«Թույլը երբեք ուժեղից բան չի պահանջում, նստում հետը բանակցում ա». Գ.Սահակյանը՝ Ր.Հովհաննիսյանի պահանջների մասին
«Մի շաբաթ էլ պիտի սպասենք, նոր քննարկենք Րաֆֆու պահանջները, որովհետև սրանից հետո է՛լի բաներ պիտի ուզի: Արդեն Հայաստանի սահմանը կամաց-կամաց անցնելու է՝ հարևան պետություններ, հարևան պետություններից էլ ինչ-որ բան կուզի»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում, մեկնաբանելով Ժառանգության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները իշխանություններից, ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Հիշեցնենք, որ «Ժառանգության» առաջնորդը երեկ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել էր «շարունակել մնալ դե ֆակտո նախագահ»՝ դրա դիմաց պահանջելով որոշակի քայլեր, այդ թվում, այսպես կոչված, անցումային փուլում 8 գերատեսչությունների ղեկավարների պաշտոններ՝ գլխավոր դատախազի, Պետեկամուտների կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, ԱԳՆ-ի, կրթության և գիտության նախարարության, Վերահսկիչ պալատի, Արդարադատության խորհրդի և Հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավարների պաշտոնները:
«Պահանջներին լուրջ չեմ վերաբերվում, չեմ վերաբերվում նրա համար, որ ամեն ինչը չափի մեջ է գեղեցիկ, թույլը երբեք ուժեղից բան չի պահանջում, նստում հետը բանակցում ա: Ասում ա՝ ես պետության համար ինչ կարող եմ անել, ինչ ֆորմատներով,-ասել է Գալուստ Սահակյանը, ապա շարունակել,- Փողոցում կանգնած տեղը կամ հեռախոսով բաներ չեն պահանջում: Դա պահանջ էլ չի, պարտադրանք է և, բնականաբար, ընդունելի չի կարող լինել: Կա ավելի դասական տարբերակ, երբ թիմերով մարդիկ նստում են, որոշումներ են կայացնում: Էդ լուրջ ծրագրերից խուսափելը նշանակում է փորձ անել նորից ժողովրդի՝ 2-3 հազար մարդու, պատանդել Ազատության հրապարակում՝ իբրև թե գարունը ձմռանից շուտ ա գալու: Էդպիսի իրավիճակներ ժողովրդի համար չի կարելի ստեղծել: Մեր խնդիրը գիտենք՝ժողովուրդը խնդիր ունի, և ոչ միայն այնտեղ հավաքվածները, անհրաժեշտ է, որ բարեփոխումների ճանապարհով այդ խնդիրները լուծենք: Այսինքն` մենք հակված չենք ինչ-որ մարդկանց կապրիզի անվիճելի հետևանքով ինչ-որ բաներ փոխել, որը նորից հնարավորություն տա ժողովրդին մտածելու , թե ինչ-որ մի նոր բան կլինի: Ո՛չ, ինչ-որ եղել է, ինչը որ կա, նա է, մնում է այն քաղաքական ուժերը, որոնք կկարողանան, խոսեն և ասեն՝ ինչի են ի վիճակի և ինչ զարգացումներ են պետք: Այսինքն` պաշտոններ ուզելով՝ չեմ կարծում, որ դրանով ժողովրդի վիճակը լավանում է: Պարզապես պաշտոններ ուզելով՝ փորձում են խաբել կրկնակի անգամ ժողովրդին, դրա համար էլ մենք գնահատականներ չունենք»։