«Մարդիկ հակված են կրկնօրինակել ու 100 անգամ նույն բանի մասին երգել»
168.am-ի զրուցակիցը «Eva Rock Band»-ի հիմնադիր Էվա Ոսկանյանն է:
– Էվա, կպատմե՞ք` ինչպե՞ս ստացվեց, որ երաժշտությամբ տարվեցիք և որոշեցիք այս ոլորտում գործունեություն ծավալել:
– Ծնվել եմ երաժիշտների ընտանիքում ու, ինչ ինձ հիշում եմ՝ երգում եմ (ժպտում է.- Գ.Ա.): Մանկուց արդեն որոշել էի, որ երգչուհի եմ դառնալու, 6 տարեկանում ընդունվեցի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, 15 տարեկանում էլ` Երևանի պետական Կոնսերվատորիա (դաշնամուրի բաժին): Մինչև 11 տարեկանը դասական երաժշտության մեջ էի, հետո սկսեցի ռոք լսել ու նաև ինքս սկսեցի երգեր գրել: 2006 թվականին ձայնագրեցի ռոք ոճում առաջին երգս (դրանից առաջ ևս մի քանի երգ էի ձայնագրել, բայց ավելի թեթև ոճում): Արդեն 2007 թվականին ստեղծեցի խումբս:
– Դժվա՞ր է հայկական շոու-բիզնես մուտք գործելը: Ի՞նչը Ձեզ դուր չի գալիս:
– Բարդությունը գալիս է հնարավորություններից, ինչպեսև մնացած ոլորտներում, այստեղ էլ շատ ակտիվ կիրառվում է «ծանոթ-բարեկամ» ու փողի միջոցները` դուրս մղելով տաղանդի գործոնը: Կան նաև այլ միջոցներ, որոնց մասին անգամ խոսել չեմ ուզում… Իմ դեպքում՝ փորձում եմ անել ամեն ինչ իմ ուժերով: Ինձ համար դժվար է:
– Բնական է, որ լինում են պահեր, երբ հիասթափություն եք ապրում, դժվարությունները հաղթահարելուն ի՞նչն է օգնում:
– Միանշանակ այդպես լինում է, ես ինքս հաճախ եմ կանգնում դրա առջև: Ամեն դեպքում չգրել չեմ կարող (ի դեպ, հիասթափությունն էլ է հաճախ նոր երգի հիմք հանդիսանում): Օգնում ու ոգեշնչում է լսարանս, հետո երկրորդ մասնագիտությունս է օգնում (Կոնսերվատորիայի հետ մեկտեղ՝ սովորում եմ Հոգեբանության ու սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում):
– Այսօր շատերն են հայտնվում հեռուստաէկրանին, սակայն կարճ ժամանակ անց մոռացվում են: Ի՞նչ եք կարծում` այդպիսին չլինելու համար ի՞նչ է անհրաժեշտ:
– Նորություն ու ասելիք: Երկու կարևորագույն գործոն, որոնք այս պահին, իմ կարծիքով, բացակայում են երգարվեստի ոլորտում: Մարդիկ հակված են կրկնօրինակել ու 100 անգամ նույն բանի մասին երգել: Իհա՛րկե, դա շատ ավելի հեշտ է, բայց կարճաժամկետ:
– Վերջերս մասնակցում էիք «Հայաստանի ձայնը» մրցույթին: Ընդհանրապես ինչպե՞ս եք վերաբերվում մրցույթներին:
– Ճիշտն ասած` ոչ մի կերպ, այսինքն՝ անտարբեր եմ գլոբալ առումով: Իսկ «Հայաստանի ձայնը» իմ առաջին մրցույթն էր (շոու-մրցույթը, քանի-որ 2011-ին Բեռլինում մասնակցեցի «Կոմիտաս» մրցույթ-փառատոնին, արժանացա «Կոմիտասի լավագույն մշակում» մրցանակին): «Հայաստանի ձայնի» դեպքում ինձ, կարելի է ասել, համոզեցին մասնակցել, դրան գումարած՝ ինձ էլ էր հետաքրքիր, քանի որ շատ եմ սիրում նոր բաներ փորձել (մարդկային բնույթով փորձարար եմ՝ էքսպերիմենտատոր): Ավելի շուտ՝ դա ինձ համար մի խաղ էր: Ու իմ մարզիչը, ամեն ինչ լավ տեսնելով՝ շատ ճիշտ հիմնավորում ներկայացրեց, երբ որոշեց, որ պիտի դուրս գամ նախագծից: Ընդամենը նրա փոքրիկ մի նախադասությունն ամփոփեց ամեն ինչ՝ ես մրցութային մարդ չեմ: Մեծ դեր խաղաց նաև այն, որ այդ ժամանակահատվածում լուրջ առողջական խնդիրներ ունեի, մրսածություն էլ կար, բայց եթե միայն մրսածություն լիներ՝ ինձ չէր խանգարի: Բազում համերգներ եմ տվել գրիպով, ու ամեն ինչ բարեհաջող է ավարտվել: Ես նույնիսկ կնախընտրեի հրաժարվել մրցույթից, քան այդ վիճակում հանդես գալ, բայց դա հնարավոր չէր:
– Էվա, որքան տեղյակ եմ, Դուք նաև ստեղծագործում եք: Շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն չկա՞:
– Ես գրում եմ երգեր ներկայացումների համար, 2010 թվականին ձայնագրեցի «Գերդաստան» բազմասերիանոց ֆիլմի soundtrack-երը (հետագայում բոլոր soundtrack-երով ձայնասկավառակ թողարկվեց, իսկ հիմնական soundtrack-ի վրա նկարահանվեց տեսահոլովակ), բայց երգիչների համար երգեր գրելու մասին առանձնապես չեմ մտածել: Գուցե հետագայում զբաղվեմ դրանով:
– Ինչպիսի՞ տրամադրության դեպքում է հաջողվում ստեղծագործել:
– Կարծում եմ՝ երգ գրելը կախված է ոչ այնքան տրամադրությունից, որքան հուզական (էմոցիոնալ) ու զգացմունքային ֆոնից: Տրամադրության, ավելի ճիշտ՝ տրամադրվածության գործոնն առաջ է գալիս պատվերների դեպքում, երբ անկախ քո կյանքում այդ պահին կատարվող իրադարձություններից, պետք է տրամադրվել ու վերապրել այն, ինչ պահանջվում է «սցենար»-ով: Իմ կարծիքով՝ կարելի է զուգորդել անցկացնել դերասանի աշխատանքի հետ:
– Իսկ մոտ ապագայում ի՞նչ ծրագրեր ունեք:
– Այս տարվա համար ծրագրավորել եմ տեսահոլովակի նկարահանում, ձայնասկավառակի շնորհանդես, համերգներ (առանձնացրել եմ 2 համերգ, որից մեկն արդեն կայացել է մարտի վերջին տատիկիս՝ Էլդա Գրինի, 85-ամյակի առթիվ, իսկ մյուսը՝ իմ սիրած խմբերից մեկի tribute համերգն է): Ինչպես նաև` պետք է ավարտեմ մագիստրատուրան Կոնսերվատորիայում և Ուրարտու համալսարանում (օրեր առաջ թեզս վերջացրեցի, մնաց պաշտպանել (ժպտում է.- Գ.Ա.)): Տեսնենք, թե ի՞նչ կստացվի: