«Կարևոր է, որ գիտությունը ծառայի մարդկանց՝ հարկ վճարողներին պահանջներին»

Թորգոմ Սեֆերյանը կենսաբանական գիտությունների թեկնածու է, աշխատում է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամում: Նա հետաքրքրված է մասնավորապես օրգանիզմը ճառագայթումից պաշտպանելու հնարավոր տարբերակների ուսումնասիրությամբ:

 

Թ. Սեֆերյանի խոսքով` նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ կան միացություններ (իմունոմոդուլյատորներ), որոնք մարդու օրգանիզմում կարող են առաջացնել իմունային համակարգի խթան, նման նյութերը կիրառում են տարբեր թերապիաների ժամանակ: Թ. Սեֆերյանի խոսքով, ռադիոպաշտպանիչ հատկություններով նմանատիպ նյութերի վերաբերյալ դեռևս շատ ուսումնասիրություններ չկան: Մինչդեռ դրանք` նոր տեսակի նյութերը, ներարկվելով օրգանիզմում, կարող են հանդես գալ` որպես ինֆորմացիայի ստիմուլյատոր, որը կարող է խթանել օրգանիզմը սինթեզելու ռադիոպաշտպանիչ նյութեր` սեփական պաշարներից, այսինքն, արդյունքում` օրգանիզմն ինքն է սկսում պայքարել ճառագայթման դեմ:
«Նման նյութերն ուղղակի ազդեցության նյութեր չեն, ինչպես օրինակ` ասպիրինը և այլն: Սրանց առավելությունը մյուս դեղամիջոցներից այն է, որ սրանք տոքսիկ ազդեցություն չունեն, սրանք ունեն ավելի բարձր արդյունավետություն, և դրանց ազդեցության մեխանիզմը, ի տարբերություն մյուս նյութերի, որոնք առավել հայտնի են, կարելի է դասել ոչ ուղղակի ազդեցությունների շարքին: Այսինքն` երբ այդ նյութերը ներմուծվում են օրգանիզմ, օրգանիզմն ինքն է սկսում պայքարել ճառագայթահարման դեմ»,- ասաց Թ. Սեֆերյանը: Նրա խոսքով` համանման նյութերի ուսումնասիրությունները սկսել է իրականացնել դեռևս տարիներ առաջ ակադեմիկոս Արմեն Գալոյանը, ով նյարդային մոդուլյատորների մի շարք էր հայտնաբերել, որի կլինիկական հետազոտությունների համար ներկայում արձանագրություններ են պատրաստվում (խոսքը հայ գիտնականների կողմից ուղեղից ստացված նոր տիպի դեղանյութի մասին է, որը կարող է բուժել մի շարք հիվանդություններ, որին «168 Ժամն» անդրադարձել էր ավելի վաղ.- Լ.Մ.)
«Ցավոք, երբեմն նման կարևոր ուսումնասիրությունների իրականացման աշխատանքների ժամանակ արհեստական սահմանափակումներ են դրվում, օրինակ` արգելվում է կենդանիների վրա ուսումնասիրություններ անելը, առանց որոնց ոչ մի մեծ գիտական կենտրոն, ինչպես, օրինակ «Դուբնան» (հետազոտական կենտրոն) է, չի կարող հետազոտություններ իրականացնել»,- ասաց Թ.Սեֆերյանը` նշելով, որ կենսաբանության մեջ ուսումնասիրություններ կատարելու համար անհրաժեշտ չեն ահռելի գումարներ: Ըստ նրա` դա այն ոլորտն է, որտեղ փոքր բյուջեով անգամ հնարավոր է բարձր որակի աշխատանքներ կատարել, և այնպիսի աշխատանքներ, որոնք հետագայում հնարավոր է` արդարացնեն կատարված ծախսերը: Մինչդեռ ըստ գիտնականի` խոշոր գումարներ են տրվում գիտության մեջ այնպիսի ուղղությունների, որոնք ի սկզբանե նախատեսված չեն գումարներ հետ բերելու համար և կիրառական ուղղվածություններ չունեն:
«Կարևոր է, որ գիտությունը ծառայի մարդկանց` հարկ վճարողների պահանջներին, քանի որ մեր երկիրը այդքան էլ հարուստ չէ, որ իր գումարները շռայլի, ուստի դրանք պետք է նպատակային ծախսվեն»,- ասաց Թ. Սեֆերյանը:
Խոսելով իր ուսումնասիրությունների մասին` գիտնականը նշեց, որ ինքն իր աշխատանքներում ցույց է տվել, որ հնարավոր է այդ դեղամիջոցն օգտագործել քաղցկեղի բուժման ընթացքում, հատկապես` ճառագայթային բուժման ժամանակ մարդկանց մոտ դիտվող իմունային համակարգի սուր անկման և ճնշման ժամանակ, որը բերում է երկրորդային պաթոլոգիաների և ինֆեկցիոն հիվանդությունների զարգացման: «Այսինքն, երբ մարդու մոտ քաղցկեղ է նշմարվում, նրան տալիս են ճառագայթային թերապիա կամ քիմիաթերապիա, և նրա մոտ իմունային համակարգը ճնշվում է, քանի որ այն նյութերը, որոնք պետք է ազդեն քաղցկեղային բջիջների և հյուսվածքների վրա, դրանք հավասարապես ազդում են նաև մյուս բջջիջների վրա, ուստի ճնշված միկրոօրգանիզմները սկսում են գլուխ բարձրացնել, ու մարդը սովորական թույլ ինֆեկցիաներից կարող է անգամ մահանալ»,- ասաց Թ. Սեֆերյանը` նշելով, օրինակ, Ուգո Չավեսի հիվանդության բուժման ընթացքում ծագած բարդությունները:
«Ես գտել եմ, որ քիմիաթերապիային զուգահեռ` մարդուն կարելի է տալ իմունոխթանիչներ, որոնք արյան բաղադրամասերը` լեյկոցիտները, կկարգավորեն, որպեսզի մարդու օրգանիզմի իմունիտետը չընկնի, և ուրիշ հիվանդություններ չծագեն»,- ասաց Թ. Սեֆերյանը` նշելով, որ այդ դեղամիջոցը կարելի է օգտագործել նաև ռադիացիոն պաշտպանության համար` ռազմական ուղղվածության համար, կարելի է օգտագործել նաև արտակարգ իրավիճակների ժամանակ կենդանիների ճառագայթահարման դեպքում և բազմաթիվ այլ դեպքերում, երբ գոյություն ունի մարդու շփումը ռադիացիայի հետ, օրինակ` Ատոմակայաններում արտակարգ իրավիճակների ժամանակ, և այլն:
«Այդ մի քանի օրվա ընթացքում մարդու իմունիտետն ահավոր անկում է ապրում, և եթե այդ մի քանի օրվա ընթացքում հնարավոր լինի պահել, գոնե ինֆեկցիոն հիվանդություններից հնարավոր կլինի խուսափել, մարդու վիճակը չի ծանրանա: Նման հետազոտությունները, կարծում եմ, գումարային առումով կարող են արդարացնել դրանց վրա կատարված ծախսերը»,- ասաց Թ. Սեֆերյանը: Գիտնականի աշխատանքները, սակայն, նախնական ուսումնասիրություններից հետո որևէ առաջընթաց չեն արձանագրել, այլ` հակառակը, ինչպես ինքն է նշում, ստիպում են անգամ փոխել իր թեման, ինչն ինքը չի ուզում, քանի որ այն շատ մեծ կարևորություն կարող է ունենալ և կարող է օգնել մարդկանց:
Ինչ վերաբերում է ուսումնասիրության աշխատանքների պաշտպանությանը և պատենտին, գիտնականն ասաց. «Հայաստանի պատենտը նախատեսված է պաշտպանել հայտատուի շահերը միայն ՀՀ տարածքում, բացի այդ, Հայաստանում պատենտ ունենալը նույնն է թե` հրապարակես այն, ինչ ունես, որը ցանկացած արտասահմանցի կարող է վերցնել, նույնիսկ արտոնագրերի ինտերնետային կայքից, նայել քո աշխատանքին և իր երկրում նույնն իրականացնել: Այսինքն` պատենտը գրում ենք, գումարը վճարում ենք ու ստանում ենք մի թուղթ, որը ոչ մի ուժ չունի»,- ասաց Թ. Սեֆերյանը` նշելով, որ ինքն ունի մի քանի պատենտներ Հայաստանում, սակայն դրանցով չի կարող շատ հպարտանալ, քանի որ դրանք իրեն չեն պաշտպանում, քանի որ արտոնագրային դաշտը Հայաստանում բացարձակ խայտառակ վիճակում է, գիտնականների արտոնագրերը ոչ մի իրավական ուժ չունեն, իսկ Եվրոպայում այն պատենտավորելը շատ մեծ գումարների հետ է կապված:
Թ. Սեֆերյանը նշում է, որ դեղանյութերի գրանցումը Հայաստանում գրեթե նույն ճանապարհն է անցնում, ինչ արտասահմանյան զարգացած երկրներում, ինչը ծայրահեղ բարդ և թանկարժեք գործընթաց է: «Այդ պրոցեսով հնարավոր չէ Հայաստանում դեղ գրանցել, դա բերում է նրան, որ շատ հեշտությամբ դեղեր են ներմուծվում, բայց Հայաստանում հնարավոր չի լինում դեղեր գրանցել: Այսինքն` ավտոմատ ստացվում է, որ Հայաստանը դեղեր ներմուծող երկիր է, և դու չես կարողանում ուղղակի քո երկրում արտադրել քո նորարարությունը և թեկուզ քո ժողովրդին էժան վաճառել»,- ասաց Թ. Սեֆերյանը:
Հարցին, թե չի՞ վախենում, որ այս գյուտը մի որոշ ժամանակ անց հանկարծ ժամկետանց դառնա կամ ակտուալությունը կորցնի, գիտնականը պատասխանեց. «Ես համաձայն եմ, որ նման բան հնարավոր է լինի, սակայն այդ դեպքում արդեն մեղքը մերը չի լինի, այլ` այն մարդկանցը, ովքեր ժամանակին չարձագանքեցին»:

Տեսանյութեր

Լրահոս