Տիգրան Սարգսյանը՝ «Երևանի գարեջուր» ընկերությունում (լուսանկարներ)
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Երևանի գարեջուր» ընկերություն: Կառավարության ղեկավարը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել են արտադրամասերով՝ ծանոթացել գարեջրի և հյութերի արտադրական գործընթացներին:
Տեղեկացվել է, որ վերջին երեք տարիների ընթացքում ընկերության արտահանման ծավալներն աճել են 2.3 անգամ, ինչը հնարավոր է եղել ապահովել մի շարք ներդրումային ծրագրերի իրականացման շնորհիվ: Միայն 2012 թ-ին արտահանման ծավալը կազմել է 2.2 մլն դոլար: Մինչ այժմ իրականացված ներդրումային ծրագրերի ընդհանուր գումարը կազմել է մոտ 9 մլն դոլար:
Ըստ կատարված վերլուծության՝ 2013-2014թթ-ին արտահանման ծավալներն առնվազն կրկնապատկելու և սպառման ծավալները 40 տոկոսով ավելացնելու ծրագիրն իրագործելու համար ընդհանուր առմամբ կպահանջվի 7,3 մլն դոլար: Ծրագրով նախատեսվում է գարեջրի շշալցման հոսքագծի վերազինում, նոր մասնաշենքի կառուցում, պլաստիկ տարայով գարեջրի շշալցման հոսքագծի ձեռքբերում և այլն: Ընկերությունը նախատեսում է իրականացնել նաև գյուղատնտեսական ապրանքների վերամշակման նոր ծրագիր:
Մթերումների ծավալները կրկնապատկելու համար կարճաժամկետ կտրվածքով /մեկ տարի/ շրջանառու միջոցների ֆինանսավորման ծավալը կկազմի 300 մլն դրամ:
Վարչապետ Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են ընկերության ներդրումային նոր ծրագրերը, որոնք ուղղված են լինելու արտահանման աճին, աշխատատեղերի ավելացմանը, ինչպես նաև այդ գործընթացներում պետության կողմից տրամադրվելիք հնարավոր օժանադակությանն ու գործիքակազմին: Տիգրան Սարգսյանը ողջունել է ներկայացված ծրագրերը և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակել տարբեր միջոցներով:
«Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող մեկ այլ ներդրումային ծրագրով Գյումրիում իրականացվում է տարածաշրջանում միակը հանդիսացող ածիկի արտադրության ժամանակակից գործարանի հիմնում:
Ընկերությունը, հաշվի առնելով հանրապետության հաղորդակցման ուղիների հայտնի խնդիրները, միջազգային շուկայում հումքի գների և տրանսպորտային բաղադրիչի գների էական բարձրացման շարունակական միտումները, նպատակ ունի ստեղծել արտադրական հումքի ապահովման տեղական բազա: Ի դեպ, հիմնական հումքատեսակ հանդիսացող ածիկը ներկայում ամբողջությամբ ներկրվում է արտերկրից:
Գյումրիում ներկայում շուրջ 750-800 մլն դրամ նախագծային արժեքով իրականացվում է արտադրական մասնաշենքերի շինարարությունը, որն ապահովելու է ածիկի արտադրության բոլոր տեխնոլոգիական պրոցեսները՝ գարու մթերում, չորացում, տեսակավորում և ածիկացում: Նախատեսվում է տարեկան թողարկել շուրջ 15-18 հազար տոննա բարձրորակ ածիկ, որի մոտ 30 տոկոսը իրացվելու է տեղական շուկայում, իսկ 70 տոկոսն՝ արտերկիր: Շինարարությունն իրականացվում է ներգրավված վարկային միջոցներով և ընկերության շահույթների հաշվին: Այս պահին կատարված է շինմոնտաժային աշխատանքների մոտ 65-70 տոկոսը:
Գործարանն ամբողջությամբ նախատեսվում է շահագործման հանձնել ընթացիկ տարում: Արդյունքում կապահովվի շուրջ 200-250 աշխատատեղ: Այն տեղական հումքով ապահովելու համար անհրաժեշտ կլինի գործարկել մոտ 6000 հա հողատարածքներ, ինչը հնարավորություն կտա գյուղատնտեսական սեզոնի ընթացքում աշխատանքով ապահովել մոտ 800 գյուղացու:
Գործարանը հագեցած է լինելու ժամանակակից «Լաուսմանն» տիպի տեխնոլոգիայով և եվրոպական արտադրության՝ գերմանական, շվեյցարական, չեխական-սլովենական բարձրակարգ սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա ապահովել մրցունակ ու բարձրորակ արտադրանքի թողարկում: Անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման և տեխնոլոգիաների ներդրման համար, ներգրավվել են մոտ 2,3 մլն եվրոյի չափով վարկային միջոցներ: Սարքավորումների շուրջ 75 տոկոսն արդեն ներկրվել է: