Բաժիններ՝

Հայաստանը Սերժի գաղո՞ւթն է. մամուլ

«Երևանի Փակ շուկայի խնդիրը ոչ մի կերպ չի հանգուցալածվում։ Արդեն մեկ տարի է, ինչ պետության կողմից պահպանվող հուշարձան այս շենքի սեփականատեր Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ուզածի պես քանդում ու վերակառուցում է շենքը, հանրությունն էլ բողոքում է, բողոքում»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Իսկ այդ երկու կողմերի միջև կարծես գոյություն չունի պետությունը։ ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է, որ Փակ շուկայում իրականացվող շինարարությունն ապօրինի է, Երևանի քաղաքապետարանը վարչական տույժ է կիրառում՝ սեփականատիրոջն ընդհանուր առմամբ տուգանելով 2 միլիոն 700 հազար դրամով ու վերջ։

Երեկ էլ Հայաստանի ճարտարապետների միությունում կլոր սեղան-քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցում էին մշակույթի, հասարակական ու քաղաքական գործիչներ։ Այդ քննարկումների արդյունքում պարզվեց, որ Փակ շուկայի խնդրի վերաբերյալ արդեն իսկ կապոցներով թղթեր կան՝ նամակներ, դիմումներ, պատասխաններ։

Ու մինչ պատկան մարմինները և խնդրով մտահոգ կողմերն իրար նամակներ էին գրում ու պատասխանում դրանց, պատմամշակութային հուշարձան հանդիսացող շինությունը փոխակերպվել է անհայտ մի բանի՝ կորցնելով իր երբեմնի արժեքը։

Ճարտարապետների միությունում երեկ կոշտ ելույթներ հնչեցին, եղան կտրուկ գնահատականներ, իսկ վերջում էլ որոշվեց հերթական նամակով դիմել Սերժ Սարգսյանին։ «Չգիտենք շինարարական աշխատանքները ինչ նախագծով են արվում, փորձաքննություն անցել է, թե չէ։ Նման դեպքերում վատ վախճան է լինում, ինչպես Օղակաձև զբոսայգում՝ չորսհարկանի շենքի հետ եղավ»,– վերջերս՝ շինարարության ընթացքում քանդված շենքի մասին հիշեց միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն ընդգծեց, որ այսօր ճարտարապետության ոլորտում կարգապահության մասին խոսելը որևէ իմաստ չունի, չի գործում որևէ օրենք։ «Տպավորություն է, որ այս ոլորտը մի չորս-հինգ հոգի վերցրել են իրենց ձեռքը, և պետական մարմինները շատ անգամ անզոր են դիմակայելու»,– հայտարարեց նա։

«Հայաստանում ընդհանրապես չկա օրենսդրական դաշտ։ Հայաստանում կա ցինիզմ, ամենաթողության միջավայր, որտեղ բիզնես շահը պարզապես կուրացրել է ՀՀ Սահմանադրությունը, օրենքը։ Գործող օրենսդրությունը և հատկապես Սահմանադրությունը թույլ էին տալիս իշխանությանը քաղաքական կամք, հասունություն ունենալու դեպքում՝ իրականացնել համապատասխան գործողություններ, որպեսզի կանխեին այս մշակութային սրբապղծությունը։ Բավական կամքի ու հետևոդականության դեպքում՝ Երևանի քաղաքապետարանը, դատախազությունը կարող էին բռնել հանցագործի ձեռքը։ Մեր պետության բոլոր ինստիտուտները դատապարտված են չգործունեության»,– ասաց Աժ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը։

«Մեր քաղաքը, նոր-նոր քաղաք դառնալու պրոցեսից տասնյակ տարիներով ետ է ընկնում, մեր քաղաքային մշակույթը չի ձևավորվում, այլ դառնում է մի քանի անձանց շահերի սպասարկու։ Այսպես վարվում են միայն գաղութատերերը իրենց գաղութ երկրների հետ»,– նկատեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

Առաջարկ հնչեց խնդրի առնչությամբ դիմել Սերժ Սարգսյանին։ Քաղաքացիական ակտիվիստ Վարդան Գերավետյանն արձագանքեց՝ եթե այդ հարցը Սերժ Սարգսյանը պիտի լուծի, ուրեմն ո՞ւմ է պետք մշակույթի ու քաղաքաշինության նախարարությունների գոյությունը։ Նրան մատնացույց արեցին տխուր փաստը, որ մեր երկրում իշխանությունը կենտրոնացված է և Մաշտոցի պուրակի հետ տեղի ունեցածի կրկնության ակնկալիքով՝ որոշեցին, այնուամենայնիվ, հեղինակել այդ նամակը։ Մաշտոցի պուրակի բուտիկներն, ինչպես հայտնի է, ապամոնտաժվեցին, երբ Սերժ Սարգսյանը եկավ ու ասաց՝ Տարոն, սիրուն չի։

Ճարտարապետների միությունում երեկ հրավիրված քննարկմանը ներկա էր նաև մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը։ Նա հայտնեց, որ փետրվարի վերջին նախարարությունը ստացել է՝ Փակ շուկայի վերակառուցման նոր նախագիծ, որը մասնագիտական քննարկման փուլում է։ Եթե այդ նախագիծը հաստատվի և կյանքի կոչվի, ապա Փակ շուկային հնարավորինս վերադարձվելու է իր նախնական տեսքը։

Շենքի վրա անօրինական կերպով կառուցված հարկերն ապամոնտաժվելու են, վերականգնվելու է քանդված կամարաշարը։ Նոր նախագիծն, ըստ փոխնախարարի, ներկայացրել է շուկայի սեփականատերը։

Ուշագրավ է սակայն, որ հենց երեկ՝ նշված քննարկումից հետո, Փակ շուկայի տարածքում տեխնիկա էր աշխատում։ Ասել է թե՝ սեփականատերը ներկայացնում է նախագիծ, որի հաստատման դեպքում՝ արդեն կառուցվածը պետք է քանդել, բայց միևնույն ժամանակ չի դադարեցնում շինարարությունը։ Հետևաբար սա նշանակում է, որ կամ ինքը գիտի, որ այդ նախագիծը ձևի ու միայն ժամանակ ձգելու համար է, կամ էլ Սերժ Սարգսյանն այս անգամ էլ գալու է և ասի՝ Սամվել, սիրուն չի՝ այսպիսով ցույց տալով, որ «իշխանությունը պատանդ չէ մի քանի հարուստի ձեռքին», ինչի մասին նա խոսել էր նախընտրական իր ելույթներից մեկում։ Իմանալու համար, թե որ սցենարը կգործի, թերևս քիչ ժամանակ է մնացել։

Հ.Գ. ճարտարապետների միությունում հրավիրված քննարկման ժամանակ հավաքվածները դեմ արտահայտվեցին նաև Արտգործնախարարության շենքի մասնավորեցմանը՝ դա համարելով անօրինական։ Նաև ընդգծեցին, թե վստահ չեն, որ ԱԳՆ շենքն էլ չի արժանանա Փակ շուկայի ճակատագրին։ Այս խնդրի առնչությամբ էլ նամակով դիմելու են ՀՀ գլխավոր դատախազություն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս