«Այսօր երգերի բառերը գրվում են բիզնեսի համար, դրանք չեն կարող արժեք ներկայացնել». Վահագ Ռաշ
Ռոք երգիչ Վահագ Ռաշը Երևանում մարտին հանդես կգա մենահամերգով։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց երգիչը։ Հայ հանդիսատեսին Վահագը հայտնի է հատկապես հայ մեծանուն բանաստեղծների ստեղծագործությունները ռոքային գործիքավորմամբ ներկայացրած կատարումներով։
– Վահագ, Դուք անդրադառնում եք Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Սիլվա Կապուտիկյանի, Միսաք Մեծարենցի և այլ հայ մեծանուն գրողների ստեղծագործություններին։ Այդ քայլով փորձում եք նաև նրանց բանաստեղծություննե՞րը քարոզել։
– Այո, այդ երգերը նաև ուսուցողական բնույթ ունեն։ Երգերը հիմնականում գրվել են իմ սիրած բանաստեղծությունների հիման վրա, որոնք ինձ ավելի հոգեհարազատ են, քան ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները։ Այսօր երգերի բառերը գրվում են բիզնեսի համար, իսկ սա նշանակում է, որ այդպիսի բառերը չեն կարող արժեք ներկայացնել։ Երգերի բառեր գրողներն ուղղակի բառեր են հանգավորում, բայց այդպես երգ գրել հնարավոր չէ. պետք է տվյալ հոգեվիճակում լինել։
– Դուք անդրադառնում եք նաև ժողովրդական երգերին և դրանք մատուցում եք նոր գործիքավորմամբ։ Քննադատություններ հաճա՞խ եք լսում։
– Բնականաբար, քննադատություններ հնչում են։ Հիմնականում աշխատանքներս քննադատում են ստանդարտների մեջ ապրող մարդիկ, ովքեր մտածում են, որ Կոմիտասի ստեղծագործությունները չի կարելի ներկայացնել նոր գործիքավորմամբ։
– Շոու-բիզնեսում Ձեր ոճի ստեղծագործություններով դժվար չէ՞ առաջ գնալը։
– Երգն ինձ համար բիզնես չէ, պետք է այլ ոճի երգեր կատարես, որ կարողանաս լավ գումար աշխատես։ Համերգներին, իհարկե, գումար աշխատում եմ, բայց այդ գումարով, կոպիտ ասած, տուն չեմ պահի։
– Որպես ունկնդիր`շոու-բիզնեսում Ձեզ ի՞նչը դուր չի գալիս։
– Դուր չի գալիս այն, որ լավ երաժիշտները չեն կարողանում այնքան գումար աշխատել, որ հետո այն կրկին ներդնեն արվեստի մեջ։ Ինձ դուր չի գալիս նաև այն, որ 6/8 և ռաբիս երաժշտությունը շատ է պրոպագանդվում։ Ինչո՞ւ ռեստորաններում Սասնա երգերի ներքո չեն պարում։ Վրաստանում մարդիկ ռեստորաններում իրենց ազգային երգերի ներքո են պարում, իսկ այստեղ` թուրքական երաժշտության և հայերեն բառերով երգերի։
– Մի առիթով ասել եք, որ ռաբիս երաժշտությունն էլ հնարավոր է ներկայացնել ռոքային գործիքավորմամբ։ Դուք պատրաստվո՞ւմ եք ռաբիս երգերն այդպես ներկայացնել:
– Հնարավոր է, իհարկե։ Ձախ Հարութն էլ է ռաբիս երգում, բայց այնքան լավ երգեր կան, որ կցանկանայի նրա մի քանի երգերը ռոքային գործիքավորմամբ ներկայացնել։ Ընդհանրապես պետք չէ վախենալ ռաբիսից, պետք է վախենալ մուղամից։ Յուրաքանչյուր երգ կարելի է շատ սիրուն կատարել։
– Այսօր բոլոր ժանրերի ստեղծագործողները, այդ թվում՝ ռոք խմբերը, հիմնականում անդրադառնում են ավելի թեթև թեմաների…
– Ես Արթուր Մեսչյանի երգերը շատ եմ սիրում, բայց նկատում եմ, որ նրա երգերն այդքան էլ մեծ լսարան չունեն։ Ամեն դեպքում` պետք է քայլել ժողովրդի պահանջներին համընթաց։ Մարդը եթե խոսքերի իմաստը չհասկանա, երկրորդ անգամ դա չի լսի։
– Ֆեյսբուքում բավական ակտիվ եք և հաճախ հասարակական-քաղաքական անցուդարձերի մասին մեկնաբանություններ եք թողնում։ Առաջիկայում նախագահական ընտրություններն են։ Ո՞ւմ եք պատրաստվում Ձեր ձայնը տալ։
– Քաղաքական գործիչներից ես Րաֆֆի Հովհաննիսյանին եմ հավանում, բայց չեմ կարծում, որ այս ընտրություններին լուրջ ձայն կհավաքի։ Ձայնս երևի հենց նրան էլ կտամ։