Բաժիններ՝

«Գավառի» խնդիրը. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Իմ տատը մինչև 191 8 թվականը ուսանել է Շուշիի գիմնազիայում և պատանեկան այն տարիներին այնքան լավ է սովորել ֆրանսերեն, որ մինչև կյանքի վերջը կարողանում էր բացատրվել այդ լեզվով:

Իմ պապը մոտավորապես նույն ժամանակահատվածում սովորել է Շուշիի ռեալական ուսումնարանում, ու այդ կրթությունը լիովին բավարար էր, որ նա երկար ժամանակ հաշվապահ աշխատեր:

Իմ հայրական պապը, թեև ծնվել է Նուխիում, բայց նրա նախնիները՝ Տեր-Աբրահամյանները, Արցախում հոգևոր ծառայություն էին իրականացնում՝ որպես շարքային քահանաներ:

Իմ այդ երեք հարազատներից ոչ մեկն Արցախը չէր ընկալում որպես Ադրբեջանի գավառ, ավելին՝ նրանցից ոչ մեկի գիտակցության մեջ չկար «Ադրբեջան» կարծրատիպը, իսկ ժամանակին իրենց շուրջն ապրող մահմեդականներին նրանք անվանում էին «թաթարներ», ինչպես որ դա ընդունված էր Ռուսական կայսրությունում:

Արցախը հենց այդ կայսրության գավառն էր, ճիշտ այնպիսին, ինչպիսիք էին Երևանի կամ, ասենք, Ալեքսանդրապոլի մարզը՝ զարգացման մոտավորապես նույն մակարդակով: Բոլշևիկների «Ադրբեջան» կոչվող նախագիծը բավականին կարճ պատմություն ունի, և մեր՝ հայերիս գենետիկ հիշողության մեջ չկա դրա ամբողջական ընկալումը:

Սա ես գրում եմ ոչ թե հարևան ժողովրդին նսեմացնելու համար՝ հրաշալի մարդիկ, հղկված մտավորականներ ներկայիս Ադրբեջանում կան ոչ պակաս, քան Հայաստանում: Խոսքը մեր ժողովրդի, հատկապես արցախցիների հոգեբանական ընկալումների մասին է: Խորհրդային տարիներին Մերձբալթիկայի ժողովուրդները չէին ընդունում, որ իրենք Խորհրդային Միության մասն են. դա քաղաքական դիրքորոշում չէր՝ դա հոգեբանություն էր: Երբ խոսում էիր, օրինակ, էստոնացու հետ, նա ասում էր՝ ձե՛ր կոմպոզիտորները, ֆուտբոլի ձե՛ր հավաքականը՝ նկատի ունենալով խորհրդային երկիրը և խորհրդային մշակույթը:

«Ազգայնականության դեմ» ուղղված Կենտկոմի ոչ մի որոշումով, ոչ մի «կագեբե»-ով, ոչ մի բռնաճնշումով հնարավոր չէր փոխել էստոնացիների այդ համոզմունքը, որովհետև դա, ըստ էության, ազգայնականություն չէր, դա ավելի շուտ՝ կենսակերպ էր: Եվ երբ 1985 թվականից հետո ստեղծվեց հնարավորություն, այդ կենսակերպը ձեռք բերեց քաղաքական բովանդակություն:

Նույնը՝ Արցախը: Այնտեղ ապրող մարդկանց մտածելակերպի մեջ երբեք չկար և հիմա էլ չկա Ադրբեջանի մաս լինելու ընկալումը: Կոմունիստական ղեկավար թե գյուղացի, բանվոր թե ուսուցիչ՝ այդ մարդիկ հոգեբանորեն չէին ընդունում Ադրբեջանի գերիշխանությունը, և երբ անհրաժեշտություն առաջացավ դա ապացուցելու համար կռվել և արյուն թափել, նրանք առանց տատանվելու գնացին այդ քայլին: «Ադրբեջանի գավառ» հասկացությունը երբեք գոյություն չի ունեցել Արցախում ապրող մարդկանց պատկերացումներում, մանավանդ՝ այն մարդկանց, ովքեր ղեկավարել են այդ երկրամասի անկախության համար պայքարը:

Մեր սիրված երգիչ Ռուբեն Հախվերդյանին ես ճանաչում եմ մոտ 30 տարի և վստահ եմ, որ տեղայնական կամ որևէ այլ շովինիզմից նա չափազանց հեռու է: Նա խոսում է մեր երկրի իրական արատների մասին, որոնք, սակայն, որևէ կապ չունեն այն հանգամանքի հետ, թե ինչպիսի ծագում ունեն այդ երկրի ղեկավարները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս