Տիգրան Ուրիխանյանը` Րաֆֆի Հովհաննիսյանին. «Այո´, այո´, ԲՀԿ-ի համար ճշմարտության պահ է»

Երեկ «Բարևի» շարժման առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր մարզային այցերից մեկի ընթացքում` Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, հայտարարեց, թե «Բոլոր կուսակցությունների, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստանի» համար մոտենում է ճշմարտության պահը»:

Այսօր հրավիրված մամլո ասուլիսում այս մասին մեկնաբանություն խնդրեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից, ով կեսկատակ-կեսլուրջ արձագանքեց, թե երեկ սպասել է լրատվամիջոցներից հարց այդ մասին, բայց այդպես էլ չի ստացել:

«Որովհետև անընդհատ ուզում էի պոռթկալ ու ասել` այո´, այո´, ԲՀԿ-ի համար ճշմարտության պահ է, ԲՀԿ-ի համար ճշմարտության պահ է ստեղծման իսկ օրվանից, և այդ ճշմարտությունն առաջ տանելու, պահպանելու, լուսավորելու ընթացք է, ոչ թե` պահ: Բա իհարկե, պարոն Հովհաննիսյանը ճիշտ է նկատում այս մի պահը, բայց այսպիսի պահեր շատ են եղել մեր գործունեության մեջ և դեռ էլի են լինելու»,- ի պատասխան ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ շարունակվող շարժման ելքի մասին ԲՀԿ մամլո խոսնակն ասաց, որ Հայաստանում կան մեծ թվով մարդիկ, ովքեր նախագահական ընտրություններն օգտագործեցին որպես առիթ` բողոքի, դժգոհության և մոբիլիզացիայի համար:

«Հարկավոր է միանշանակ ականջալուր լինել մարդկանց բարձրացրած խնդիրներին: Եթե խնդիրները ստանան կամ գոնե կսկսեն ստանալ խնդիրներ, միգուցե մարդիկ բավարարվեն, եթե ոչ, դժգոհությունը չի մարելու երբեք»,- կարծիք հայտնեց ԲՀԿ մամլո խոսնակը:

 

Տեսանյութեր

Լրահոս