Թուրքիայի խորհրդարանում ստեղծվում է ապօրինի գաղտնալսումների հետազոտման հանձնաժողով
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում ստեղծվում է «գաղտնալսման» հանձնաժողով: Թուրքիայի խորհրդարանի երեկվա լիագումար նիստում հավանության է արժանացել այնպիսի հանձնաժողովի ձևավորման մասին առաջարկը, որը կհետևի քաղաքական կուսակցական խմբերի կողմից տրամադրվող տեղեկատվության ազատությանը և անձնական կյանքի գաղտնիությանը չխաթարմանը:
Տվյալ հանձնաժողովը բաղկացած է լինելու 17 անդամից, այն իր գործունեությունը ծավալելու է 3 ամիս: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովն իր գործունեությունը կծավալի նաև Անկարայի սահմաններից դուրս: Նշվում է, որ այս հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը բարձրաձայնել էր 2012 թվականի դեկտեմբերի 21-ին՝ հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ՝ կարևորելով քաղաքական կուսակցություններին ապօրինի գաղտնալսելու գործերի հետազոտումը:
Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի վերջերին Էրդողանի աշխատասենյակում հայտնաբերվել էր երկու գաղտնալսող սարք, ինչից հետո Էրդողանի գլխավորած, իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հանդես էր եկել այդօրինակ ապօրինի գաղտնալսման դեպքերի հետազոտման նախաձեռնությամբ, ինչն անմիջապես աջակցություն էր ստացել «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) կողմից, ով շատ ավելի վաղ էր հնչեցրել այդպիսի առաջարկ:
ԱՇԿ-ի կողմից այդպիսի առաջարկ ներկայացնելը պայմանավորված էր նրանով, որ դեռևս 2011 թվականի հունիսի 12-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների շեմին ազգայնական բավական ազդեցիկ դեմքեր հայտնվեցին սեռական սկանդալի կենտրոնում, նրանց սեռական ակտերը գաղտնի տեսագրվել էին և հրապարակվել, ինչի հետևանքով այդ ազդեցիկ ազգայնականները ստիպված էին եղել հրաժարական տալ և չմասնակցել խորհրդարանական ընտրություններին: Դրանից հետո ԱՇԿ բոլոր գրասենյակներում հայտարարվել էր գաղտնալսող սարքերի որս:
Հիմնականում սեռական սկանդալների (վարկաբեկման) պատճառով ԱՇԿ-ն լուրջ հետընթաց ապրեց այդ խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով քվեների 14.29 տոկոսը և 550 հոգանոց խորհրդարանից 53 մանդատ, մինչդեռ նախորդ՝ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԱՇԿ-ը խոհրդարանում ստացել էր 71 մանդատ: Կարծիքներ կան, որ անվանի ազգայնականներին գաղտնալսելու և գաղտնի տեսագրելու նախաձեռնության հեղինակն ԱԶԿ-ն է, ով դրանով ձգտում էր, որ ԱՇԿ-ն չհայտնվի խորհրդարանում, այսինքն չկարողանա հաղթահարել խորհրդարան մուտք գործելու նախընտրական շեմը՝ 10 տոկոս: