
««Գարեգին Նժդեհ» ֆիլմում ոչ մի պատահական կադր հնարավոր չէ տեսնել». Մկո Մալխասյան (լուսանկարներ)

Օպերատոր Մկո Մալխասյանի աշխատանքների թվին են պատկանում «Մեր բակը 3», «Տաքսի էլի լավ ա», «Մի՛ վախեցիր», «Նոռա», «Ալա բալա նիցա», «Գարեգին Նժդեհ» և շատ ուրիշ ֆիլմեր։ Այս օրերին «Գարեգին Նժդեհ» ֆիլմը քննարկում են գրեթե բոլորը: 168.am-ը զրուցել է ֆիլմի օպերատորի հետ:
– Մկո, ինչպե՞ս ստացար «Գարեգին Նժդեհ» ֆիլմը նկարահանելու առաջարկը:
– Ես ու կինս գտնվում էինք Տեխասում, երբ ինձ զանգահարեց Հրաչը (Քեշիշյան.- Գ.Ա.) և ասաց, որ հետս խոսելու բան ունի, և պետք է շտապ վերադառնամ Հայաստան: Ինձ ճանաչողները գիտեն, որ ես Հայաստանը շատ եմ սիրում, բայց ինչ-ինչ պատճառներով Հայաստանից որոշ ժամանակով դուրս եմ եկել: Ինձնից երբեք չեք լսի, թե ես հայրենասեր եմ, բայց, երբ Հրաչն ասաց, որ պետք է այսպիսի ֆիլմ նկարահանել, նույնիսկ հուզվեցի: Հաջորդ օրը զանգահարեցի նրան և ասացի, որ տարբեր բաներ եմ մտածել: Ասաց` «Դե մինչև Տեխասից Նյու Յորք վերադառնաս, սցենարը կարդա»: Այդպես էլ արեցի: Հետո զանգահարեցի պրոդյուսերիս, ասացի, որ պետք է գնամ Հայաստան, քանի որ հայրենիքի հերոսի մասին ֆիլմ պետք է նկարահանենք:
– «Գարեգին Նժդեհ» ֆիլմն օպերատորական տեսանկյունից ինչպիսի՞ լուծումներ էր պահանջում:
– «Գարեգին Նժդեհ» ֆիլմը` մի քանի պատճառներից ելնելով, առանձնահատուկ ֆիլմ է: Նախ՝ այն պատմական ֆիլմ է, երկրորդը` նորարարական, երրորդը` ֆիլմն ունի յուրօրինակ ոճ: Աշխատանքները սկսելուց առաջ Հրաչն ինձ ուղարկեց «Զանգեզուր» ֆիլմը, որը դիտել էի շատ տարիներ առաջ և շատ բան չէի հիշում: Այդ ֆիլմում մի հատված կա, որում Նժդեհը ներկայացվում է` որպես շատ խեղճ, փախուստի դիմող անձնավորություն: Իրադարձությունները ֆիլմում լրիվ հակառակ կերպով էին ներկայացված, և մեզ համար նպատակ էր նաև՝ իրադարձությունները ճիշտ ներկայացնել: Հրաչը նպատակ ուներ նկարահանել բարձր որակի պատերազմական կտորներ: Հասկանալի է, որ Հայաստանը չունի ֆինանսական բավարար միջոցներ և ռեսուրսներ: Մենք պետք է փորձեինք կտորներն ուրիշ անկյունից նկարահանել և նորարարական ոճով ցույց տալ, որպեսզի հանդիսատեսը չհասկանար, թե քանի՞ մարդ է նկարահանված, ի՞նչ անկյունից, և այլն: Այդ պատճառով էլ` կարելի է ասել, որ մեր ֆիլմում ոչ մի պատահական կադր հնարավոր չէ տեսնել: Կարծում եմ` դրված նպատակներն իրականացել են:
– Ռեժիսորի և մյուս օպերատորների հետ աշխատելը հե՞շտ էր:
– Մենք որևէ խնդիր չենք ունեցել: Մեծ պատիվ էր իրենց հետ աշխատելը: Այսօր ինձ զանգահարեց իմ բարեկամներից մեկը և ասաց` «Ինչպե՞ս եք կարողացել այդքան էմոցիա ստանալ»: Ընդհանրապես ֆիլմերում շատ դժվար է էմոցիա ստանալը: Այս ֆիլմում հնարավոր եղավ ստեղծել, իսկ դա գալիս էր մարդկանց` իրենց գործի նկատմամբ ունեցած վերաբերմունքից: Այդ միջավայրում բոլորը գիտակցում էին, որ նկարահանում են մի ֆիլմ Նժդեհի մասին, ով մեր ազգի ամենակարևոր հերոսներից մեկն է: Այդ աուրան պահպանվեց մինչև վերջ, այն բարձր գաղափարներ ունեցող անձանց միջավայր էր: Երբ Հայաստանից հեռացա, ասացի, որ ինձ մեկ շաբաթ պետք է այդ միջավայրից դուրս գալու համար (ժպտում է.- Գ.Ա.):
– Իսկ ընդհանրապես օպերատորի և ռեժիսորի լավ հարաբերությունների պահպանման համար ի՞նչ է անհրաժեշտ:
– Կարևորն այն է, որ իրենք պետք է իրար անհրաժեշտ լինեն: Օրինակ, հայտնի օպերատորներից Ալբերտ Յավուրյանն ասում էր, որ օպերատորի և ռեժիսորի հարաբերությունները նման են կին-տղամարդ հարաբերություններին: Նրանք ժամանակ առ ժամանակ պետք է իրար հանգիստ թողնեն, բայց պետք է նաև մի ընտանիքի մեջ ապրեն: Թե ո՞վ է կինը, ո՞վ` տղամարդը, պարզ չէ: Մեկ այլ հայտնի օպերատոր էլ ասում էր, թե օպերատորի և ռեժիսորի հարաբերությունները նման են սիրուհի-սիրեկան հարաբերություններին, և նրանք ինչ-որ ժամանակ անց պետք է բաժանվեն: Ես ու Հրաչը 16 տարվա ընկերներ ենք, բայց իրար հետ աշխատելու հնարավորություն չէինք ունեցել: Նա տեսել էր, որ ես կարող եմ այս ֆիլմի մեջ լինել, և ինձ ԱՄՆ-ից բերեց այստեղ, ինչն ինձ համար այն ժամանակ անհավանական էր թվում:
– Ինչո՞ւ, ինչպիսի՞ պայմաններում էիք Հայաստանից հեռացել:
– Ես այն մարդկանցից եմ, ովքեր այս երկրում որևէ խնդիր չունեն, բայց ինչ-որ պահ եկավ, և ես հասկացա, որ հասունացել է այստեղից հեռանալու ժամանակը: Իրադարձություններն այնպես տեղի ունեցան, որ ես ինքս ինձ Հայաստանից դուրս հանեցի: Վստահ կարող եմ ասել, որ եթե Հայաստանում մնայի, հնարավոր է՝ «Գարեգին Նժդեհ» ֆիլմն այսպես չնկարահանեի:
– Ձեզ համար ո՞ր ժանրի ֆիլմ նկարահանելն է ավելի բարդ:
– Ես տարբեր ժանրի ֆիլմեր նկարահանելուն զուգահեռ` նկարահանել եմ նաև իմ կյանքի ամենակարևոր ֆիլմը` «Նոռան», որը պարային ֆիլմ է: Ֆիլմում ոչ մի խոսք չկա: Կարծում եմ` օպերատորի համար ամենաբարդ աշխատանքը պարային ֆիլմ նկարահանելն է: Այս դեպքում քեզ տրվում է բարդ խնդիր` ֆիլմը պատմել կադրերով, առանց ձայնի:
– «Նոռա» ֆիլմը մասնակցել է Թբիլիսիում անցկացվող «Golden Eye» ամենամյա կինո և հեռուստաօպերատորների «Internantional Festival of Cameramen» միջազգային փառատոնին և շահել մրցանակներ: Այս ֆիլմի մասին Հայաստանում քչերը գիտեն, սա ինչի՞ է հանգեցնում:
– Սա հանգեցնում է նրան, որ քեզ քո երկրում շատ չեն գնահատում, և դու գնում ես այն երկիր, որտեղ քեզ գնահատում են: Դու քո արած մի աշխատանքով կարող ես դրսում ավելի մեծ համբավ և սեր վայելել: Հասարակությունը նկատելու և լավը տեսնելու խնդիր ունի: Նրան տրվում է ամեն ինչ` համացանց, հեռուստատեսություն և այլն, բայց նա չի նկատում: Մարդիկ իրենց սահմաններից այն կողմ ոչինչ չեն տեսնում: Մենք պետք է այս կարծրատիպը փոխենք, լավ գործ անենք, նոր ոճ ստեղծենք, ինչպես «Գարեգին Նժդեհ» ֆիլմի դեպքում ստեղծեցինք: Պետք է գնալ դուրս, լավ բաներ սովորել և բերել այստեղ, ցույց տալ հասարակությանը, որ այսպիսի բաներ գոյություն ունեն: Հասարակությունն ինքն իրեն չի ձևավորում:
– Այժմ ի՞նչ ֆիլմի վրա եք աշխատում:
– Պարային ֆիլմերի նոր նախագիծ է, որի մասին դեռևս չեմ կարող շատ խոսել: Երբ ֆիլմի նկարահանումները վերջանան, խոսք եմ տալիս մանրամասնել: