«Հայաստանում չկա ընտրություն. կա պայքար, կռիվ, թշնամանք, զոռբայություն, կեղծիք, առևտուր, ինչ ուզեք, բայց ոչ ընտրություն». Վասակ Դարբինյան
168.am-ը քաղաքական թեմաների շուրջ զրուցել է փորձառու լրագրող, խմբագիր Վասակ Դարբինյանի հետ:
– Պարոն Դարբինյան, առաջիկայում ՀՀ նախագահի ընտրություններն են, ի՞նչ եք կարծում` հասարակությունն այս անգամ կհավատա՞ քարոզարշավի ընթացքում արդեն իսկ հնչող ու տրվելիք խոստումներին։
– Կարիք չկա սոցիոլոգիական հետազոտություններ անցկացնել՝ համոզվելու համար, որ անհույս միամիտներից բացի ոչ ոք չի հավատում նախագահի թեկնածուների խոստումներին: Մենք վարժվել ենք այն բանին, որ մեր հասարակությունը մշտապես բարեգործների կարիք ունենա: Մեր երկրում այդպես էլ չստեղծվեցին այն նախապայմանները, որոնց առկայությամբ մարդիկ կարողանան աշխատանքով, սեփական ուժերով լուծել իրենց խնդիրները: Նրանք պետք է միշտ խեղճացած, նվաստացած, հեշտ կառավարվող և իշխանություններից կախված լինեն։ Իշխանությունները կարծես ձգտում են ժողովրդին պահել մուրացկանի կարգավիճակում: Դա աղետալի երևույթ է: Այն հիվանդացնում է հասարակությանը և դարձնում արժանապատվությունից զուրկ, նվաստ, խեղճ: Ինչքան շուտ հասարակությունը կարողանա ձերբազատվել այս խեղճությունից, այնքան երկիրը երկրի կնմանվի:
– Ժողովուրդն այս դեպքո՞ւմ էլ գլուխը կախ կգնա ու կընտրի իր «բարեգործին»:
– Ժողովուրդն ընտրություններին կարծես թե անելիք չունի: Ընտրություններ կոչվածն այլևս լուրջ չի ընկալվում: Ժողովուրդը համոզվել է, որ ընտրում է մի բան, իրեն մատուցում են մեկ այլ բան: Սա դարձել է օրինաչափություն: Ինչ վերաբերում է այս ընտրություններին, ապա առավել հաճախ հնչող գնահատականն այն է, որ երբեք այսքան անհետաքրքիր, իմաստազուրկ, կանխորոշված ընտրություններ չեն եղել:
– Բայց այս ընտրությունները կարծես թե հետաքրքիր են լինելու. մի թեկնածուն այլընտրանքային քարոզարշավ է իրականացնում, մյուսը` հացադուլ…
– Այս ընտրությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ թեկնածուները մեկը մյուսից ինքնահավան ու անիրատես են: Երբեմն թվում է, թե թեկնածուներն իրենց հոգեկան հավասարակշռությունը, իրականության զգացողությունը կորցրել են: Հետևելով նախընտրական քարոզարշավին՝ ակամա կարեկցում ես թեկնածուներին: Նրանցից յուրաքանչյուրին թվում է, թե աշխարհը պտտվում է իր շուրջը: Բայց աշխարհը կարող է պտտվել, ասենք, Սերժ Սարգսյանի, Պարույր Հայրիկյանի, քարը ճաքի՝ մեկ էլ Գիտությունների ազգային ակադեմիայի շուրջ, որտեղ հացադուլ է անում նախագահացուներից ամենաինքնատիպը: Բայց հո չի՞ կարող, նրանցից բացի, միաժամանակ պտտվել նաև Արամ Հարությունյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի ու էպոսագետի շուրջ:
– Դուք այս ընտրություններից որևէ սպասելիք չունե՞ք:
– Իսկ ո՞վ ունի սպասելիք: Կա՞ մեկը, որ ինչ-որ սպասելիքներ ունի, ես չգիտեմ: Ի՞նչ սպասելիք պետք է լինի` ընտրակաշա՞ռք: Եթե բաժանեն, գուցե այն մարդիկ, ովքեր դրան վարժվել են, վերցնեն, ու դրանով էլ սպասելիքներն ավարտվեն: Ամեն անգամ ընտրություններից առաջ որոշակի գումար է ծախսվում, խրոխտ ճառեր են հնչում և այդքանով սահմանափակվում են ընտրությունների բովանդակային, իմաստային դրսևորումները: Հայաստանում չկա ընտրություն. կա պայքար, կռիվ, թշնամանք, զոռբայություն, կեղծիք, առևտուր, ինչ ուզեք, բայց ո՛չ ընտրություն: Ի՞նչ սպասելիք կարող է լինել այս ամենից:
– Օրինակ, կարելի է ակնկալել, որ առաջիկա հինգ տարում դրական փոփոխություններ տեղի կունենան:
– Պետք չէ հեռուն գնալ՝ քարոզարշավի ընթացքում հնչած խոստումների անհեթեթությունը հասկանալու համար: Եկե՛ք նայենք Սերժ Սարգսյանի հինգ տարի առաջվա նախընտրական ծրագիրը և համեմատենք, թե հինգ տարի առաջ ասվածն ու հինգ տարիների ընթացքում կատարված քայլերն իրար որքանով են համապատասխանում: Ես չեմ հիշում որևէ նախընտրական ծրագիր, որ գոնե կիսով չափ իրականություն դառնար:
– Ի՞նչ եք կարծում` ի՞նչը փոխվելու դեպքում ժողովուրդը դուրս կգա ստրուկի դերից և կապրի իր երազած երկրում:
– Ժողովուրդը ստրուկի դերից դուրս կգա և կապրի իր երազած երկրում միայն մի դեպքում. ժողովրդի փոխվելու դեպքում: Մնացած բոլոր դեպքերում, ինչ էլ որ փոխվի՝ նախագահ, եղանակ, տարեթիվ, նորաձևություն և այլն, ժողովուրդը կշարունակի մնալ ստրուկի իր դերում ու չի ապրի իր երազած երկրում:
Կհարցնեք՝ իսկ ի՞նչ անենք, ո՞նց անենք, որ փոխվի ժողովուրդը: Չգիտեմ: Եթե իմանայի՝ անպայման արած կլինեի: Գուցե ժողովրդին հարցնենք՝ իսկ ինքը ուզո՞ւմ է փոխվել: Կարծես չի ուզում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի