Թուրքիայի ղեկավարությունն իր ձեռքերը թաթախել է Սիրիայում թափվող արյան մեջ. Բաշար Ասադ
Թուրքական Ulusal Kanal հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Թուրքիան ուղիղ աջակցություն է ցուցաբերում Սիրիայում գործող ահաբեկիչներին.
«Մենք շարունակելու ենք պայքարել ահաբեկչական խմբավորումների դեմ: Թուրքիայի ներկայիս ղեկավարությունն իր ձեռքերը թաթախել է Սիրիայում թափվող արյան մեջ: Թուրքիայի ղեկավարությունն ուղիղ աջակցում է մարդասպաններին:
Նախագահին իր պաշտոնում թողնելու կամ նրան գահընկեց անելու իրավունքը բացառապես պատկանում է Սիրիայի ժողովրդին: Բազմաթիվ օտար երկրների ղեկավարներ տրամադրված են իմ դեմ, սակայն նրանք իրավունք չունեն պահանջել իմ հեռանալը: Այդ հարցը կարող է լուծել միայն Սիրիայի ժողովուրդը:
Շատ երկրներ անուղղակիորեն աջակցում են Սիրիայում գործող ահաբեկիչներին: Լիբանանում կան շրջանակներ, որոնք աջակցում են նրանց: Շատ երկրներ ցանկանում են Սիրիայի կրախն ու փլուզումը, սակայն դա տեղի չունեցավ, որքան էլ որ նրանք ջանացին: Իսրայելը շարունակում է մնալ մեր իրական թշնամին, որը զավթել է մեր տարածքները»: