Կալցիումի օգտակար հատկությունները
Կալցիումի բուժարար հատկություններից ամենակարևորը, թերևս, համարվում է ոսկրերի, ատամների առողջության պահպանումը, հաստ աղիի քաղցկեղի կանխարգելումը և ճարպակալման նվազեցումը: Մարդը կալցիումի կարիքը զգում է ծնունդից մինչև մահ: Նորածիններին կալցիումն անհրաժեշտ է ատամների և ոսկրերի նորմալ ձևավորման համար, իսկ պատանեկության շրջանում՝ ոսկրերի կանոնավոր աճի համար, ծերության շրջանում ոսկրերը դառնում են փխրուն, ուստի անհրաժեշտ է ճիշտ քանակությամբ օգտագործել կալցիումը: Աշխարհում այսքան շատ տարածված դիետաներին դիմելով` մենք հրաժարվում ենք կալցիում պարունակող կաթնամթերքից, որը շատ սխալ է: Այն կանանց մոտ, ովքեր սլացիկ լինելու համար խուսափում են կաթնամթերք օգտագործելուց և քիչ կալորիականությամբ դիետաներին են դիմում, առաջանում է օստեոպորոզ հիվանդությունը (osteoporosis, ոսկրերի հիվանդություն): Պատանեկության շրջանում շատ կարևոր է ընդունել կալցիում, վիտամիններ D, մագնեզիում և K2, որպեսզի ոսկրերը ճիշտ աճեն: Կալցիումը կազմում է չափահաս մարդու մարմնի քաշի 2%-ը: Հիշեցնենք, որ այն մեծ քանակությամբ կենտրոնացած է ատամների և ոսկրերի մեջ: Կալցիումի որոշ տարրեր կան նաև սրտանոթային համակարգի մեջ, որն էլ կանխում է վտանգավոր արյունահոսությունները:
Կալցիում պարունակող սննդամթերք: Կալցիումի մեծ պաշարներ կան կաթի, պանրի յոգուրտի, ընկուզեղենի, պահածոյացված սաղմոնի, սարդինա ձկան, սերմերի և լոբազգիների, հացահատիկների, ոստրեի, նուշի, կանաչ ոլոռի, կաթնաշոռի, սպանախի, նարնջի հյութի մեջ: Տարածված կարծիք կա, որ ամենաշատ քանակությամբ կալցիում պարունակվում է կաթի մեջ, սակայն իրականում մեծ քանակությամբ կալցիում պարունակվում է բրոկոլիի մեջ:
Կալցիումի պակասի դեպքում առաջացող հիվանդությունները ճանաչելի են: Դուք կալցիումի պակաս ունեք, եթե Ձեր մկանները ցավում են և ջղաձգվում, եթե ունենում եք ջղակծկումներ, սրտի հիվանդագին բաբախումներ: Նախանշաններ են նաև արյան բարձր ճնշումը, նախադաշտանային ցավերը, օստեոպորոզը, լնդերի հիվանդությունը, ատամների կորուստը, անքնությունը, արթրիտը, տետանիան (tetany): Հաճախ երեխաները տառապում են ռախիտ հիվանդությամբ, որի արդյունքում հիվանդներն ունենում են ծուռ ոտքեր, ներս ընկած կրծքավանդակ, ռախիտի հետևանքով դեֆորմացված կողեր. այս նշանները ցույց են տալիս, որ մայրը, ծնվելուց հետո՝ երեխան բավարար քանակությամբ կալցիում չեն ընդունել: Կալցիումի կանոնավոր ընդունումը շատ կարևոր է երեխաների և պատանիների համար, քանի որ հասուն տարիքում քչանում է օստեոպորոզ հիվանդության հավանականությունը: Ոսկրերի այս հիվանդությունը հանդիպում է կանանց՝ 3-ից 1-ի, իսկ տղամարդկանց՝ 12-ից 1-ի մոտ՝ 50 տարեկանից բարձր հասակում:
Ստորև ծանոթանանք կալցիումի օգտակար հատկությունների հետ:
Ամրացնում է ոսկրերը: Կալցիումն ամրացնում է ողնաշարը, մեղմում է ցավը և ապահովում ողնաշարի ճիշտ ձևավորումը: Կալցիումն օգնում է ոսկրերն առողջ և ամուր պահելուն, այն կանխում է արթրիտը և օստեոպորոզը:
Կանխում է ճարպակալումը: Կալցիումն օգնում է տղամարդկանց և կանանց՝ պահելու մարմնի ճիշտ քաշը: Սննդակարգում կալցիումի պակասի դեպքում մարմինն արձակում է պարատիրոիդ հորմոնը (parathyroid hormone), որի հետևանքով ոսկրերն արյան մեջ կալցիում են արձակում` դրա հավասարակշռությունը օրգանիզմում պահելու համար: Մյուս կողմից, պարատիրոիդ հորմոնն իր հերթին՝ արձակում է ճարպեր, որոնք նույնպես ճարպակալման պատճառ են դառնում: Այսպիսով, հետևեք կալցիումի ճիշտ չափաքանակի օգտագործմանը, որպեսզի ճարպակալումը նոր հիվանդությունների պատճառ չդառնա:
Պաշտպանում է սրտամկանը: Կալցիումը պաշտպանում է սրտի մկանները: Կալցիումի ճիշտ քանակության դեպքում կրճատվում են սրտի մկանները և հանգստանում: Բացի այդ, այս հանքանյութը նյարդային համակարգին օգնում է զարկերակներում պահելու արյան նորմալ ճնշումը: Երբ նկատվում է կալցիումի պակաս՝ կալցիտրոլ (calcitrol) կոչվող հորմոն է արձակվում, որը սեղմում է զարկերակի մկանները, որի հետևանքով բարձրանում է ճնշումը: Սրտամկանների կրճատման համար անհրաժեշտ են բջջից դուրս գտնվող կալցիումի իոններ:
Կանխում է հաստ աղիի քաղցկեղը: Համապատասխան քանակությամբ կալցիում ընդունելով՝ կարող եք կանխել հաստ աղիի քաղցկեղ հիվանդությունը: Այն ճնշում է պոլիպների աճը, որոնք էլ պատճառ են դառնում հաստ աղիի քաղցկեղի առաջացմանը: Կալցիումը թույլ չի տալիս, որպեսզի առաջանա ադենոմա հիվանդությունը` բարորակ ուռուցքների առաջացումը հաստ աղիում: Հիշեցնենք, որ այս բարորակ ուռուցքները հաստ աղիի քաղցկեղի նախանշան են: Օրգանիզմին անհրաժեշտ կալցիումի քանակը ներծծելուց հետո աղիներում մնում է կալցիումի ավելցուկ, որն էլ քաղցկեղին նպաստող տարրերը դուրս է բերում օրգանիզմից: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ցանկալի է հեղուկ կալցիում օգտագործել, քանի որ այն դեղահաբից 5 անգամ ավելի լավ է ներծծվում օրգանիզմի կողմից:
Կանխում է նախադաշտանային նշանները: Կալցիումի համապատասխան քանակը նվազեցնում է նախադաշտանային նշանները` գլխապտույտը, տրամադրության խախտումները, բարձր ճնշումը, և այլն: Կալցիումի քիչ քանակը նպաստում է այն հորմոնների առաջացմանը, որոնք պատասխանատու են նախադաշտանային տրամադրության տատանումների, գրգռվածության և դեպրեսիայի համար:
Կանխում է երիկամների քարերը: Երիկամների քարերն իրականում բյուրեղացված կալցիումի և այլ հանքանյութերի միացություններն են, որոնք առաջանում են մարդու միզային տրակտում: Երիկամի ամենատարածված քարն է օքսալատը (oxalate stones): Եթե նախկինում ընդունված կարծիք կար, որ կալցիումի մեծ չափաբաժինը նպաստում է երիկամների քարերի առաջացմանը, ապա այժմ պնդում են, որ կալցիումը նվազեցնում է երիկամների քարերի առաջացման հավանականությունը: Կալցիումն ինքնին երիկամային քարեր չի առաջացնում, այլ ջրի մեջ պարունակվող լրացուցիչ կալցիումն է նպաստում քարերի առաջացմանը: Երիկամային քարերի առաջացման մյուս պատճառներից է մեծ քանակությամբ օքսալատով հարուստ կալեի (կաղամբի տեսակ) և սպանախի չափից շատ օգտագործումը, օրգանիզմում համապատասխան ջրի առկայության պակասը:
Ապահովում է առողջարար ալկալի pH-ի մակարդակը: Արագ սնունդը, չափից շատ քաղցրի օգտագործումը և պահածոյացված սնունդը թթվային միջավայր են ստեղծում օրգանիզմում, որի հետևանքով նպաստավոր պայմաններ են առաջանում քաղցկեղի, երիկամային քարերի և բարձր ճնշման համար: Կալցիումն օգնում է պահպանել օրգանիզմի համար կենսական նշանակություն ունեցող pH-ի մակարդակը, որով էլ ապահովում է մարմնի առողջությունը:
Կարգավորում է արյան ճնշումը: Որոշ հետազոտողներ պնդում էին, որ կալցիումով, մագնեզիումով և կալիումով հարուստ բուսական դիետան իջեցնում է արյան բարձր ճնշումը: Իսկ մյուս բժիշկները նշում էին, որ բարձր չափաբաժնով կալցիումը նպաստում է արյան ճնշման բարձրացմանը: Ավելի ուշ այս երկու հետազոտողները միացան և պարզեցին, որ չափավոր քանակությամբ մրգերի, բանջարեղենի և կալցիումի օգտագործումը կարգավորում է արյան ճնշումը:
Պահպանում է ատամների և լնդերի առողջությունը: Կալցիումը պաշտպանում է ատամները` ծնոտի ոսկրն ամուր և կայուն է պահպանում ողջ կյանքի ընթացքում, որի շնորհիվ ատամներն իրար ամուր են կպչում` չթողնելով բակտերիաներին ներթափանցել այնտեղ: Այսպիսով, եթե ցանկանում եք առողջ ատամներ ունենալ, ապա անհրաժեշտ է կալցիումով հարուստ սննդակարգ ընդունել:
Սննդարար նյութերի տեղաշարժ: Կալցիումն օգնում է, որպեսզի սննդարար նյութերը արագ և հեշտ տեղափոխվեն բջջաթաղանթով:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ