
Տարոնի մատը խա՞ռն է. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը հիշեցնում է, որ մարտի 29-ին գրել էին, որ facebook-ում մարտի 21-ից մեկնարկած հարցմանը, որի նպատակն էր պարզել, թե ում օգտին է քվեարկելու «ֆեյսբուքահայությունը» մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին, ՀՀԿ-ի օգտին քվեարկածների առնվազն կեսը այլազգիներ են:
«Հիմա էլ պարզվում է, որ ֆեյսբուքյան իրական օգտատերերից ոմանք առանձնապես ցանկություն չեն ունեցել քվեարկելու ՀՀԿ-ի օգտին: Բայց դա արել են` չցանկանալով մերժել ոչ ավել, ոչ պակաս` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջից իրենց ուղղված «խնդրանքը»»,- գրում է «ՀԺ»-ն ու շարունակում.
«Այսպես, մեզ հետ զրույցում ֆեյսբուքյան մի օգտատեր, ով իրականում «Բարև Երևան» դաշինքի համակիր է, պատմեց, որ քաղաքապետի էջից իրեն եկել է «խնդրանք»` ֆեյսբուքում անցացվող հարցմանը քվեարկել ՀՀԿ-ի օգտին, ինչն էլ մեր զրուցակիցն արել է` Տարոնի «խաթրը» չկոտրելու համար»: