«Քամելեոն» հատապտուղ` ճահճամոշ

 Ճահճամոշ- Rubuc chamaemorus

 

Վարդազգիների ընտանիքին պատկանող 10-30 սմ բարձրությամբ սողացող արմատով բազմամյա բույս է։ Ցողուններն արմատակալող են, բազմաթիվ վեր բարձրացող ճյուղերով։ Ծաղիկները հնգաթերթ են, միայնակ, տերևները` կլորավուն։ Պտուղները կորիզավոր են։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին։
Չնայած ճահճամոշը բնության մեջ հանդիպում է երկրագնդի հյուսիսային լայնություններում, այնուամենայնիվ պտղից պատրաստված մթերքները սիրված են և բավականին տարածում ունեն ամենուրեք։ Ճահճամոշն աճում է հիմնականում ճահճուտների, լճերի, տունդրայի տորֆամամռածածկ (սֆանգային) գրունտի վրա։ Հաճախ հանդիպում է ճահճապատ սոճուտներում` ճահճախնկենու և հապալասենու հարևանությամբ։
Ճահճամոշը երբեմն մշակվում է։ Պտղի բերքատվությունը բարձր է. 100 կգ` 1 հա-ից։
Քիչ ճահճաբույսեր կան, որոնք աչքի են ընկնում իրենց մեղրատվությամբ, դրանցից մեկն է ճահճամոշը, որի ծաղկած թփուտների 1 հա-ից` 80-100 կգ մեղր է ստացվում։ Մեղրը թափանցիկ է, հաճելի համով։
Հետաքրքիր առանձնահատկություն ունի ճահճամոշը` պտուղների հասունացումը համեմատած իր «ազգակիցների» հետ` «հակառակ» ուղղությամբ է զարգանում. սկզբից կարմրում է, հետո դառնում նարնջագույն, այնուհետև լիարժեք հասունացած պտուղները դառնում են վառ դեղնավուն։ Այդ հատկության շնորհիվ ժողովուրդը բույսն անվանում է «Քամելեոն» հատապտուղ։
Վառ դեղնավուն պտուղը համարյա թափանցիկ է, իր կառուցվածքով հիշեցնում է ազնվամորուն, չնայած տարբերվում է իր չափերով, տերևների ձևով, պտղի գույնով։ Ճահճամոշի հասուն պտուղն ուտում են թարմ վիճակում, պատրաստում մուրաբա, կիսել, ջեմ, իսկ պտղահյութի սառը օշարակը հագեցնում է ծարավի զգացողությունը։
Ֆինլանդիայում հարգի է ճահճամոշի հատապտղային կիսելը` կաթով կամ սերուցքով։ Այդ երկրում արտադրում են ճահճամոշի պտուղներից պատրաստված լիքյոր, որը մեծ ճանաչում ունի արտասահմանյան զբոսաշրջիկների մոտ։
Նախահեղափոխական Ռուսաստանում ճահճամոշը կամ, ինչպես ռուսներն էին անվանում, «մամռոտ հաղարջը» բավականին հայտնի էր և սիրված, նրանք պտղից պատրաստում էին կվաս, թրմօղի։
Ճահճամոշի պտուղը պարունակում է 3-6 տոկոս շաքար (խաղողաշաքար, պտղաշաքար), օրգանական թթուներ` 0,8 տոկոս (խնձորի, կիտրոնի), հանքային նյութեր` կալիում, ֆոսֆոր, երկաթ, կոբալտ, պեկտինային միացություններ, C, E, B, PP վիտամիններ, ֆիտոնցիդներ և այլն։
Ճահճամոշի պատրաստուկները (հյութ, օշարակ, մուրաբա, դոնդող) արժեքավոր են` որպես դիետիկ սնունդ` C ավիտամինոզի և այլ հիվանդությունների դեպքում։
Բուժական նպատակներով ճահճամոշն օգտագործվում է ինչպես` ժողովրդական, այնպես էլ` գիտական բժշկությունում։
Տերևներն ունեն վերքամոքիչ, հակաբորբոքային, արյունարգել, միզամուղ, քրտնամուղ հատկություններ։ Ճահճամոշի պտուղն օգտակար է ախորժակի անկման, սիրտ-անոթային (իշեմիա), դժվար միզարձակման, մարսողության համակարգի, երիկամների հիվանդությունների (պիելոնեֆրիտ)` այտուցներով ուղեկցվող, աթերոսկլերոզի, հոդատապի, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի, մրսածության, դիմադրողականության անկման դեպքում։ Օգտակար նյութերի, հատկապես C վիտամինի 1 օրվա պահանջը կարող եք լրացնել` ուտելով 100 գ ճահճամոշի պտուղ։ Վերջինս պահպանում է իր օգտակար հատկությունները սառնախցիկում պահելիս։ Օգտակար նյութերի «գանձարանը» նպաստում է բժիշկների աշխատանքին, որպեսզի կիրառեն կոմպլեքսային թերապիայում (բույսի պատրաստուկները` թուրմ, ոգեթուրմ, էքստրակտներ)` որպես օժանդակ միջոց։ Արտաքին օգտագործման համար անփոխարինելի միջոց է` վերքերին քսելու, հատկապես քոսի դեպքում։
Ժողովրդական բժշկության մեջ պտուղն օգտագործում են նաև` որպես ջերմիջեցնող, ցավերը թեթևացնող միջոց։ Հայտնի է, որ Ա.Ս. Պուշկինը շատ է սիրել այդ պտուղը և մահից առաջ խնդրել է` տալ համտեսելու այն։
Ցավոք, ճահճամոշի պտուղը սակավ է հանդիպում Հայաստանում թարմ վիճակում, սակայն նույնիսկ պահածոյացված վիճակում այն օգտակար է, կարևոր է` ենթարկված չլինի ջերմային մշակման։
Աթերոսկլերոզ. Մանրացրեք և խառնեք ճահճամոշի տերև, 60-ական գ մասուրի տերև և պտուղ։ 2 ճ/գ հումքը 8 ժամ թրմեք 500 մլ եռջրով ջերմապահի մեջ։ Քամեք, խմեք 100-ական մլ` օրը երկու անգամ։
Ցիստիտ, այտուց. Խառնեք հավասար քանակի 1-ական ճ/գ մանրացրած տերև և արմատ։ Եփեք 3-4 րոպե 200 մլ եռջրով` թույլ կրակի վրա։ Թրմեք 2 ժամ, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց 20-30 րոպե առաջ։

Ճահճամոշի մուրաբա
1 կգ հատապտուղը լվացեք, քամեք։ Պատրաստեք շաքարաջուր (1 կգ շաքար և 200 մլ ջուր), լցրեք հատապտուղների վրա և եփեք 5 րոպե թույլ կրակի վրա։ Կրակն անջատելուց հտո, երբ ջերմությունը հասնի 20-25 աստիճանի, եփեք ևս 10 րոպե, հովանալուց հետո եփեք` մինչև պատրաստ լինելը։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս