Հայ կանայք և քաղաքականությունը
Քաղաքականությամբ զբաղվող կանանց ամենամեծ քննադատը կանայք են և կանանց ամենաքիչն ընտրում են կանայք: Այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն այսօր Մեդիակենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ:
Նա ասաց, որ ՀՀԿ-ն միշտ զգուշավոր է եղել կանանց հարցում, սակայն վերջին ընտրությունների ժամանակ զգուշավորությունը փոխարինվեց համարձակությամբ: Կարինե Աճեմյանը հպարտությամբ նշեց, որ ԱԺ 14 կին պատգամավորներից 9-ը ՀՀԿ խմբակցությունում են ընդգրկված: «Մենք այնպես պետք է փորձենք անել, որ կուսակցական աշխատանքներում կներգրավված կանայք լինեն նաև ԱԺ-ում, քանի որ պատգամավորը առաջին հերթին քաղաքական ուժ է ներկայացնում և այդ ուժը դիրքերը պետք է կարողանա ներկայացնել»,-ասաց Կարինե Աճեմյանը: Նա ավելացրեց, որ մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն ավելացրել է կանանց ներգրավվածությունը համամասնական ցուցակում:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարև, Երևան» նախընտրական դաշինքի երկրորդ համարը զբաղեցնող, «Ժառանգություն» կուսակցության անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ Հայստանում չկա կոնկրետ սեռային խտրականություն, սակայն բավական է դեմ գնալ իշխանություններին՝ անկախ սեռից, իսկույն իրավունքներդ կոտնահարվեն: « Մեր երկրում երկուսին էլ հավասար ջնջում են, եթե դու իշխանությանը դեմ ես»,-ասաց Անահիտ Բաշխյանը: Կարինե Աճեմյանը միանգանից արձագանքեց իր նախկին գործընկերոջը՝ գոնե Դուք այդպես չասեք, տիկին Բախշյանն էլ պատասխանեց՝ հերիք է երեսով տաք: Անահիտ Բախշյանը կարծիք հայտնեց, որ կանանց ներգրավվածությունը հասարակական-քաղաքական կյանքում կախված է նաև այն հանգամանքից, թե ընտանիքը, ամուսինը որքանով են վստահում, թև տալիս կնոջը: «Բարև, Երևան»-ի թեկնածուն տեղեկացրեց, որ իրենց դաշինքի 25 տոկոսը կանայք են: «Մենք այնպես պետք է անենք, որ անցողիկ թվի մեջ նկատելի լինեն կանայք»,-ասաց Անահիտ Բախշյանը՝ հավելելով, որ այն ոլորտներում որտեղ կանայք են աշխատում, ավելի լավ են շնչում տվյալ բնագավառները, ընդունված որոշումներն ավելի նպաստավոր են հասարակության համար:
Քննարկմանը ներկա Մշակույթի նախկին նախարար, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ԲՀԿ-ի համասնական ցուցակում ընդգրկված Թամար Պողոոսյանն իր խոսքը սկսեց պատմական ակնարկով, որ դեռ նախորդ դարում մենք կին դեսպան ենք ունեցել: Նա նշեց, որ քաղաքականության մեջ կանանց ներգրավվածությունն ապահովելու լավագույն միջոցը համամասնական ցուցակներն են, սակայն այս հնարավորությունն այսօր արդյունավետ չի օգտագործվում: Նա նշեց, որ վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում երկրի համար կարևորագույն որոշումներն ընդունում են տղամարդիկ: «Այն իրավիճակը, որում մենք հայտնել ենք, մեր տղամարդ քաղաքական գործիչների պատասխանատվության արդյունք է: Մենք պետք է ունենանք հավասար հնարավորություններ՝ պատասխանատվությունը կիսելու համար»,-նշեց Թամար Պողոսյանը: