Հայտնի է դարձել Odnoklassniki.ru-ի խափանման պատճառը
Ռուսական խոշորագույն սոցիալական ցանցի Odnoklassniki.ru-ի խափանման պատճառը փչացած կոնֆիգուրացիոն ֆայլն է եղել, որի պատճառով ծառայության համակարգը խափանվել է: Այս մասին հայտնում է սոցիալական ցանցի մամլո քարտուղար Մարիա Լապուկը, գրում է Korrespondent-ը:
Ծառայության ղեկավար Իլյա Շիրոկովը հայտնել է, որ կայքի աշխատանքի խափանումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ սոցցանցի բոլոր սերվերներում գործածվել է նոր կոնֆիգուրացիոն ֆայլը, որն «անդառնալի փոփոխություններ» է առաջացրել: Նրա խոսքով՝ փախանման պատճառով 10 րոպեում սերվերային ռեսուրսների օգտագործումը աճել է մինչև 100 %: Սոցցանցի աշխատակիցները ստիպված են եղել սկսել ձեռքով կարգավորել որոշ սերվերների «զգալի մասը»: (Ի դեպ, Odnoklassniki.ru-ն ունի մոտ 5000 սերվեր): Խափանման պատճառով մասնագետները ստիպված են եղել նաև վերականգնել տվյալների պահպանման համակարգը և կրկին սկսել սոցցանցի ծառայությունների մեկնարկը:
Հիշեցնենք, որ սոցիալական կայքը խափանվել էր հինգշաբթի օրը երեկոյան և անհասանելի էր հաջորդ օրվա ընթացքում: Լուրեր էին պտտվում, որ սոցցանցը կարող է ընդհանրապես փակվել: