Փարիզյան դատարանն այսօր կքննի Դեպարդիեի գործը
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փարիզյան դատարանն այսօր քննելու է աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեի գործը: Դեպարդիեն, մասնավորապես, մեղադրվում է անսթափ վիճակում սկուտեր վարելու մեջ, ինչի հետևանքով առաջացել էր ոչ մեծ ճանապարհա-տրանսպորտային պատահար:
Միջադեպը տեղի է ունեցել 2012 թվականի նոյեմբերի 29-ին, Փարիզում: Ալկոհոլային թեստը ցույց էր տվել, որ Դեպարդիեի արյան մեջ ալկոհոլի թույլատրելի առավելագույն նորման գերազանցվել է ավելի քան 3 անգամ: Դերասանն այս տարվա հունվարին չէր ներկայացրել իր գործով դատալսմանը, որում նա հնարավորություն ուներ խոսոտվանելու իր մեղավոր լինելը:
Դրանից հետո նրա գործն ուղարկվել է ուղղիչ դատարան: Ֆրանսիական օրենքներով, անսթափ վիճակում մեքենա վարելու համար վարորդին սպառնում է մինչև 4500 եվրո տուգանք և մինչև 2 տարվա ազատազրկում:
Դերասանի փաստաբանը հայտնել է, որ դերասանը բաց է թողնելու այսօրվա դատական նիստը, քանի որ գտնվում է Նյու Յորքում, ուր պատրաստվում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի մասին ֆիլմի նկարահանմանը, որում նա խաղալու է գլխավոր դերը: Եթե դերասանը շարունակի խոսափել դատական նիստերին ներկա գտնվելուց, ապա նրա դեմ կարող է հարուցվել քրեական հետապնդում:
Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին Դեպարդիեն, վրդովվելով «հարուստների նկատմամբ հարկը» մինչև 75 տոկոս բարձրացնելու Ֆրանսիայի կառավարության պլաններից, հրաժարվել էր Ֆրանսիայի քաղաքացիությունից և տեղափոխվել էր Բելգիա: Այս տարվա հունվարին նա ստացել է ռուսական անձնագիր: