Բաժիններ՝

«Պոլսի համերգի համար սիրտս կարծես կանգնեցնում էր ինձ». Սիբիլ

Հունվարի 21-ին Ստամբուլում կայացավ  թուրքաբնակ երգչուհի Սիբիլի և երգիչ Անդրեի համերգը: 168.am-ը փոքրիկ զրույց ունեցավ Սիբիլի հետ՝  համերգից ստացած նրա տպավորությունների մասին:

–         Սիբիլ գիտեմ, որ շատ լարված և բուռն նախապատրաստական աշխատանքներ էին կատարվում համերգից առաջ: Ինչպե՞ս անցավ համերգը, արդարացա՞ն սպասելիքները:

–         Կարող եմ ասել, որ  կյանքիս ամենաանմոռանալի օրերից մեկն ապրեցի հունվարի 21-ին՝ համերգի օրը: Մի խոսքով, երազի նման էր, և դեռ այդ երազից չեմ արթնացել: Այս համերգն ինձ համար շատ կարևոր էր, որովհետև Պոլսում իմ առաջին մեծ համերգը պետք է լիներ: Արտասահմանում համերգներ էի ունեցել, բայց Պոլսի համերգի համար սիրտս կարծես կանգնեցնում էր ինձ, ասում էր՝ սպասի, Սիբիլ: Լավ էր, որ սպասել եմ: Անդրեի ձայնով, կեցվածքով հիացած եմ: Իմ լավ ընկերոջ, սիրելի Անդրեի հետ համերգ տալն ինձ համար ուրախություն էր:

–         Գիտեմ, որ այս համերգից հետո մի շարք համերգների առաջարկներ եք ստացել: Որտե՞ղ եք պլանավորում համերգներով հանդես գալ:

Կարդացեք նաև

–         Անդրեն էլ, ես էլ շատ ենք ցանկանում հայրենիքում համերգով հանդես գալ: Այս համերգից հետո մենք շատ առաջարկներ ստացանք համերգներով տարբեր երկրներում հանդես գալու համար: Մենք բոլոր այդ համերգների հրավերներն էլ նկատի կունենանք:

–         Անդրեին հնարավորություն է ընձեռվել համերգից հետո այցելել Արևմտյան Հայաստան, ո՞ւմն էր մտահաղացումը:

–         Այս համերգի կազմակերպիչների անցկացրած ժողովներից մի քանիսին ես էլ եմ ներկա գտնվել: Անդրեն Պոլսում պետք է մնար 12 օր, մենք պետք է մեր փորձերն անցկացնեինք: Մեր եկեղեցու հոգևոր քարոզիչ Թաթուլ Ծայրագույն վարդապետ Անուշյանը հարցրեց, արդյո՞ք Անդրեն ցանկանում է այցելել Վան, Ախթամար կղզի: Անմիջապես հարցրի Անդրեին, նա էլ  ասաց, որ շատ է ցանկանում տեսնել Արևմտյան Հայաստանը: Համերգից հետո գնացինք Վան: 15 հոգուց բաղկացած խմբով մենք գնացինք Վան: Ես բազմիցս եղել էի Վանում, բայց ձյան մեջ Ախթամար կղզին տեսնելը մեծ հաճույք էր: Անդրեն շատ զգացված և շատ ուրախ էր: Մենք էլ  շատ ուրախացանք, որ կարողացանք Անդրեի երազանքն կրականացնել:

–         Թուրք ժողովուրդն ինչպե՞ս արձագանքեց համերգին: Դահլիճում թուրք ունկնդիր կա՞ր:

–         Իհարկե թուրքեր էլ կային: Իմ գործընկերներից 50 հոգի, լրագրողներ, երաժիշտներ կային: Երբ աշխատանքի գնացի, բոլորն ինձ մոտեցան, շնորհավորեցին և ինձ և Անդրեին: «Մի բառ չհասկանալով հանդերձ՝ շատ մեծ հաճույք ստացանք, հիացանք, զմայլվեցինք երաժշտության՝ համաշխարհային լինելու նշանակությամբ: Քեզանով իսկապես հպարտ ենք, Սիբիլ: Մենք ինչպես քեզ բեմում տեսանք, նույն աչքով էլ պետք է նայենք»,- ասում էին գործընկերներս: Սա ինձ համար կարևոր: Ես միշտ իմ հարցազրույցներում ասում եմ, որ իմ ամենամեծ փափագներից մեկը գեղեցիկ երգերից բացի հայերենն օտարներին ծանոթացնելն է: Հունվարի 21-ի համերգն իմ և Անդրեի համար  քայլ էր: Մենք ջանացինք մեր հնարավորությունների սահմանում ամենալավն անել՝ փորձելով բարձր պահել մեր արվեստը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս