«Չի կարելի վատաբանել մի բան, որը դեռ չեք տեսել» Մկոն` «Գարեգին Նժդեհ» ֆիլմի մասին
Երեկ տեղի ունեցավ մեծ աղմուկ բարձրացրած «Գարեգին Նժդեհ» ֆիլմի պրեմիերան, որին ֆիլմի ողջ ստեղծագործական անձնակազմից և դերասաններից բացի՝ ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ միասին, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, հաղորդավարներ, դերասաններ և այլք։
«Գարեգին Նժդեհ» ֆիլմի ավարտից հետո դերասան Մկրտիչ Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց նոր վերադարձանք «Գարեգին Նժդեհ» ֆիլմի պրեմիերայից։ Ցնցված եմ։ Տպավորություններս չափ ու սահման չունեն։ Վիթխարի աշխատանք էր կատարված։ Շնորհավորում եմ բոլոր ընկերներիս, ովքեր ստեղծել են այս ֆիլմը։ Բրավո։ Նաև դիմում եմ այն անհեթեթ քոմենթներ գրող ու ինքնահաստատվել երազող էակներին. Սիրելիներս, չի կարելի վատաբանել մի բան, որը դեռ չեք տեսել։ Ամոթ է։ Մտածեք ձեր հեղինակության մասին։ Կրկին բրավո ընկերներիս` լավ աշխատանքի համար»։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ևս կիսվել է իր տպավորություններով. ««Գարեգին Նժդեհ» ֆիլմի մասին ինչ ասես լսել էինք, ինչ թույն ասես փորձում էին թափել, վատաբանել, փնովել…. Անկեղծ ասած, հոգուս խորքում վախ կար` գուցե իրոք չի ստացվել, գուցե իրոք Նժդեհին արժանի ֆիլմ չի, և խայտառակ ենք լինելու, ախր մեր կինոյում, մեղմ ասած, այնքան էլ հիացական բաներ չեն լինում:……Դիտեցինք, դիտեցի: Ուշադիր դիտեցի` սցենարից մինչև երաժշտության, հագուստներից մինչև դերասանական խաղ, պատմական դրվագներից մինչև իրականություն, առաջին անգամ դիտելով կարող եմ ասել`ամեն ինչ իրոք լավ էր: Թեպետ, սա մեկ դիտումով մարսվող ֆիլմ չէ, դեռ մանրազննին նայելու կարիքը կա: Իսկ առաջին դիտումով` ֆիլմը ստացվել էր հուզիչ և ոգևորող, հպարտության զգացողություն արթնացնող և մտորելու լիքը առիթ տվող: Ապրեն տղաները, ապրի Հրաչ Քեշիշյանը և ամբողջ ստեղծագործական խումբը, ապրեն ֆիլմը ֆինանսավորողները: Արժե դիտել:
Հ.Գ. – Մինչ ֆիլմի ցուցադրությունը սկսված աղմուկը, իբր քննադատական խոսքը, կծմծոցները, և այլ չուզողությունները ֆիլմը դիտելուց հետո շատ ավելի դիմակազրկված են:
Երբեմն եկեք հավատանք ինքներս մեզ, հավատանք, որ մենք էլ կարող ենք լավ բաներ անել….: Ապրեն տղաները, շնորհակալություն»:
Երգչուհի Սոֆի Մխեյանը ևս մեկնաբանություն է թողել ֆեյսբուքյան իր էջում. «Գարեգին Նժդեհ` հայրենասիրության գերագույն դրսևորում։ Շնորհավոր։ Բրավո բոլորին»։
Լուսանկարը՝ Գ. Շամշյանի