Ռուս վերջին զինծառայողը Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը կլքի օգոստոսին. Անատոլի Անտոնով
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ ռուս վերջին զինծառայողն Ադրբեջանի տարածքում գտնվող Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը (ՌՏԿ) կլքի օգոստոսին:
Անտոնովի խոսքերով՝ ռուս-ադրբեջանական հանձնաժողովի շրջանակներում շարունակվում է Գաբալայի ՌՏԿ-ի ընդունման-հանձնման հետ կապված աշխատանքները.
«Առաջին փուլը, որն առնչվում է գույքագրմանը, ավարտվել է: Հաջորդ փուլում մեր զինծառայողներն ու բեռները Ադրբեջանի Ներքին զորքերի պահպանության ներքո կուղարկվեն Ռուսաստան: Այդ ողջ գործընթացը պետք է ամբողջովին ավարտվի օգոստոսին»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Անտոնովը հայտարարել էր, որ Գաբալայի ՌՏԿ-ի փակումը ոչ մի կերպ չի ազդի Ռուսաստանի ռազմական անվտանգության վրա:
Ռուսաստանը Գաբալայի ՌՏԿ-ն 10 տարով վարձակալել է 2002 թվականին և տարեկան Ադրբեջանին վճարում էր 7 միլիոն դոլար: Նախորդ տարվա դեկտեմբերին այդ պայմանագրի սպառվելու պատճառով Ռուսաստանը ցանկանում էր այն երկարաձգել մինչև 2025 թվականը, սակայն ադրբեջանական կողմը մոտ 43 անգամ բարձրացրեց վարձավճարի չափ՝ այն հասցնելով մինչև տարեկան 300 միլիոն դոլարի:
Դա Ռուսաստանին ստիպեց նախորդ տարեվերջին հրաժարվել այդ ՌՏԿ-ից և հենվել Արմավիրի (Կրասնոդարի երկրամաս) ՌՏԿ-ի վրա: