«Հիմա նույնիսկ եթե դոկտոր էլ լինես՝ էլի կորած ես…»
Առաջ գիտեինք, որ, եթե լավ սովորեինք, ընդունվեինք ասպիրանտուրա ու պաշտպանեինք՝ մասնագետ կդառնայինք, աշխատանք կգտնեինք ու նորմալ կապրեինք, իսկ հիմա, եթե նույնիսկ դոկտոր էլ լինես՝ էլի կորած ես, որովհետև դոկտոր մաթեմատիկոսը հիմա ապահովված չէ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վանիկ Զաքարյանը: Իր դասախոսական փորձից նա մի դեպք է հիշել, երբ ուսանողներից մեկը դիմում էր գրել ուսման վարձի համար զեղչեր ստանալու նպատակով. «Հայրս դոկտոր է, Ակադեմիայում է աշխատում, ավագ գիտաշխատող է, դրա համար էլ մեր վիճակը վատ է, զեղչ արեք ուսման վարձը»:
«Նրա հայրը՝ որպես գիտաշխատող, մոտ 60 հազար դրամ աշխատավարձ էր ստանում»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Վանիկ Զաքարյանը՝ նշելով, որ առաջ շատ հարգանքով էին վերաբերվում, երբ մեկը, օրինակ՝ պրոֆեսորի տղա էր լինում, իսկ ներկայումս ասես անպատվեն. «Հա, պրոֆեսորի տղա՞ ես… »: Ըստ գիտնականի՝ եթե գիտությամբ զբաղվող, կրթված մարդու նկատմամբ վերաբերմունքը մեզանում չփոխվի, ապա շատ տխուր հետևանքներ կլինեն:
Վ. Զաքարյանը ցավով նկատել է, որ սովորող ուսանողների ճնշող մեծամասնությունը պատրաստվում է արտասահման գնալ՝ ուսումը շարունակելու կամ աշխատելու նպատակով: Ամենացավալին այն է, որ երկրից հեռանում են գրեթե բոլոր լավագույն ուսանողները, ինչի պատճառով նաև բուհերն են տուժում՝ կանգնելով որակյալ դասախոս գտնելու խնդրի առջև: «Ցավոք սրտի՝ գնում են ամենափայլունները: Մեզ մոտ սովորում են ասպիրանտուրայում, պաշտպանում են, խնդրում եմ, որ մեզ մոտ աշխատեն՝ հրաժարվում են»,- ասել է Վ. Զաքարյանը՝ նկատելով, որ մի կողմից՝ դասավանդելը դժվար աշխատանք է, մյուս կողմից՝ դրա համար տրվող աշխատավարձն է ցածր: Արդյունքում՝ երիտասարդ մասնագետներն անմիջապես աշխատանքի են անցնում որևէ ընկերությունում, որը չնորմավորված աշխատանք է, և բացի այդ՝ աշխատավարձը բուհի համեմատ մի քանի անգամ ավելի բարձր է:
Վ. Զաքարյանի խոսքով՝ շատ հաճախ երիտասարդ լավագույն դասախոսներին կարողանում են համոզել, որպեսզի գոնե կես դրույքով աշխատեն բուհում՝ համատեղելիության կարգով, ինչը, սակայն, երկար չի տևում: «Օրինակ՝ մեկը ունեինք, պաշտպանեց, սակայն մեկ տարի հետո ասաց՝ խնդրում եմ, ինձ ազատեք աշխատանքից, քանի որ կես դրույքով աշխատելու պարագայում մեկ շաբաթում պետք է գոնե 10 ժամ դաս ունենամ, ինչը նշանակում է, որ 4-5 օր պետք է համալսարան գնալ: Այսինքն՝ այդ ընկերությունում, որտեղ ինքն աշխատում է, պետք է խնդրի, և այլն, այն դեպքում, երբ այդ կես դրույքի համար նա պետք է ստանա ընդամենը մոտ 50 հազար դրամ»,- ասել է Վ. Զաքարյանը՝ նկատելով, թե որքան կարևոր է այսօր լավ կադրեր ունենալու խնդիրը: Ինտերնետի՝ տեղեկատվական լայն հնարավորությունների պայմաններում, այսօր ավելի հեշտ է դարձել երիտասարդ գիտնականների արտահոսքը: Եվ այդ երիտասարդները Հայաստանում մնալու մոտիվացիա չտեսնելով և գիտակցելով, որ մարդու ապահովվածությունը, կենսագործունեությունը, կենսակերպը, աշխատանքը, կարիերան կախված չեն տվյալ մարդու կրթական մակարդակից՝ լքում են երկիրը:
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վանիկ Զաքարյանի հետ ամբողջ հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի հինգշաբթի օրվա տպագիր համարում: