ՄԱԿ-ն ու Սիրիան համաձայնության չեն եկել քիմիական զենքի կիրառման հետաքննման շուրջ
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը դեռ Սիրիայի հետ համաձայնության չի եկել Հալեպի նահանգում քիմիական զենքի կիրառման հետաքննման շուրջ: Այս մասին գործակալությանը հայտնել է նրա դիվանագիտական աղբյուրը:
Վերջինիս պնդմամբ՝ ՄԱԿ-ի տեսուչները ըվյալ հարցով հետաքննություն չեն սկսելու այնքան ժամանակ, քանի դեռ պայմանավորվածություն ձեռք չի բերվել դեպքի վայր մուտք գործելու վերաբերյալ, ինչպես նաև այլ պայմանների վերաբերյալ:
Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին և ՄԱԿ-ի՝ Զինաթափման վարչության ղեկավար Անգելա Քեյնը տվյալ հարցով մի քանի նամակ են փոխանակել միմյանց հետ: Ջաֆարին կարծում է, որ ՄԱԿ-ի տեսուչներին պետք է թույլատրել միայն մուտք գործել այն շրջան, ուր ենթադրաբար կիրառվել է քիմիական զենք:
Բացի այդ, Սիրիան ցանկանում է համաձայնեցնել հետազոտական խմբի կազմը: Գլխավոր տարաձայնությունը կայանում է հենց սրանում, քանի որ Քեյնի կարծիքով՝ առաքելության կազմի որոշման իրավունքը բացառապես պատկանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի երկրորդ կեսին պաշտոնական Դամասկոսը հայտարարեց, որ ապստամբները քիմիական զենք են կիրառել Հալեպի նահանգում, ինչի հետևանքով զոհվել է 25 և վիրավորվել է 110 մարդ: Դրանից հետո Սիրիան տվյալ միջադեպի հետաքննման խնդրանքով դիմեց ՄԱԿ-ին, որն էլ որոշեց ընդառաջել նրան: