«Մարդիկ, նրանց զգացմունքներն ու հարաբերությունները… սրանցից ավելի հետաքրքիր բան ինձ համար գոյություն չունի» (լուսանկարներ)
Ասում է նկարիչ, դիզայներ Նիկոլայ Միրումյանը, ում համար նկարելու նյութ է ծառայում սուրճի նստվածքը։
– Նիկոլայ, երբվանի՞ց եք սկսել սուրճի նստվածքով նկարել։ Հիշո՞ւմ եք առաջին նկարը։
– Ամեն ինչ սկսվեց 2008 թվականից, երբ ես Հայաստան այցելեցի: Այդ ժամանակ ես, «ստիպված», սովորեցի բնական սուրճ ըմպել: Առաջին նկարները պատահական կետեր էին, որոնցում ես փորձել էի պատկերել ուրվագծեր և պատկերներ: Ես պարզապես նստվածքը լցրել էի թղթի վրա և նայում էի: Սովորաբար ես այդպես էի անում, երբ բաժակում սուրճի նստվածք էր մնում: Հետո սկսեցի այդ կետերին որոշակի ձևեր հաղորդել:
– Ինչո՞ւ հենց սուրճի նստվածքը որպես նյութ ընտրեցիք։
– Մի քանի պատճառներ կան: Առաջին պատճառն այն է, որ սուրճի նստվածքով նկարելը շատ գրաֆիկական տեսք ունի: Երկրորդը` ինձ դուր է գալիս անսպասելիության գործոնը: Եթե պատկերի ուրվագծերը որոշում եմ ես, ապա այն, ինչ կստացվի ուրվագծի ներսում, ենթադրել հնարավոր չէ. նստվածքն ինքն է նկարում։ Սա կարծես համատեղ աշխատանք լինի` ես նկարում եմ արտաքին տեսքը, իսկ սուրճը` անկանխատեսելի հյուսվածքները, որոնցում կարելի է փնտրել այլ նշանակություններ և իմաստներ, եթե, իհարկե, հակված ես դրան։ Եվ երրորդ պատճառը միստիկայի տարրի առկայությունն է, որը կապված է Հայաստանում սուրճի պաշտամունքի և գուշակության արարողության հետ։
– Այլ նյութերով նկարո՞ւմ եք։
– Շատ հազվադեպ։ Ես, սկսած այն օրից, երբ ավարտել եմ համալսարանը, համարյա թե չեմ զբաղվել նկարչությամբ։ Սովորելու տարիներին, իհարկե, նկարել եմ, բայց դրանք ակադեմիական նկարներ էին։
– Որքա՞ն ժամանակ են նկարները պահպանվում. չէ՞ որ սուրճի նստվածքը չորանալուց կարող է թափվել։
– Այո, դրանք կարող են չորանալուց անմիջապես հետո թափվել։ Պատկերները պահպանելու համար անհրաժեշտ է դրանց արտաքին հատվածը լամինացիա անել։ Այստեղ շատ նրբություններ կան, և ոչ բոլոր մասնագետները կարող են ի մի բերել այս գործը, բացի դրանից էլ՝ թաղանթը պետք է լինի համապատասխան ամրության և անփայլ, որպեսզի այն չփչանա։ Միայն այս դեպքում է հնարավոր պահպանել նկարի օրիգինալ տեսքը։
– Ցուցահանդեսներ կազմակերպո՞ւմ եք։ Հայաստանում ցուցահանդես նախատեսվո՞ւմ է։
– Ես ինքս անձամբ ոչինչ չեմ կազմակերպում։ Առաջին և միակ ցուցահանդեսը կազմակերպել էին իմ ընկերները։ Դա 2011 թվականին էր։ Նրանք գտել էին և՛ ցուցահանդեսի տեղը, և՛ հովանավորներին, զբաղվել էին նկարների տեղադրմամբ և լուծել տեխնիկական բոլոր հարցերը։ Դրանից հետո տարբեր առաջարկներ եմ ստացել, այդ թվում՝ երկու անգամ Ուկրաինայից եմ հրավերներ ստացել, որոնց տարբեր պատճառներով չեմ կարողացել մասնակցություն ունենալ։ Այժմ Հայաստանում ցուցահանդես կազմակերպելու առաջարկ ունեմ, որի մասին չէի ցանկանա շատ մանրամասնել։ Հուսով եմ` ամեն ինչ կստացվի։
– Ձեր աշխատանքները չեք վաճառում։ Ինչո՞ւ։
– Դժվար հարց է, ես մինչև այսօր էլ վերջնականորեն չեմ որոշել, թե «ինչո՞ւ»։ Պետք է մտածել այդ մասին։ Գուցե պատճառն այն է, որ ես ցանկանում եմ դրանց մի վայրում տեսնել, որպեսզի դրանք դիտվեն՝ որպես մեկ ամբողջական հավաքածու։ Բայց ես տարակուսում եմ. միգուցե վաղը մտափոխվեմ (ժպտում է.- Գ.Ա.)։
– Հիմնականում մարդկանց եք նկարում, ինչո՞վ է դա պայմանավորված։
– Մարդիկ, նրանց զգացմունքներն ու հարաբերությունները… սրանցից ավելի հետաքրքիր բան ինձ համար գոյություն չունի։ Հովհաննես Այվազովսկուն մի անգամ հարցրել են, թե ինչո՞ւ է նա մարդկանց այդքան քիչ նկարում։ Այս հարցին նա պատասխանել է, թե, ըստ երևույթին, մարդիկ իր աշխատանքներից ոչ մեկը չեն տեսել։ Միգուցե օրինակն այնքան էլ հաջող չէ, բայց կարծում եմ, որ բոլոր նկարիչները նկարում են մարդկանց, այդ թվում՝ իրենց` մարդկանց միջոցով։
– Ինչի՞ց եք ոգեշնչվում, սուրճի բույրը կարո՞ղ է ոգեշնչել։
– Այո, իհարկե, հատկապես, երբ այդ պահին ես ինչ-որ մեկի հետ վիճել եմ կամ հաշտվել կամ էլ ուղղակի ինչ-որ մեկին եմ հիշել:
– Սուրճի նստվածքով նկարելը Ձեզ համար հոբբի՞ է։
– Այո, սա, իհարկե, հոբբի է։ Գուցե ամիսը մեկ անգամ, երբ տրամադրություն եմ ունենում, ինչ-որ բան եմ նկարում։ Բայց սա հոբբի է, որն ի հայտ եկավ իմ մասնագիտության հետ կապված փորձեր անելու ժամանակ։ Գրաֆիկ դիզայնի դեպքում պետք է կարողանալ տեքստուրայի հետ աշխատել, և հենց նոր տեքստուրա փնտրելու ժամանակ էլ այս հոբբին ծնվեց։
– Ձեր աշխատանքների հետ կապված ի՞նչ ցանկություններ ունեք։
– Երբ ոչ միայն հաճույք ես ստանում արածիցդ, այլև շարժում ես շրջապատիդ հետաքրքրասիրությունը։ Կարծում եմ` այս ամենը բավարար է։