի որ վայրում էլ որ գտնվելիս լինեն, կարող են այս կայքից օգտվելու շնորհիվ գտնել քըբլայի (թե որ կողմի վրա է գտնվում Մեքքան, քանի որ աղոթքի ժամանակ մուսուլմանները նամազ կատարելու համար դեմքով շրջվում են դեպի Մեքքա – 168.am) տեղը»: