
Կենտրոնական հետախուզական վարչությունը գաղտնալսում է Թուրքիայի խորհրդարանը. թուրքական ընդդիմություն

Թուրքական Akşam թերթին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Էրդալ Աքսյունգերը հայտարարել է, որ ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) գաղտնալսում է Թուրքիայի խորհրդարանը՝ նրա մոտ տեղակայած գաղտնի օբյեկտից:
Աքսյունգերը, ով հանդիսանում է Թուրքիայի խորհրդարանի՝ ապօրինի գաղտնալսումների գծով հանձնաժողովի անդամ, հավելել է, որ գաղտնալսումներն իրականացվում են լավ պաշտպանված օբյեկտից, որը գտնվում է Անկարայի կենտրոնում՝ խորհրդարանի շենքից երկու կիլոմետր հեռավորության վրա:
Պատգամավորի խոսքերով՝ գաղտնալսման աշխատանքները ղեկավարում է ԿՀՎ-ի գնդապետը, և որ տվյալ շրջանը լեցուն է ամերիկյան հետախուզության գործակալներով. «Ինձ հայտնի չէ, թե ինչո՞ւ են գաղտնալսում խորհրդարանը և կոնկրետ ո՞ւմ են գաղտնալսում:
Երբ հայտնի դարձավ տվյալ օբյեկտի գոյության մասին, մենք հարցում ուղարկեցինք Անվտանգության գլխավոր տնօրինության հակահետախուզության դեպարտամենտ, Ժանդարմերիայի զորքերի հետախուզական վարչություն և Ազգային հետախուզական կազմակերպություն (MIT), սակայն տվյալ գերատեսչություններից չստացանք ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական պատասխան: Մենք մտադիր ենք գաղտնալսման այս հարցը բարձրացնել խորհրդարանում»:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի վերջին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր հարցազրույցներից մեկի ժամանակ դժգոհել էր, որ իր աշխատասենյակում ու տանը հայտնաբերվել է գաղտնալսող երկու սարք: Տվյալ գործով սկսվել էր հետաքննություն, սակայն դրա արդյունքները դեռ հայտնի չեն: