Ադրբեջանական բուհը ստիպված է եղել զիջման գնալ մորուքավոր ուսանողներին ու հիջաբով ուսանողուհիներին
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պետական նավթային ակադեմիան իր ուսանողուհիներին թույլատրել է դասընթացներին մասնակցել հիջաբով (մահմեդական գլխաշոր): Բացի այդ, բուհն ուսանողներին թույլատրել է դասընթացներին ներկա գտնվել մորուքով:
Այս մասին հայտարարել է բուհի փոխռեկտոր Գասիմ Մամեդովը: Վերջինիս խոսքերով՝ տվյալ որոշումը հակասում է բուհի ներքին կանոնադրությանը, սակայն բուհի ղեկավարությունը ստիպված է եղել գնալ այդ քայլին՝ հաշվի առնելով ընդհանուր դժգոհությունները:
Դրա համար պատճառ է դարձել նախօրեին բուհում գրանցված միջադեպը: Ապրիլի 2-ին ակադեմիայի անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել, որ մորուքավոր ուսանողների խումբը, ինչպես նաև հիջաբ կրող ուսանողուհիները մտնեն բուհի շենք: Անվտանգության աշխատակիցներն իրենց այդ քայլը պայմանավորել են ռեկտորի համապատասխան կարգադրությամբ, ինչը մեծ հնչեղություն էր ունեցել:
Ադրբեջանում 2010 թվականից գործում է դպրոցներում հիջաբ կրելու արգելքը (դա պատճառաբանվել էր նրանով, որ հիջաբը չի հանդիսանում դպրոցական համազգեստի մասնիկ): Դա չի տարածվում բուհերի վրա, սակայն մի շարք դեպքերում բուհերն ինքնուրույն սահմանափակումներ են մտցնում հիջաբ կրելու դեմ: