Աղվան Վարդանյան. Ելքը քաղաքական համաձայնությունն է

Ասում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը

– Պարոն Վարդանյան, ինչպե՞ս եք գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից սկսված հացադուլը` որպես պայքարի միջոց հատկապես այս փուլում: Այն ի՞նչ կարող է տալ շարժմանը:

– Այն, որ հացադուլը պայքարի միջոց է, որևէ մեկը չի կարող ժխտել, այն, որ ծայրահեղ միջոց է` նույնպես: Ամբողջ խնդիրը հետևյալն է. այն նշաձողը, որը դրել է Րաֆֆի Հովհաննիսյանը, արդեն գործընթացները քաղաքական հարթությունից տեղափոխում է բարոյական-հոգևոր հարթություն և ստեղծում է լրիվ նոր իրավիճակ, ինչը նաև շատ բարդ կացության առաջ է կանգնեցնում բոլորին: Այս հարթության մեջ հաշվարկները, մոտեցումները և կշռադատված քայլերը չեն աշխատում, և ընդդիմությունը, շարժման մասնակիցները և հատկապես իշխանությունները լուրջ մտածելու բան ունեն:

Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն իսկապես պատրաստ է գնալ ծայրահեղ քայլի, դա կարող է Հայաստանում ստեղծել անկանխատեսելի իրավիճակ, կարող է առաջացնել մի ամբողջ հոգեփոխություն, և դրանից հետո հայտնի չէ, թե հասարակությունն ուր կգնա: Մնում է ելքեր փնտրել ստեղծված իրավիճակից, իսկ ելքեր գտնելու պարտավորությունը որքան շարժմանը և ընդդիմությանն է, այդքան, և գուցե ավելի, իշխանությանը:

Կարդացեք նաև

– Ըստ Ձեզ` սա «մեսիջ» էր ուղղված ավելի շատ հասարակությա՞նը, ընդդիմադիր ուժերի՞ն, թե՞ իշխանություններին:

– Կապ չունի: Կա իրողություն, այդ իրողության հետ անխտիր առնչվում են բոլորը` և՛ հասարակությունը, և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը: Այլևս փորձել մեկնաբանել, վերլուծել, գնահատականներ տալ` սրանք դառնում են այլ խոսակցության թեմա: Բնականաբար, բոլորն էլ այս իրողության մեջ են ապրում և բոլորը պիտի հետևություններ անեն ու փորձեն ելքեր որոնել: Այն, որ շարժումը պիտի հզորանա, և ճնշումը պիտի մեծանա, ակնհայտ է, քանի որ որևէ իշխանություն, առանց ճնշման, զիջումների չի գնում: Բայց շարժումը կազմակերպելու, ընդլայնելու այլ բազմաթիվ ձևեր կան, և չի կարելի բացառել, որ այս ձևը նույնպես կարող է այս մթնոլորտում մրցունակ լինել: Մենք, իհարկե, ընդդիմության տարբեր ներկայացուցիչների, այդ թվում` «Ժառանգության» հետ քննարկել ենք շարժումը կազմակերպելու և հզորացնելու մեխանիզմները:

Այս ուղղությամբ պետք է աշխատել, բայց ինքնին այս իրավիճակը` ընտրությունների ընթացքը և հետընտրական զարգացումները, կարող են այնպիսի ճյուղավորումներ ունենալ, որոնք չեն ենթարկվում քաղաքական տրամաբանության: Տեսեք, ի՞նչն էր առաջին օրերին իշխանության գոնե խոսացող հատվածի հույսը` «հերթական շարժումն է, հերթական բողոքավոր զանգվածն է, կմարի, միտինգները կվերջանան»: Թվում էր, թե հրապարակում հստակություն չկա. նույն Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթներում որևէ կոնկրետ նպատակներ, խնդիրներ չէին ձևակերպվում: Բայց ակնհայտ է, որ շարժումը չի մարում, ակնհայտ է, որ շարժումն արդեն բոլորի մտքում է, ուղեղներում և հոգիներում է, և հույս ունենալ, թե կմարի, այդպես չէ:

Մոտ 7-8 հանրահավաքներ են եղել` տարբեր չափերի, վերջին հանրահավաքում էլ կարծես թե կոնկրետ ասելիք չկար, բայց, միևնույն է, մարդիկ գալիս են, որովհետև մարդկանց մեջ փոփոխություն է կատարվել, այդ փոփոխությունը կատարվել է ընտրությունների օրը:

– Սակայն իշխանություններն այս ամենից կարծես այնքան էլ անհանգստացած չեն:

– Մենք ասում ենք` «իշխանություններ», և մի կողմ ենք քաշվում, բայց իշխանության մեջ ևս շատ տարբեր հատվածներ և տարբեր մարդիկ կան, ներքին լարվածություն կա իրենց մեջ: Ակնհայտ է մեկ բան. որքան էլ իշխանության հրապարակային դեմքերն իրենց «ճշմարտություններն» ասեն, Հայաստանում բոլորը գիտեն` ինչ է կատարվել: Հայաստանում գիտեն, որ այս ընտրությունների հրապարակված արդյունքներն արժանահավատ չեն: Եվ իշխանությունները` վերևից ներքև, այդ պրոցեսի մեջ են: Այնտեղ էլ կան տարբեր` կշռադատող, անհանգիստ, երկրի ու հասարակության ապագայի հոգսերով մտահոգ մարդիկ: Եվ կարծում եմ` ելք գտնելու առաջին պատասխանատուն իշխանությունն է:

– Դաշնակցությունը հայտարարեց, որ շարժման պայքարի հաջորդ հանգրվանը պետք է լինեն Երևանի ավագանու ընտրությունները: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը չհերքեց ընտրություններին միասնական ցուցակով գնալու` ՀՅԴ-ի, «Ժառանգության» և «Բարգավաճ Հայաստանի» միջև բանակցությունների ձախողումը: Ձեր կարծիքով` ո՞րն էր դրա պատճառը:

– Նախ` մենք միշտ ասել ենք, որ երկրում արմատական փոփոխությունների անհրաժեշտություն կա, և, եթե հիշում եք, որոշակի գործընթացներ սկսվեցին նաև ԱԺ-ում, որտեղ հստակ դրել էինք այն խնդիրները, որոնց շուրջ հնարավոր է բանակցել և ելքեր գտնել: Պարզ է մի բան` նույնիսկ այս տիպի` ոչ մրցակցային ընտրություններում, երբ կարծես թե ամեն ինչ կանխորոշված էր, մեր հասարակությունը նախագահական ընտրությունները դիտում է` որպես հնարավորություն, և այն, ինչ կատարվեց, անսպասելի էր բոլորի համար: Սակայն նույնիսկ այս պայմաններում մենք ունեցանք խայտառակ ընտրություններ և հետընտրական նույնքան լարված իրավիճակ, ինչպես ունեցել էինք սկսած 1996 թվականից` բոլոր նախագահական ընտրությունների ժամանակ:

Ակնհայտ է` երբ իշխանությունը վերածվում է քաղաքական մենաշնորհի, սա որևէ լավ տեղ չի տանում, և մեր տրամաբանական առաջարկություններից մեկը երկրում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելն էր: Ոչ թե նախաձեռնել նման գործընթաց, աշխատանքային խումբ, այլ ընդդիմության և իշխանության միջև պետք է կայանա քաղաքական համաձայնություն: Առաջիկայում մենք գնում ենք դեպի սահմանադրական փոփոխությունների հանրաքվե:

Ի՞նչ կորոշի ժողովուրդը, դա այլ խնդիր է: Երկրորդը` անհրաժեշտ է արմատապես փոխել Ընտրական օրենսգիրքը` երեք հիմնական ուղղություններով. առաջինը` անցում 100 տոկոս համամասնական ընտրակարգին, քանի որ հայտնի է, թե Հայաստանում ինչ է նշանակում մեծամասնական ընտրակարգը, երկրորդը` ընտրացուցակները պետք է հրապարակային լինեն, և մարդիկ իմանան` ովքեր են քվեարկել, ովքեր` ոչ: Չի բացառվում ունենալ երկու ցանկ` Հայաստանում ներկա ընտրողների ցուցակ, և նրանց ցուցակը, ովքեր Հայաստանում չեն:

Լրջագույն խնդիր է ընտրական հանձնաժողովների կազմավորման ձևը, որովհետև իշխանությունը սրա պատասխանատվությունը փորձում է բարդել ընդդիմության վրա, մինչդեռ համապետական ընտրությունները պետական միջոցառումներ են:

Եվ երրորդը` մենք ի վերջո պիտի հասկանանք, որ քաղաքական մենաշնորհը բացարձակ մեծամասնության կողմից առանց պատասխանատվության վերցնելը տանում է փակուղի: Մենք Հայաստանում պետք է ունենանք իշխանություն-ընդդիմություն միասնական քաղաքական համակարգ, որտեղ ընդդիմությունն ունի օրենքով սահմանված հստակ լիազորություններ, և այդ լիազորություններն իրավունք են տալիս ընդդիմությանը` հակակշռել իշխանությանը, զսպել, վերահսկել և ստիպել նրան աշխատել` ըստ իր ծրագրերի: Այստեղ, իհարկե, կար ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման պահանջը, որը դրել էր «Ժառանգությունը», և մերժվեց իշխանության կողմից:

Այնպես որ, ելքերը պետք է միասին գտնել: Բնական է` մենք նաև դիտարկում էինք, որ ձևավորված այս շարժումը (այդ մասին մենք խոսել ենք «Ժառանգության» հետ), պահելով իր բուն նպատակը` իշխանությունը ժողովրդին վերադարձնելը, պետք է գնա հետևողական, հանգրվանային քայլերի: Առիթը կար` Երևան քաղաքի ավագանու ընտրություններն էին, և շարժման առաջին հանգրվանային նպատակը պիտի լիներ` փորձել ընտրությունների միջոցով իշխանությունը վերցնել Երևանում և հակակշիռ ստեղծել իշխանությանը:

Կարծես թե, շատ տեսանելի և շատ տրամաբանական քաղաքական նպատակ էր, որով շարժումը նաև կհզորանար և կընդլայնվեր: Եվ մենք փորձեցինք ամեն ինչ անել, որ ոչ իշխանական դաշտը համախմբվի այս նպատակի շուրջ և միասնաբար գնա ընտրությունների: Քանի որ այս խոսակցությունն ակնհայտորեն կար օդի մեջ, և նախնական կոնսուլտացիաներ ունեինք և՛ «Ժառանգության», և՛ ԲՀԿ-ի հետ, փորձեցինք քննարկել այս հարցը: Եղան երկու հանդիպումներ, ցավոք, քաղաքական ուժերը չկարողացան երեքը միասին գտնել լավագույն լուծումը, այսինքն` միասնաբար գնալ ընտրության:

Եթե դա հնարավոր լիներ, չէր բացառվում նաև այլ ոչ իշխանական ուժերի, մտավորականության ներգրավումը համատեղ ցանկում: Ասեմ, որ Դաշնակցությունն ամեն ինչ արեց, որ սա կայանա` առանց ավելորդ հավակնությունների: Պատճառը մոտեցումների որոշակի տարբերությունն էր. «Ժառանգությունը» ելնում էր այսօրվա իրավիճակից` նախագահական ընտրությունների արդյունքներից և Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայներից:

Եվ բնականաբար, իրեն էր տեսնում առաջինը, ԲՀԿ-ն ելնում էր նաև նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների արդյունքներից և ԱԺ-ում իր ներկայացվածության չափից: Երկուսն էլ ունեին իրենց փաստարկները, բայց հնարավոր չեղավ սրանք մեկտեղել, և, ինչպես գիտեք, ԲՀԿ-ն արդեն հայտարարել է իր մասնակցության ձևաչափի մասին: «Ժառանգության» հետ մենք շարունակում ենք որոշակի կապեր պահպանել, սակայն, գոնե այսօրվա դրությամբ, ամենայն հավանականությամբ, մենք ևս ընտրություններին կգնանք առանձին: Սա, իհարկե, լավագույն լուծումը չէր, բայց սա նաև չի բացառում ընդդիմադիր ուժերի միջև հետընտրական դաշինքի ձևավորման հնարավորությունը:

– Իսկ այս բանակցությունները Ձեզ չհիշեցրի՞ն ԱԺ ընտրություններից առաջ ձևավորված Միասնական շտաբը կամ նախընտրական կոնսուլտացիաները և դրանց արդեն հայտնի հանգուցալուծումը:

– Բնականաբար, հիշեցրին, բայց այդ իմաստով գոնե մեր խիղճը մաքուր է, մեր ճակատը բաց է: ՀՅԴ-ն նախագահական ընտրություններից առաջ ևս փորձ արեց առավելագույն կերպով համախմբել ընդդիմադիր դաշտը և գնալ միասնական թեկնածուով, ցավոք, հնարավոր չեղավ, նույնը փորձեցինք անել այս անգամ: Այլ բան մեզնից ուղղակի կախյալ չէր:

– Այդ դեպքում միգուցե ավելի ճիշտ կլիներ ա՞յլ ձևաչափեր փնտրել, այսինքն` սկզբում լիներ հասարակական համախմբումը, որին կհաջորդեր արդեն կուսակցությունների համախմբումը:

– Բնականաբար, այսօր կա հասարակական համախմբում, քաղաքացիական շարժումներ, բայց եթե որևէ մեկը նման առաջարկ է անում, պետք է «այբ»-ն ասելուց հետո նաև ասի «բեն»-ը, «գիմ»-ը, և այլն: Հասարակական համախմբմանն ինքնին կազմակերպական ձև տալը շատ ավելի բարդ ճանապարհ է, քան քաղաքական ուժերի համախմբումը, որն արդեն հասարակական շարժումների ներգրավման հնարավորություն կտար: Պատկերացրեք, եթե մենք խոսում ենք հասարակական համախմբման մասին, այստեղ գործող անձինք ոչ թե երեքը կամ չորսն են, այլ շատ ավելի բազմազան շերտեր կան, և այնտեղ ուղղակի հնարավոր չէ նման համախմբում պատկերացնել:

– Այսինքն` կարո՞ղ ենք եզրակացնել, որ քաղաքական ուժերը չեն կարողանում դուրս գալ նեղ կուսակցական տրամաբանությունից:

– Այն, որ մեր քաղաքական համակարգը կայացած չէ և նույնպես փոփոխությունների խիստ անհրաժեշտություն ունի, որ հասարակությունն այսօր այլ չափանիշներով է մտածում, և քաղաքական ուժերը պիտի պատրաստ լինեն նոր ժամանակի ոգով աշխատել, ակնհայտ է:

Բայց, գոնե ինձ համար, ակնհայտ է նաև այն, որ չի կարելի հակադրել քաղաքական համակարգը քաղաքացիական հասարակության համակարգին: Կան մարդիկ, ուժեր, ովքեր փորձում են սրանց հակադրել և ասել, որ քաղաքական ուժերը պետք է մի կողմ քաշվեն, և քաղաքացիական հասարակությունը պիտի, այսպես ասած, տեր դառնա: Բայց բնության մեջ նման բան չի լինում:

– Դուք նշեցիք փոփոխությունների անհրաժեշտության մասին, սակայն այդպիսի առաջարկներ ընդդիմությունն արել է նաև նախկինում և անընդհատ մերժվել է իշխանության կողմից:

– Պրոցեսներն անընդհատ են. այո՛, եղել են, այո՛, մերժվել են, այո՛, նորից եղել են և նորից են մերժվել, բայց ցանկացած գործողություն, բացասական թե դրական, զարգանալով` հանգում է իր վերջին աստիճանին, որից այն կողմ այլևս տեղ չկա, և փոփոխություններն այլևս դառնում են անխուսափելի: Կարծում եմ` իշխանության մեջ ևս կան գիտակից և երկրի մասին մտահոգ մարդիկ, ովքեր հասկանում են սա: Թվում էր, թե մեր ընտրական համակարգն այլևս տեղ չունի նույնանալու պետական համակարգի հետ, բայց եկավ մի տեղ, որ ջարդվեց ու կոտրվեց:

Նույնը կարելի է ասել այս գործընթացների մասին. ի վերջո, այս պատը, ուզեն թե չուզեն, նախ փլվել է իրենց մեջ, փլվել է և՛ մարդկանց, և՛ քաղաքական ուժերի, և՛ իշխանությունը ներկայացնող անհատների ու նրանց տարբեր խմբավորումների մեջ: Այնպես որ, փոփոխություններն ակնհայտորեն լինելու են:

– «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին այցելելուց հետո հայտարարեց, որ վերջինիս քայլին պետք է հետևի քաղաքական քայլերի շարք, առաջին հերթին` ընդդիմադիր ուժերի կողմից հրաժարումը պատգամավորական մանդատներից: Ի՞նչ կարծիք ունեք այս առաջարկի մասին:

– ԱԺ ընտրություններից հետո միշտ էլ, այսպես ասած, օդի մեջ եղել է նման տպավորություն, բայց մենք պետք է իրատես լինենք: Այսօր ԱԺ-ում հայտարարված ընդդիմությունն ունի 17 պատգամավոր (նույնիսկ ավելի քիչ, քանի որ «Ժառանգություն» խմբակցության ներսում խնդիրներ կան), և 17 հոգու հրաժարականը ոչինչ չի փոխում: Կա «այլընտրանքային» քաղաքական ուժը` ԲՀԿ-ն, որն ունի մեծաթիվ պատգամավորական խմբակցություն: Ըստ իս` զուտ քաղաքական տրամաբանությունից ելնելով` այդ ակցիան կարող է իմաստ և արդյունք ունենալ, եթե դրան միանա նաև ԲՀԿ-ն: Որքանո՞վ է սա իրատեսական, չեմ կարող ասել: Եվ այս առումով` հայտարարություն անել, ցանկություն հայտնելը գուցե շատ լավ բան է, բայց նաև պետք է տեսնել իրողությունը: Այսինքն, եթե նման բան հնարավոր է բնության մեջ, ուրեմն կարելի է դրան գնալ, եթե հնարավոր չէ, անիմաստ է այդ մասին խոսել:

– Իսկ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումն ի՞նչ կարող է տալ:

– Հատկապես այս ընտրություններից հետո դժվար է ասել` ինչ կտա: Խնդիրը հետևյալն է. շարժման առաջնորդը` Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես հայտնի է, հանդիպել է գործող նախագահի հետ և ներկայացրել իր առաջարկները, և նա գտնում է, որ նվազագույն շեմը համապետական որևէ միջոցառումն է, համապետական կարող են լինել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը և խորհրդարանական ընտրությունները: Սա իր մոտեցումն է, և մենք իրավունք չունենք ասելու, որ դա ճիշտ մոտեցում չէ: Իսկ իշխանության` մինչ օրս տված պատասխանն ակնհայտորեն մերժումն է: Ի՞նչ կլինի շարունակությունը, դժվարանում եմ ասել, բայց, որ իշխանությունը պիտի գտնի այնպիսի առաջարկներ, որոնք իսկապես կարող են երկիրը դուրս բերել այս փակուղուց և զարգացման հուն տեղափոխել, դա ևս ակնհայտ է:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս