
Էրդողանին գաղտնալսող սարքերից պաշտպանելու նպատակով ստեղծվում է հատուկ թիմ

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ վարչապետ Ռեջեփ Էրդողանի աշխատասենյակից հայտնաբերվեցին գաղտնալսող սարքեր, վարչապետի նստավայրի պահպանության դեպարտամենտը ձեռնամուխ է եղել վարչապետական նստավայրերում որոնողական աշխատանքների իրականացմանը:
Որոշվել է ստեղծել հատուկ թիմ, որը պետք է ապահովի նախագահական նստավայրի անվտանգությունը նմանատիպ գաղտնալսող սարքերից: Հատուկ խումբը բաղկացած է լինելու մեկ գլխավոր կոմիսարից և 6 մասնագետ ոստիկանից: Խմբի ստեղծման համար դիմում է ուղարկվել Անվտանգության գլխավոր ծառայություն:
Այդ խումբն աշխատելու է օրական 24 ժամ՝ անկախ նրանից, թե վարչապետ Ռեջեփ Էրդողանը գտնվում է արտասահմանում, թե երկրի ներսում: Ներկայումս չի բացառվում, որ գաղտնալսող սարքերն Էրդողանի աշխատասենյակում տեղադրվել են այն ժամանակ, երբ նրան ենթարկել են վիրահատության:
Հիշեցնենք, որ Էրդողանը Էրդողանը մարսողական համակարգի հետ խնդիրներ ունենալու պատճառով Ստամբուլում վիրահատության էր ենթարկվել 2011 թվականի նոյեմբերի 26-ին, իսկ երկրորդ անգամ՝ 2012 թվականի փետրվարի 10-ին: