Պետք է կարողանանք բացահայտել մեր պատանիների պոտենցիալը և այն գենը, որը շարժիչ ուժ է

ՀՀ նախագահի ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին և աշակերտներին շնորհվող կրթական պարգևի մրցանակաբաշխության ժամանակ հանձնաժողովի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը` ամփոփելով հանձնաժողովի կատարած աշխատանքներն ու արդյունքները, նկատել էր, որ հանձնաժողովի կողմից դիտարկված լուրջ խնդիրներից է այն, որ ֆիզիկամաթեմատիկական և բնագիտական թեքումով դպրոցների նույնիսկ լավագույն աշակերտներից շատերը, ովքեր հավակնում են նախագահի կողմից շնորհվող մրցանակներին, հանձնաժողովի հետ հարցազրույցների ժամանակ մասնագիտության ընտրության հետ կապված հարցերին զարմանալի պատասխաններ էին տալիս:

Նրանցից շատերը նշել էին, որ կընտրեն բժշկական կամ տնտեսագիտական համալսարանները: Այսինքն` ամեն ինչ, բացի բնագիտական հոսքերը, ինչն անտրամաբանական էր և հանձնաժողովի անդամների զարմանքն էր առաջացրել: Հանձնաժողովի անդամներն իրենց այս մտահոգությունները ներկայացրել էին ՀՀ նախագահին: «168 Ժամն» այս և այլ հարցերի շուրջ է զրուցել «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի հետ:

– Ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ չնայած դպրոցական տարիքի աշակերտների` որևէ ոլորտում ունեցած ընդունակություններին, այն դեպքում, երբ տվյալ ոլորտը բարձր վարձատրվող է, սակայն, այդուամենայնիվ, մասնագիտություն ընտրելիս այդ երիտասարդները մասնագիտական առումով այլ ոլորտ են նախընտրում:

– Կարծում եմ` տվյալ դեպքում ինֆորմացիայի ու նաև իրազեկության պակաս կա: Այդ է պատճառը, որ մենք որոշեցինք, որպեսզի որոշ դպրոցների լավագույն աշակերտների այցեր կազմակերպենք դեպի մեր ընկերություն, որտեղ այդ աշակերտները կկարողանան անմիջականորեն այդ ինովացիոն միջավայրում հաղորդակից լինել այն տեխնոլոգիաներին, որոնք կիրառում են մեր աշխատակիցները: Պարզ է, նրանք դեռևս հեռու են այդ տեխնոլոգիաներից և կոնկրետ չեն հասկանա, թե տվյալ գործիքը տվյալ պահին ի՞նչ է անում:

Կարդացեք նաև

Մենք նման մի փորձ ունեցել ենք, 2012թ. նոյեմբերի կեսերին, մրցանակաբաշխությունից անմիջապես հետո, երբ Անանիա Շիրակացու անվան կրթահամալիրի սաներն այցելել էին «Սինոփսիս Արմենիա» ընկերություն, որտեղ նրանց բավական հանրամատչելի ձևով ներկայացվեց` ի՞նչ է «Սինոփսիսը», ինչո՞վ ենք զբաղվում, ի՞նչ մշակույթ ենք մենք դավանում, մեր երկիրը ի՞նչ է շահում դրանից, ընդհանրապես տնտեսության զարգացման ի՞նչ միտումներ կան, և, վերջապես` եթե իրենք ընտրեն այս մասնագիտությունը` ինչպիսի՞ կարիերա կունենան, ի՞նչ աստիճանների կարող են հասնել, և այլն: Իսկ նրանք մեզ բազմաթիվ հարցեր էին տալիս:

Մենք, ճիշտն ասած, ոգևորված էինք այդ առաջին հանդիպումից, քանի որ այդ երեխաների մոտ մի հետաքրքիր տրանսֆորմացիա էր տեղի ունեցել, նույնիսկ ծնողներն էին զանգահարել մեզ: Այժմ որոշել ենք` ամեն ամսվա վերջին հինգշաբթի օրը պայմանական բաց դռների օր կազմակերպենք և ուղղակի հնարավորություն տանք կոնկրետ ֆիզմաթ թեքում ունեցող դպրոցներին, այսինքն` մրցանակաբաշխության ծրագրի մասնակից բոլոր դպրոցների աշակերտներին (թվով յոթն են այդպիսի դպրոցները), այցելելու մեր ընկերություն:

Մեր վերջին մենեջմենթ հանդիպման ժամանակ մեր մենեջերների կողմից առաջարկ եղավ, որպեսզի նաև մեր ընկերության աշխատակիցների երեխաները հնարավորություն ունենան այստեղ գալու` տեսնելու, թե իրենց ծնողներն ինչո՞վ են զբաղվում: Ի դեպ, պարզվեց, որ ԱՄՆ «Սինոփսիսում» նման փորձ վաղուց կար: Բացի այդ, մեր ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանի կողմից առաջարկ եղավ նաև մասնագիտական խմբակ ստեղծելու մասին, ինչպես նախկինում կային` «Պատանի տեխնիկների» խմբակները գրեթե բոլոր Պիոներ-պալատներում և դպրոցներում: Տեխնիկական-բնագիտական ասպարեզում հաջողության հասած մարդկանցից շատերն են պատանեկան տարիներին անցել այդ խմբակների միջով: Ու եթե հաշվի առնենք, որ մենք տարիներ առաջ նախաձեռնել էինք նաև «Հաղթողների ակումբի» այդ գաղափարը, որը հաջողությամբ այսօր գործում է ու որը միավորում է տարբեր տարիների ընթացքում երկրի նախագահի կողմից մրցանակներ ստացած անձանց, ապա, մենք կարող ենք մի հետաքրքիր եզրահանգման գալ, որ մեր կարևորագույն խնդիրներից մեկն է նաև` բացահայտել մեր պատանեկան, երիտասարդական պոտենցիալը և փորձել հասկանալ այն գենը, որը շարժիչ ուժ է, և որը ժամանակ առ ժամանակ մեզ ուղղակի հիացնում է, և որի մեջ ներդրում է պետք անել: Ես հաճախ եմ խոսում մեր երեխաների, պատանիների ու աղջիկների հիանալի պոտենցիալի մասին, որովհետև անմիջական մասնակիցն եմ այդ հարցազրույցների ու հանդիպումների ու տարվա մեջ նման ոգևորության պահեր այնքան եմ ապրում, որ տարբեր առիթների ժամանակ նշում եմ այդ մասին: «Հիանալի» բառը քիչ է, երբեմն ուզում եմ անընդհատ նաև այլ հոմանիշներ օգտագործել: Այս ամենը զուտ խոսքեր չեն, մենք փաստեր ունենք:

Այսօր Հայաստանի բուհերում 10 գերազանց ուսանողներից 9-ը աղջիկներ են: Աղջիկների մոտ գիտելիքների ձեռքբերման, ապագայում կարիերա անելու մոտիվացիան մի քանի անգամ ավելին է, քան տղաների մոտ: Շատ հետաքրքիր վիճակագրություն կա. աշխարհում աղջիկների, ընդհանրապես կանանց ակտիվությունը ՏՏ ոլորտի ընկերություններում կազմում է մոտ 10%: Եթե չեմ սխալվում` «Սիլիկոնային հովտում» 12-13%-ի է հասնում, իսկ ամբողջ աշխարհում միջին թիվը 10% է: Մինչդեռ Հայաստանում ՏՏ ոլորտում 35-40%-ը կանայք են: Տոկոսային նույն հարաբերակցությունն է նաև մեր ընկերությունում:

– Այն, որ կանայք այդքան առաջադեմ են և գիտելիքի ձեռքբերման հանդեպ մոտիվացված են, լավ է, բայց չէ՞ որ մենք այսօր ունենք լրջագույն խնդիրներ` տղաները բանակի խնդիր ունեն, մարտահրավերներ կան…

– Ճիշտ է, ավանդաբար մեր ընտանիքներում հայրերը երեխաների համար եղել են ամենամեծ հեղինակությունը, սակայն, միևնույն է, երեխաների դաստիարակությամբ հիմնականում մայրն է զբաղվել, տան առանցքը միշտ մայրն է եղել: Իմ խորին համոզմամբ` այն ընտանիքներն են ամուր, որտեղ մայրը հեղինակություն ունի, որտեղ մոր նկատմամբ հարգալից վերաբերմունք է ոչ միայն իր երեխաների, այլև իր ամուսնու կողմից: Տղամարդը կռվել է դրսում, խնդիրները լուծել է, բայց տանը հիմնականում մեծ է եղել կնոջ դերը: Այնպես որ, եթե ինձ մեկը փորձի մեղադրել նույնիսկ այն բանում, որ այս ամեն ինչից մայրիշխանության հոտ է գալիս, ասեմ, որ եթե մայրիշխանությունը մեր երկիրը պետք է տանի լրջագույն զարգացումների, ուրեմն պետք է գնանք նաև այդ ճանապարհով: Թող լինի մայրիշխանություն: Հրեաների մոտ մայրիշխանություն է, և ի՞նչ, հրեաները պակա՞ս հաջողություններ ունեն: Տղամարդը, տանը թե դրսում, իր դիրքում պետք է լինի տղամարդ, բայց ոչ բռունցքով:

Բացի այդ, կանայք միշտ զգոնության գործոն են տղամարդկանց համար` աշխատավայրում, հասարակական որևէ վայրում: Այսինքն` տղամարդը կանանց ներկայությամբ միշտ աշխատում է և իր արտաքինին, իր հիգիենային հետևել, և ընդհանրապես փորձում է, այսպես ասած` բռի չերևալ: Իսկ եթե միայն տղամարդկանց կոլեկտիվ է, ապա միշտ այդ կոլեկտիվներում նման երևույթներ լինում են: Կինն է շարժիչ ուժը: Կանանց մոտ շատ է նաև պատասխանատվության զգացումը, կանայք, չգիտես ինչու, ավելի շատ են մտածում աշխատանքը չկորցնելու մասին, քան տղամարդիկ: Ինչո՞ւ է այդպես: Թերևս, դա պայմանավորված է պատասխանատվության զգացումով: Կարծում եմ, որ մեր հայ տղաների մոտ դարերի ընթացքում մոտիվացիայի առումով փոփոխություն գրեթե տեղի չի ունեցել:

Միշտ եղել է ընտանիքը, աշխատանքը և իր հետաքրքրությունները: Կանանց մոտ միշտ եղել է ընտանիքը, 100 տարի առաջ էլ կնոջ հիմնական մոտիվացիան իր ընտանիքն էր, և այն կինը, ով ընտանիք չուներ` ընդհանրապես հասարակությունից դուրս էր: Այս տարիների ընթացքում աղջիկների մոտ լրջագույն տրանսֆորմացիա է տեղի ունեցել, այսինքն` ընտանիքից բացի, հայ կինը մտածում է գիտելիքների մասին, կարիերայի մասին, իր հասարակական ակտիվության մասին:

Այս առումով որոշակի խնդիրներ եմ տեսնում, քանի որ մենք լրջագույն դեմոգրաֆիկ խնդիրներ ունենք: Ի դեպ, երբ մրցանակաբաշխությունների հարցազրույցների ժամանակ աղջիկներին հարցնում ես` քո հասակակից տղաների հետ շփումները քեզ հետաքրքի՞ր են, շատերը պատասխանում են` ոչ: Բոլորը հիմնականում դա բացատրում են տղաների պարծենկոտությամբ: Դրանից ավելի վատ դիագնոզ չի կարելի պատկերացնել: Իհարկե, մենք ունենք փայլուն պատանիներ, փայլուն տղաներ, սակայն խոսքն ընդհանուր վիճակի մասին է, որը պետք է փոխել:

– Ի՞նչ պետք է անել, որ այդ պարծենկոտությունը նվազի:

– Պետք է երկրում այնպիսի միջավայր ստեղծել, որպեսզի ընդհանրապես մարդը, երիտասարդը, պատանին աչքի ընկնի ոչ թե գլուխ գովալով կամ պարծենկոտությամբ, այլ իր հաջողություններով, ու ինքն իրեն լիարժեք զգա:

Այսինքն` պարծենկոտության արժեքներն էլ պետք է փոխվեն: Եթե դու երեկ մի լավ գիրք ես կարդացել և մտածում ես, որ եթե որևէ շրջապատում ասես, որ այդ լավ գիրքը կարդացել ես, ու քեզ կարող է ծաղրեն, որ բանուգործ թողած` գիրք էիր կարդում, իսկ իրենք ինչ-որ սրճարան են գնացել, հետո` դիսկոտեկ, ու պարծենում են, որ իրենց հայրը ինչ-որ մեքենա է խոսք տվել գնել իրենց համարգ Ա՛յդ արժեքային համակարգի մասին է խոսքը: Աղջիկների մոտ, ի դեպ, այդ արժեքային համակարգն ավելի բաց է: Ինչ վերաբերում է հարցին, թե այդ ստեղծված արժեքային համակարգի համար ովքե՞ր են պատասխանատու, ապա առաջին հերթին` պատասխանատուն ընտանիքն է, քանի որ երեխան նախևառաջ ընտանիքում է ձևավորվում, որտեղ կարևոր է մոր դերը, այնուհետև` դպրոցը:

Դպրոցում երեխաները պետք է իրենց լիարժեք զգան: Եվ, իհարկե, շատ կարևոր է փողոցը: Փողոցի դերն, ի դեպ, գնալով նվազում է: Եթե առաջ նկատում էինք փողոցներում պատերի տակ անընդհատ հավաքված, դպրոցների բակերում անընդհատ կռվող երեխաների, վիճաբանություններ էին լինում, ապա նման երևույթների այսօր շատ քիչ կարելի է հանդիպել: Որտե՞ղ են այդ պատանիները. կամ տանն են, ինտերնետում, կամ ունեն տարբեր նախասիրություններ` սրճարաններում են, կամ դիսկոտեկներում, կամ ինչ-որ խմբակներում: Այսօր հոգևոր արժեքների դավանումն այնքան քիչ է, իսկ դրա համար պատասխանատու ենք բոլորս: Հոգևոր պահանջմունքը ձևավորվում է ընտանիքից:

Եթե ընտանիքում ընդունված չէ, որ մարդիկ, օրինակ, դասական գրականություն կարդան կամ դասական երաժշտություն լսեն, դու որքան էլ ուզում ես արդեն հասուն տարիքում այդ մարդու մոտ հոգևոր արժեքներ սերմանել, միևնույն է, դժվար է ստացվում:

– Նշեցիք, որ ճաշակը ձևավորվում է հենց ընտանիքում, դպրոցում շարունակվում է դրա ձևավորումը, իսկ բուհում սկսում է ամրապնդվածը վերադարձնել: Ի՞նչ եք պատրաստվում այս ուղղությամբ իրականացնել:

– Փորձում ենք պատանիներին ավելի ներգրավել ստեղծագործական հմտություններում, ստեղծագործական աշխատանքներում, ոգևորել նրանց ՏՏ ոլորտում բիզնես-ձեռներեցության հետ կապ ունեցող որոշակի հարցերում: Կարևոր են նշածս էքսկուրսիաները, որ ցանկանում ենք կազմակերպել, և տարաբնույթ բոլոր մրցույթները, միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադաները, որոնց մասնակցում են պատանիներն ու երիտասարդները:

Հայերի մեջ, պատանիների մեջ հիմնականում մի թաքնված գեն կա, և այն զսպանակի նման է, որին միջավայր է պետք, որպեսզի այն բացես: Երբ այդ զսպանակը բացում ես, զգում ես, թե ինչ հարստություններ կան այդ երեխաների մեջ: Մեր ազգի երեխաները փոքր-ինչ տարբեր են. շատ դժվար են բացվում, բայց որ բացվում են` կանգնեցնել չի լինում: Երբեմն իրենք էլ չգիտեն, թե իրենց մեջ ի՞նչ կա, բացահայտել է պետք: Այս մեր աշխատանքներն այժմ ուղղված են հայկական պատանեկան այդ գենի բացահայտմանը, որովհետև, եթե մենք այդ` դպրոցական տարիքում չկարողանանք բացահայտել ու, եթե չկարողանանք դա ճիշտ ուղղորդել, ապա այդ մարդն այդպես էլ չբացահայտված կմնա: Գուցե նույնիսկ մանկապարտեզից է պետք դա անել:

Մարդու մասնագիտությունը նրա ամենաճակատագրական գործոններից մեկն է: Օրինակ, եթե ես չընտրեի իմ մասնագիտությունը, ապա իմ այս ընտանիքը չէր լինի, այլ կլիներ մեկ ուրիշ ընտանիք, իմ անցած ճանապարհը կգնար լրիվ ուրիշ ուղղությամբ: Միգուցե ես հաջողություններ ունենայի կամ չունենայի, սակայն, եթե մարդիկ կարողանային իմ մեջ պատանեկան տարիքում տեսնել, թե ես ինչի՞ նկատմամբ ունեմ ընդունակություններ, և ինձ ուղղորդեին այդ ճանապարհով… Ես, օրինակ, մասնագիտությամբ շինարար եմ: Նույնիսկ Մոսկվայում շինարարական տեխնոլոգիաների գծով պաշտպանել եմ (շինարարության ոլորտում գիտությունների թեկնածու է.- Լ.Մ.), ընտրել եմ մի մասնագիտություն, որով հենց սկզբից զբաղվել եմ, բայց հետագայում ինձ այդտեղ չեմ տեսել, ու արդեն 15 տարի է` զբաղվում եմ Տեղեկատվական տեխնոլոգիաներով:

Մի ոլորտ, որը Հայաստանում նոր էր սկսում զարգանալ, և որը Հայաստանի ապագան էր: Ինձ բախտ վիճակվեց, որ այս ոլորտի հետ ավելի շատ հարաբերվեմ, ու հիմա առանց այդ ոլորտի` իմ կյանքը չեմ պատկերացնում և անտարբեր եմ շինարարության նկատմամբ ընդհանրապես: Ասածս այն է, որ մասնագիտության ճիշտ ընտրությունը շատ կարևոր է: Մեր խնդիրներից մեկն էլ այն է, որպեսզի երեխաներին ցույց տանք, որ կարող են գալ այստեղ, սակայն «Սինոփսիսը» թանգարան կամ ցուցասրահ չէ, այստեղ ինովացիոն միջավայր է, որտեղ ուզում ենք, որ այդ երեխաները գան և շնչեն այս միջավայրում:

Այս ամենը որոշվել է պարզապես մեր ընկերության ղեկավարության նիստի ժամանակ, հաշվետվության ընթացքում ծնվեց այդ գաղափարը: Նոյեմբերի 1-ից մեր ընկերության կարգախոսը փոխվեց` դառնալով «Արագացնելով նորարարությունը», որը լոզունգային կարգախոս չէ, այլ իրականում մեր գործունեությունը խրախուսում է նորարարությունը:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս