Բաժիններ՝

Ջրածածկման վտանգները. ԱԻՆ-ը կոչ է անում լինել ուշադիր և պաշտպանված

Այսօր ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղի ունեցավ հանրապետության տարածքում սպասվող եղանակի կտրուկ փոփոխությունների և հնարավոր ջրածածկումների վերաբերյալ մամուլի ասուլիս։

Բանախոսներն էին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը, ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, գնդապետ Հովհաննես Եմիշյանը և Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Խոսելով եղանակային կտրուկ փոփոխությունների մասին` Գ. Սուրենյանը մասնավորապես ասաց.
– Մարտի 12-ին Հայաստան են ներթափանցել Աֆրիկայի հյուսիսային շրջաններից սկիզբ առած տաք հոսանքներ: Ըստ կանխատեսումների` մարտի 15-17-ը հանրապետության տարածքը կգտնվի այդ հոսանքների ազդեցության գոտում, ինչի հետևանքով ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա` 8-10 աստիճանով: Քանի որ լեռնային շրջաններում առկա է ձյան ծածկ` 50-80 սմ, որը ջերմաստիճանի բարձրացման հետևանքով կարող է վերածվել հալոցքի, և այդ օրերին սպասվում են տեղումներ, ապա կա վտանգ, որ հանրապետության առանձին հատվածներում կնկատվի ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որի հետևանքով հնարավոր է ափամերձ տարածքների և բնակավայրերի ջրածածկում:

Ասուլիսի մյուս բանախոս Հ. Եմիշյանը խոսեց հնարավոր ջրածածկումների դեպքում իրականացվելիք կանխարգելիչ միջոցառումների մասին։
– Դեռևս փետրվարի վերջին ԱԻ նախարար Ա. Երիցյանը գրությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը ներկայացրել է 2013 թ. գարնանային վարարումների և սելավների վտանգներից ՀՀ բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները, գյուղատնտեսական հողատեսքերն ու բնակչության գույքը պաշտպանելու նպատակով ՀՀ ԱԻՆ կողմից գետերի, հեղեղատարերի և սելավատարերի հուների հեղեղավտանգ հատվածների ուսումնասիրությունների արդյունքում մշակված անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկություններ։ Այժմ մենք մարզային փրկարարական վարչությունների և տեղի մարզպետարաննների համապատասխան ծառայությունների հետ սկսել ենք իրականացնել այդ միջոցառումները։Բնակիչները պետք է տեղյակ լինեն այս ամենի մասին և իրենք իրենց հերթին համապատասխան միջոցառումներ իրականացնեն` գույքն ամրացնել, թունաքիմիկատները հեռացնել, թանկարժեք իրերը բարձր տեղերում դնել և ավազով պարկեր պատրաստել,- ասաց Հ. Եմիշյանը:

Շարունակելով թեման` Ն. Գրիգորյանը նշեց.
– Խոսքը չի գնում հնարավոր աղետի մասին: Ջրածածկումը բնության սովորական երևույթ է, որի մասին իրազեկումը նպատակ ունի բնակչությանը հասցվող վնասները հասցնել նվազագույնի: ԱԻ նախարարությունը, մյուս նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ, ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը` դրան հասնելու համար: Եղեք ավելի իրազեկ, ուշադիր և պաշտպանված:

Ասուլիսի վերջում Գ. Սուրենյանը ավելացրեց, որ մարտի 18-ին ջերմաստիճանը կրկին կնվազի, իսկ առաջիկա 5 օրերի ընթացքում սպասվում են ուժեղ քամիներ:

Ջրածածկումների դեպքում անվտանգության վարքականոնների մասին կարդացեք այստեղ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս