Բաժիններ՝

Երիտասարդների 90 տոկոսը, եթե չի գնում, ապա հակված է Հայաստանից գնալու

Հարցազրույց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հ/կ-ի նախագահ,
Բեռլինի Ազատ համալսարանի ասպիրանտ Արսեն Գասպարյանի հետ

– Նախ` փորձենք հասկանալ, թե ո՞րն է երիտասարդ գիտնականների արտագաղթի պատճառը:

– Ես ուսանել եմ Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում: Իմ կուրսեցիների մեծ մասը` լավագույն ուսանողները, ավարտելուց հետո հեռացել են Հայաստանից: Ճիշտ է, նրանց հետ մեր կապը պահպանվում է, սակայն երկրի համար, որպես այդպիսին, նրանք արդեն կորել են, քանի որ հասկանալի է` ներկայիս պայմաններում նրանք հետ չեն գա Հայաստան:

Ինչո՞ւ են արտագաղթել: Այս հարցը պետք է դիտարկել տարբեր հարթություններում: Յուրաքանչյուրի պարագայում այն անհատական է, և չի կարելի բոլորին մի հարթության վրա դիտարկել: Կարծում եմ, խնդիրն, առաջին հերթին` հետագա կրթության շարունակականության սկզբունքի խախտմանն է վերաբերում. ասպիրանտուրայի տեղերը խիստ կրճատվեցին, և դրա արդյունքում բազմաթիվ երիտասարդներ ստիպված թողեցին ու փախան այստեղից: Խոսքն այս դեպքում ոչ թե բանակից խուսափելու մասին է, քանի որ ինքս էլ ծառայել եմ բանակում, այլ այն, որ, եթե մարդը սովորել է բակալավրիատում, ապա` մագիստրատուրայում, նրա կրթության շարունակականությունն անպայման պետք է ապահովվի: Նա պետք է գիտությամբ ծառայի մեր երկրին:

Կարդացեք նաև

Կարծում եմ, ասպիրանտուրայի այդ տեղերի բաշխումը կատարվում է առանց որևէ վերլուծության, թե մեր երկրին որքա՞ն կամ ի՞նչ ոլորտի մասնագետներ են անհրաժեշտ: Նաև կապեր ունենալու խնդիր կա` թե ո՞ր բուհը` որքա՞ն տեղեր կարողացավ բերել, նմանատիպ հարցեր կան…

Երկրորդ խնդիրը վերաբերում է ֆինանսական հատվածին: Պետության կողմից գիտությանը հատկացվող միջոցները, ցավոք սրտի, շատ քիչ են, իսկ երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրերը բավարար չեն, և դրանք խնդիր լուծել չեն կարող:

Այն տասնյակ երիտասարդները, ովքեր որոշ ինստիտուտներում կան, շատ դեպքերում կամ ներգրավված են ինչ-որ միջազգային դրամաշնորհների շրջանակներում իրականացվող ծրագրերում, կամ էլ պարզապես փորձում են փորձ ձեռք բերել գիտական ինստիտուտներում, այսպես ասած` «background» (նախապատմություն) ունենալ, որպեսզի հնարավորություն ունենան արտերկիր գնալու, քանի որ դրսում այդ ամենը գնահատվում է:

Ուստի, քանի դեռ նրանց «դուրս պոկվելու» հնարավորությունը չի բացվել, նրանք այդ ինստիտուտներում են: Սակայն, համոզված եմ, որ բոլոր այն ուսանողներն ու երիտասարդ գիտաշխատողները, ովքեր ունեն պահանջվող ունակությունների գոնե մինիմալ շեմը, օրինակ` լեզվի իմացություն, համապատասխան ոլորտում գիտելիքների բազա և որոշ անհրաժեշտ հմտություններ, փորձում են մասնակցել միջազգային համաժողովների` կապեր ձեռք բերելու համար, որն անչափ կարևոր է նրանց ապագայի համար: Եվրոպայում սովորելով` ես գիտեմ, թե որքան կարևոր են այդ կապերը, որ լավ ղեկավարը կարող է, այսպես ասած, արևի տակ տեղ գտնել քեզ համար: Գիտական մակարդակի վրա հիմնված այդ կապերը շատ կարևոր են, սակայն Հայաստանում այդ ամենն անձնական տիրույթում է և գիտական մակարդակի վրա չէ:

Երրորդ կարևոր խնդիրը նվազագույն պայմանների ստեղծմանն է վերաբերում: Ես ունեմ ընկերներ, ովքեր դրսում են սովորում, և համոզված եմ, որ հնարավորության դեպքում նրանք հետ կգային: Սակայն մարդիկ, ովքեր բարձրակարգ բուհերում ուսում են ստացել և գիտական հետազոտություններ են կատարել, արդեն սովորել են, որ, եթե իրենց քիմիական նյութեր են անհրաժեշտ, ապա դրա համար իրենք չպետք է վազվզեն տարբեր թղթերի հետևից, նրանք պարզապես ներկայացնում են անհրաժեշտ ցանկը, իսկ համապատասխան մարդիկ զբաղվում են այդ ամենով:

Կամ էլ համապատասխան աշխատավարձ են ստանում, ուստի խնդիր չի առաջանում անհրաժեշտ նյութերի ձեռքբերման: Այդ մարդկանց հետ բերելու համար պետք է նվազագույնը որոշ պայմաններ ստեղծել կամ գայթակղիչ ինչ-որ առաջարկներ կատարել, օրինակ` ինչ-որ լաբորատորիայի կամ հիմնարկի ինչ-որ մի բաժնի ղեկավարի հաստիք առաջարկել, որպեսզի նրանք գան Հայաստան: Երիտասարդ գիտնականներին հետ բերելու համար պետք է հստակ ռազմավարություն մշակվի:

– Տարբեր գիտական ինստիտուտների ղեկավարները նշում են, որ վերջին շրջանում իրենց ինստիտուտներում փոփոխություններ են կատարվել. պետության աջակցությամբ երիտասարդների են ընդունել աշխատանքի:

– Այո, երիտասարդներ կան: Ես գիտեմ տասնյակ երիտասարդների, ովքեր գալիս են, աշխատում են այդ ինստիտուտներում, սակայն հենց հնարավորություն են ունենում` թողնում-գնում են: Եվրոպայում դա նորմալ է, երբ, օրինակ, նա պաշտպանում է, իսկ հետո փոխում է բուհը, բայց նա այդ երկրից չի թողնում-գնում, իսկ մեզ մոտ գնում են: Այսինքն` ոչ թե երկրի ներսում են կատարվում այդ փոփոխությունները, որոնք ճահճացման դեմ ուղղված մեխանիզմներ են, և երիտասարդների, այսպես ասած, շրջապտույտ է տեղի ունենում տարբեր գիտական կառույցներով, այլ բոլորովին ուրիշ իրավիճակ է: Այստեղ երիտասարդների 90%-ը, եթե չի գնում, ապա հակված է Հայաստանից գնալու: Այսինքն` մենք չենք կարող վստահ լինել, որ վաղն իսկ ունենալով մի փոքրիկ հնարավորություն, նա չի թողնի ու չի լքի երկիրը:

Ես ինքս աշխատել եմ Երևանի պետական համալսարանում, չորս տարվա աշխատանքի ընթացքում իմ աշխատավարձը կազմում էր 30 հազար դրամ: Իսկ եթե առաջընթաց չկա, ապա դուրս գնալն ուղղակի անխուսափելի է:

– Ըստ Ձեզ, որպեսզի երիտասարդ գիտնականը մնա Հայաստանում, ի՞նչ է պետք դրա համար անել, ի՞նչ առաջարկներ ունեք այս ուղղությամբ:

– Նախ, առաջին հերթին, դրա համար ցանկություն է պետք: Խոսքը մեկ-երկու հոգու մասին չէ, համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ, որոնք զոհեր են պահանջում: Եթե իսկապես ուզում ենք փոփոխություններ, համակարգային կառավարման փոփոխություններ, փոփոխություններ, որոնք միտված են այս իրավիճակը փոխելու և այն շտկելու, ապա շատ կարևոր է արդարության գաղափարը: Շատ կարևոր է, որպեսզի երիտասարդների մոտ հավատ առաջանա, հավատ` ամեն ինչի նկատմամբ, նույնիսկ այդ մրցույթների, որոնք հայտարարվում են, որպեսզի նրանք տեսնեն, որ այդ ամենն արդար է իրականացվում: Այդ պարագայում, կարծում եմ, ավելի շատ շահառուներ կներգրավվեն այդ գործընթացներում: Կարևոր է, որ երիտասարդը վստահ լինի, որ վաղը կամ մյուս օրն ինքը կկարողանա գիտությամբ զբաղվելով` ընտանիք պահել, սոված չի մնա կամ գոնե ստիպված չի լինելու գնալ, օրինակ` տաքսու վարորդ դառնալ:

– Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը մշտապես շեշտում է, որ դրական տեղաշարժեր կան այն առումով, որ թեմաների կրճատման արդյունքում` ֆինանսավորումն ավելի շատ է տրվում գիտնականներին, և մարդիկ կարող են նորմալ աշխատել: Ի՞նչ կասեք այդ մասին:

– Թեմաները կտրուկ կրճատվեցին, ըստ էության, որի հետ ես համաձայն եմ: Իրոք, Հայաստանում 700 թեմայի ֆինանսավորումը… դրանք ավելի շատ կրկնօրինակման վիճակում էին գտնվում: Բազմաթիվ մարդիկ, (իհարկե, խոսքը բոլորի մասին չէ), տարիներ շարունակ նույն բանն էին անում և իրականում ոչ մի բան էլ չէին անում: Սակայն թեմաների կրճատումից հետո մենք անցանք դրամաշնորհային համակարգի: Կարծում եմ, երկրում ցանկացած ֆինանսավորում պետք է լինի մրցութային սկզբունքով, որպեսզի լավագույնները հաղթեն, իսկ այսօր դա այդպես չէ:

Այլ խնդիր էլ կա` անկախ փորձաքննություն անցկացնելու խնդիրը: Հայաստանում փորձաքննություն անցկացնելը համարժեք է լոտոյի: Այսինքն` բախտդ բերեց, ծանոթ ընկավ, որը լավ գնահատեց` լավ, իսկ եթե բախտդ չբերեց` չբերեցգ: Այսինքն` լավ աշխատանքը ցանկության դեպքում հանգիստ կարող են կործանել: Բոլորն իրար շատ լավ ճանաչում են, իրար հետ աշխատում կամ շփվում են, և ամեն մեկը մի նեղ ուղղվածությամբ անգամ հասկանում է, թե ո՞ւմ մոտ կարող է գնալ իր աշխատանքը: Համոզված եմ, անգամ զանգում-ճշտում են: Մեր երկրում փորձագիտության գաղափարը չի կարող աշխատել: Հայաստանում փորձաքննություն անելն անհնար է, ողջ փորձաքննությունը միանշանակ պետք է արտերկրում իրականացվի:

– Գիտական արդյունքների մասին խոսենք, հատկապես` գիտական արդյունքների առևտրայնացման մասին, որն անչափ կարևորվում է նաև պետական կառույցների կողմից:

– Այստեղ արագ արդյունք ստանալը դժվար է: Գիտությունը հիմնարար հետազոտություններ են, որոնք պետք է եղած մեխանիզմի վրա ինչ-որ կաթիլ ավելացնեն: Սակայն, պետք է նշեմ, որ կան մարդիկ, որոնց պետք է հեռացնել գիտությունից: Կներեք, որ նման կերպ եմ արտահայտվում, սակայն նրանք ասես քաղցկեղ են դարձել, ֆինանսը վերցնում են և խոչընդոտում են գիտության զարգացմանը, իսկ իրենք ոչինչ չեն անում: Չեմ ուզում անձնավորել, բայց բոլորը լավ գիտեն, թե ով` ով է, ով` ինչով է զբաղվում կամ ո՞ւմ լաբորատորիան` ի՞նչ աշխատանքներ է կատարում, և ի՞նչ արդյունքներ են ստանում:

Պետք է նշել, որ գիտնականի արդյունքը, նախևառաջ, որոշվում է նրա հոդվածներով, դա նրա առաջին ցուցանիշն է, սակայն, իհարկե, որքան լավն է նրա լաբորատորիան, դրա տեխնիկական զինվածությունը, այնքան լավ երիտասարդներ են գնում այդտեղ աշխատելու և այդքան լավ հոդվածներ են տպագրում: Եթե գիտնականները չունեն արտասահմանյան գիտական գրախոսվող հեղինակավոր ամսագրերում գոնե մեկ-երկու հոդված, դա արդեն չափանիշ է, որով կարելի է շատ բան հասկանալ: Եվ հենց նման մարդկանց այդ առաջընթացը դուր չի գալիս:

Մեզ մոտ քանի որ այդ վիճակը շատերին է ձեռնտու, գիտնականների ճնշող մեծամասնությունը, որոնք չունեն այդ արդյունքը, չեն թողնում, որ այդ փոքրիկ հատվածը, որն աշխատում է իր վրա, և այլն, ինչ-որ առաջընթաց ունենա: Վերջիններս էլ ասում են` ավելի լավ է լռեմ և իմ գիտությամբ զբաղվեմ, հոդված տպագրեմ, դրսից իմ փողը ստանամ, կամ էլ` որոշում է գնալ արտերկիր: Այսօր բոլորը քննադատում են կառավարությանը, որ գիտությանը փող չի հատկացնում, բայց եկեք հասկանանք` ինչո՞ւ չի տալիս, կամ ո՞վ է պահանջում, ո՞վ է ասում, որ մենք ուզում ենք ոչ միայն ֆինանսական, այլև կառուցվածքային փոփոխություններ:

– Կառուցվածքային փոփոխության որևէ օրինակ կնշե՞ք:

– Պարզ օրինակ նշեմ: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտներից մեկում վերջերս կոլեկտիվը տնօրեն ընտրեց մի մարդու, իսկ ակադեմիկոսների խորհուրդն ընտրեց բոլորովին այլ մարդու. սա խոսում է կառավարման կոլապսի մասին: Պարզ բան ասեմ. գիտական ինստիտուտները չպետք է ենթարկվեն ոչ մի մարմնի: Իմ կարծիքով` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան պետք է քաղաքականության մշակման հարցերով զբաղվի, օրինակ, թե ո՞ր գիտական ուղղություններն են անհրաժեշտ, այլ ոչ թե տնօրեն ընտրի:

Չէ՞ որ կոլեկտիվն է, ի վերջո, աշխատում այդ ինստիտուտում, սակայն, փաստորեն, ներկայումս այն զրկված է ինստիտուտի տնօրեն նշանակելու իրավունքից: Մինչդեռ, երբ ինստիտուտների տնօրեններին այդ կերպ ընտրում են, նրանք, այսպես թե այնպես, ինչ-որ մարդկանց գերին են դառնում և ստիպված են լռել, որովհետև նրանց կարող են զանգահարել և հիշեցնել, թե ինչպես հենց ինքը դարձավ ինստիտուտի տնօրեն, այլ ոչ թե մեկ ուրիշը: Ախր, այդպես չպետք է լինի: Տնօրենն իր գիտական արդյունքների հիման վրա, իր գիտական հոդվածներով պետք է գնահատվի: Ինստիտուտի ղեկավարը չպետք է վերևից ճնշումների ենթարկվի:

Այս ամենը ասես փակ շղթա լինի, հետևաբար, եթե ինստիտուտի տնօրենը ցանկանում է վերընտրվել, նա ոչնչից չի դժգոհի, այլ սուս ու փուս կնստի իր տեղը: Հաճախ մամուլում տեսնում եմ, որ շատերը դժգոհում են, սակայն ոչ մեկը չի գալիս քննարկումների, և կարևորագույն հարցերի մասին նրանք չեն բարձրաձայնում, լռում են, իսկ եթե այդ ամբողջ համակարգը չփոխվի… ոչինչ չի լինի: Այդ փոփոխությունների ցանկությունը միայն մերը չէ, պարզապես շատերը լռում են: Ժամանակն է փոփոխությունների, իսկ եթե չընդունեն, ապա մենք ուղղակի կողքի ենք քաշվելու:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս