Հարցեր, որոնց պատասխանները, ՀՆԱՐԱՎՈՐ Է, վաղն էլ չստանանք
Փետրվարի 18-ի ժամը 12:00-ից սկսած, երբ սկսեցին հայտարարվել առաջին արդյունքները, մարդկանց մեջ փոփոխությունների հույս առաջացավ։ Ր. Հովհաննիսյանը սպասվածից շատ ձայներ էր հավաքել։ Դա տհաճ անակնկալ էր գործող նախագահի թիմի համար։
Անակնկալ էր նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող, սակայն Րաֆֆիի Հովհաննիսյանի համակիր չհանդիսացողների համար։ Մի պահ կարծես բոլորը գիտակցեցին, որ ժամանակն է համախմբվել՝ անկախ անձնական հարաբերություններից, կուսակցական պատկանելությունից և այլն։ Հարթակում հայտնվեցին ընդդիմադիր մի շարք գործիչներ։
Սակայն նոր ալիքը դեռ թափ չհավաքած՝ սկսում է մարել։ Սա ոչ թե հոռետեսություն կամ չարախնդություն է, այլ իրատեսություն։
Այն, որ ամեն ինչ գնում էր հենց դրան, կարելի էր սկզբից գլխի ընկնել։ Րաֆֆի Հովհաննիսյանի զգուշավոր հռետորաբանությունը հենց սկզբից հակասական էր և մտահոգիչ։ Այլ հարց է, որ շատերը դա չէին ուզում նկատել։
Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները նորանոր հարցեր են առաջացնում, որոնք այդպես էլ պատասխան չեն ստանում։
Օրինակ՝ Ր. Հովհաննիսյանը հայտարարել և շարունակում է հայտարարել՝ ես և հարգում եմ Սերժ Սարգսյանին, և քննադատում։ Մյուս կողմից՝ նա հայտարարում է, որ ընտրությունների արդյունքները կեղծված են, և, որ ինքն է իրականում ընտրվել։
Ընտրությունները ոչ թե իրենք իրենց են կեղծվում, այլ ինչ-որ մեկի հրահանգով և իմացությամբ։ Եթե այդ ինչ-որ մեկը Սերժ Սարգսյանն է, ապա ինչպե՞ս է Ր. Հովհաննիսյանը նրան հարգում։ Չէ՞ որ ընտրություն կեղծելն ամենածանր հանցագործությունն է, որով հայրենիքի ապագան ուղղակիորեն վտանգվում է։
Այստեղ կարող է լինել միայն մեկ, խիստ տեսական բացատրություն. Ր. Հովհաննիսյանն անկեղծորեն հավատում է, որ Սերժ Սարգսյանը տեղյակ չի ընտրակեղծիքներից, և այդ ամենը արվել է առանց նրա գիտության։ Եվ եթե ինքը կարողանա Սերժ Սարգսյանին ապացուցել, որ ընտրությունները կեղծվել են, ապա Ս. Սարգսյանն անմիջապես անվավեր կճանաչի ընտրությունների արդյունքները, նախագահի պաշտոնը կհանձնի Րաֆֆի Հովհաննիսյանին կամ կնշանակի այլ ընտրություններ։ Եթե Ր. Հովհաննիսյանն իրոք այսպես է մտածում, ապա… առանց մեկնաբանության։
Հաջորդ հարցը՝ ինչո՞ւ Ր. Հովհաննիսյանը գնաց Ս. Սարգսյանի մոտ։ Նրա հիմնավորումները համոզիչ չեն, և, մանավանդ քաղաքականության մեջ, դա ընկալվում է որպես կապիտուլյացիայի առաջին քայլ։
Մյուս հարցը։ Ր. Հովհաննիսյանը դեռ նախագահական նստավայրում էր, երբ YouTube-ում հայտնվեց կես րոպեանոց տեսանյութ՝ հանդիպման առաջին պահերի մասին։
Նախ՝ Ր. Հովհաննիսյանի ժպիտն ու ծիծաղը լայնածավալ ընտրակեղծիքների ֆոնին, առնվազն տարակուսելի էր։ Սակայն ամենացնցող պահը հոլովակի վերջին վայրկյաններն էին։ Սերժ Սարգսյանը հարցնում է՝ լրագրողի ներկայությա՞մբ ենք խոսելու։ Թե կոնկրետ ի՞նչ է պատասխանում «Ժառանգության» առաջնորդը, հստակ չի հասկացվում։ Սակայն հստակ է, որ նա վճռական չի ասում՝ այո, իհարկե, ես իմ ժողովրդից թաքցնելու բան չունեմ։ Ստացվում է, որ Ս. Սարգսյանն ավելի պատրաստ է անկեղծ ու հրապարակային զրույցի, քան Ր. Հովհաննիսյանը, ով մշտապես խոսում է ժողովրդավարությունից, ժողովրդի անունից։ Թերևս, հենց այդ «կիքսն» էր պատճառը, որ հոլովակը կայծակնային արագությամբ տեղադրվեց համացանցում՝ նախագահի աշխատակազմի կողմից (ուրիշ ոչ ոք տեխնիկապես այդ հնարավորությունը չուներ)։
Եվ վերջապես՝ նախագահականից դուրս գալով ՝ Ր. Հովհաննիսյանն իրեն անհամբեր սպասող ժողովրդին ասում է՝ հարցերին կպատասխանեմ վաղը՝ ժամը 17:00-ին։ Ինչո՞ւ։
Այդ գործելաոճն արդեն նմանվում է սիրված ֆիլմի հերոսին ՝ может завтра, а может после завтра։ Գործողություններն ու պատասխաններն անհարկի ձգձգելը ոչ մի կերպ չի ընկալվում։ Դրա համար էլ ժողովուրդը վանկարկում էր՝ հի-մա, հի-մա։
Թե ի՞նչ կասի Ր. Հովհաննիսյանը վաղը ժամը 17:00-ին՝ դժվար է ասել։ Սակայն ակնհայտ է, որ որքան ժամանակը ձգվում է, մարդիկ այնքան թերահավատ են դառնում և հիասթափվում։ Հնարավորն էլ կամաց-կամաց դառնում է անհնարին։
Հ.Գ. Նախագահական նստավայրից դուրս գալով՝ Ր. Հովհաննիսյանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի, իր որդու և ևս մի քանի մարդկանց հետ մի քանի կիլոմետր ոտքով քայլել է դեպի «Ժառանգություն» կուսակցության գրասենյակ: