«Երբ չեմ կարողանում հույզերս թղթին հանձնել՝ շատ տանջալի է լինում» (լուսանկարներ)
«Երբ չեմ կարողանում հույզերս թղթին հանձնել՝ շատ տանջալի է լինում».
Ասում է երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանը
– Լիլիթ, «Ես դառնում եմ դու» երգում ասում եք` «Ահա ինձ պատում է մի
ծանր աղերս, ես սանձել եմ փորձում պոռթկացող հույզերս ու վերցնում եմ
կտորը թղթի ու գրում երգերս»։ Մի՞շտ է ստացվում պոռթկացող հույզերը
թղթին հանձնել։
– Ո՛չ, միշտ չի ստացվում։ Հույզերս պետք է շատ ուժեղ արտահայտված
լինեն, որ կարողանամ թղթին հանձնել։ Երբ չեմ կարողանում՝ շատ
տանջալի է լինում։ Կյանքը հետո ինձ կրկին հունի մեջ է գցում։
Զարմանալի բան է` ինչո՞ւ է մարդկանց համար արտահայտվելն այդքան
կարևոր։ Հիմա հասկանում եմ, որ ինքնարտահայտվելու մեջ հետաքրքիր
խորհուրդ կա. երբ արտահայտվում ես, սպառում ես քեզ։ Դա գնալով
ավելի դժվար է դառնում։
– Ինչո՞ւ։
– Չգիտեմ, երևի տարիքի հետ զգալու ունակությունն է պակասում։
– Նույն երգի մեջ խոսում եք հույսի մասին և ասում` «Մի ծնվիր, հույս, դու
խաբում ես ինձ, անհուսությունն է լավ` ազնիվ ու դաժան, հարգում եմ
այն, սակայն քեզ եմ սիրում ու գաղտնի կերակրում…»։ Ամեն դեպքում՝
հույսով եք ապրում…
– Դա սիրային երգ է, պարզ է, որ մինչև վերջին անհնարին պահը
քեզ հույսով խաբում ես։ Մտածում ես, որ եթե սիրելիդ չի գալիս,
երևի զբաղված է, ժամանակ չի գտնում։ Իրականում դրանք
ինքնախաբեություններ են։ Ինքդ քեզ փշուրներով կերակրում ես, մինչև
իրականությունը գալիս է, առջևդ կանգնում, և թաքնվելու տեղ չես
գտնում։ Հույսը շատ կարևոր բան է։
– Ձեր մեջ հույսը միշտ առկա՞ է, թե՞ երբեմն Ձեզ անհուսությունն է
պատում։
– Ես երբեք լավատես չեմ եղել ու միշտ զարմացել եմ, թե ինչպե՞ս կարելի
է անընդհատ լավատես լինել։ Լավատես լինել նշանակում է՝ չխորասուզվել
իրականության մեջ, որովհետև դու անընդհատ մտածում ես, որ լավ կլինի։
Ո՛չ, լավ չի լինի, բայց ես քանի որ վաղուց եմ ապրում, գիտեմ, որ սև
օրերից հետո միշտ սպիտակ օրեր են գալիս (ժպտում է.- Գ.Ա.)։
– «Խնձոր» երգի մասին կպատմե՞ք։
– Այս երգը վաղուց եմ գրել, այն կնոջ օգտագործվածության մասին է։
Լինում են ժամանակներ, երբ քեզ օգտագործված ես զգում, երբեմն քո
մարմինն են օգտագործում, և դու դրան անհաղորդ ես մնում։
– Ձեր երգերն արտացոլո՞ւմ են Ձեր կենսագրությունը։
– Այո, իհա՛րկե։ Ես երբեք ծրագրային, սյուժետային երգեր չեմ գրել։ Իմ
հեղինակած երգերը թվով շատ քիչ են։ Դրանք, ճիշտ է, ներսից են ծնվում,
բայց ուղղված են հանդիսատեսին։ Ես միայն ինձ համար չեմ երգում, ես
երգում եմ նաև իմ հանդիսատեսի համար, քանի որ երգերս նրանց հետ եմ
կիսում։
– Հե՞շտ է հանդիսատեսի հետ երկխոսության մեջ մտնելը։
– Ինձ համար դժվար չի լինում, որովհետև ինձ գալիս են լսելու նրանք,
ովքեր ուզում են ինձ լսել ու սիրում են իմ երգերը։ Պատահական մարդ
գրեթե չի լինում։ Եղել է մի դեպք, երբ դժվարությամբ եմ հանդիսատեսի
հետ երկխոսության մեջ մտել։ Դա եղել է Լոնդոնում. անգլիահայ
հանդիսատեսը ծանր էր ու սառը։
– Ընդհանրապես հեղինակ կատարողների ճանապարհը դժվարի՞ն է։
– Շատ անգամներ եմ ասել, որ ես հեղինակ-կատարող չեմ։ Ես երաժիշտ
եմ։ Հեղինակ կատարողներից, օրինակ, Ռուբեն Հախվերդյանը, Արթուր
Մեսչյանը շատ լավ ընդունվում են, նրանք սիրված են, բայց կան նաև
երիտասարդներ, ովքեր այդքան էլ ճանաչված չեն։ Կարծում եմ` նրանց վիճակն ավելի վատ է, քան փոփ երգիչների, քանի որ փոփ երաժշտությունն ամեն տեղ էլ պահանջված է։
– Այժմ ստեղծագործո՞ւմ եք։
– Հիմա հեղինակային երգեր գրեթե չեն գրվում, ինքս ինձ վերլուծելն ինձ համար շատ դժվար է դարձել։ Ես խորամանկ միջոց եմ գտել.
ժողովրդական երգերն եմ ներկայացնում։ Վերջերս ավարտած նոր
ձայնասկավառակումս էլ հենց այդ երգերն են տեղ գտել։ Ես չեմ սիրում,
երբ ժողովրդական երգերը մշակում են, բայց երբ ես եմ դա անում՝
փորձում եմ գործիքավորմամբ բացել դրանց երաժշտության գեղեցկությունը և հասկանալի դարձնել ժամանակակից աշխարհին։
– Մոտ ժամանակներս համերգներ սպասվո՞ւմ են։
– Ես չեմ ուզում համերգ տալ։ Հին երգերից հոգնել եմ, չեմ ցանկանում
դրանք երգել։ Նոր երգերս էլ ներկայացնելը դժվարին գործ է, որովհետև
կենդանի կատարելու համար ինձ 5-6 երաժիշտներ են պետք, այդ դեպքում
էլ առաջանում է ֆինանսական խնդիր, հովանավոր չեմ կարողանում
գտնել, ուզում եմ մինուսով երգել, բայց ակումբները չեն համաձայնում։
Եվ այսպես հայտնվում ես փակուղու առջև։
– Իսկ փակուղուց ելք կա՞։
– Այո։ Հին երգեր ունեմ, որոնք չեմ ձայնագրել, դրանք պետք է ձայնագրեմ։
Հետո հնարավոր է, որ մի դուռ կբացվի։