Բաժիններ՝

«Ишь ты, Масленица» ինտերակտիվ խաղը ներբեռնվել է 10.000 անգամ

Հայերի կողմից 2012թ. սկզբին ստեղծված «Ишь ты, Масленица» ինտերակտիվ խաղը ներբեռնվել է արդեն 10 հազար անգամ: Հայտնի մուլտֆիլմի և հեքիաթի հերոսներն արդեն ինտերակտիվ կերպով են ներկայանում հանրությանը: «Մենք առաջիններից էինք, որ նման մակարդակի ինտերակտիվ հեքիաթ էինք ստեղծել Հայաստանում: Ոչ ոք մեզ չէր օգնում, և մեր փորձով ինտերակտիվ հեքիաթ ստեղծելու շատ գաղտնիքներ հասկացանք»,- ասաց «Ռոբերտ Սահակյանց պրոդաքշնի» 3D գծով ղեկավար Հայկ Սահակյանցը՝ նշելով, որ այն շատ շքեղ էր և՛ իր անիմացիայով, և՛ ձայնագրությամբ, և՛ երաժշտությամբ, որի հեղինակը Ռոբերտ Ամիրխանյանն էր:

Հ. Սահակյանցն ասաց նաև, որ իրենք որպես ինտերակտիվ հեքիաթի հիմք՝ վերցրել են մուլտֆիլմի սյուժեն և մոտ 4 ամսում ստեղծել են այն: Ինտերակտիվ հեքիաթներն ամբողջ աշխարհում լայն տարածում են գտել, բազմաթիվ ստուդիաներ և ընկերություններ են այսօր զբաղվում ինտերակտիվ հեքիաթների պատրաստմամբ:

interaktiv-heqiat33

interaktiv-heqiat2

Կարդացեք նաև

interaktiv-heqiat1

«Ինտերակտիվ հեքիաթի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ դիտողն անմիջականորեն մասնակցում է իրադարձություններին, որոնք տեղի են ունենում հեքիաթի մեջ, այսինքն՝ մարդը կարող է որոշումներ կայացնել, տարբեր ավարտներ նախատեսելով հերոսների և հեքիաթի համար: Ինտերակտիվ հեքիաթի դեպքում մարդը ոչ միայն դիտում է, կարդում է, այլև խաղում է»,- ասաց Հ. Սահակյանցը:

Նշենք, որ հեքիաթի նկարչական մասով զբաղվել է Նանա Սահակյանցը, իսկ ծրագրային հարցերով՝ Kidostate ծրագրավորող ընկերությունը:

Ընկերության հիմնադիր Արեն Ափիկյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ծրագիրն ունի երկու տարբերակ՝ անվճար, որը կարելի է գտնել այս հասցեում, և վճարովի, որը հեքիաթի ընթացքում հնարավորություն է տալիս մարդկանց վճարել և գնել խաղերը: «Այսինքն, եթե գիրքը, հեքիաթն անվճար է, ապա հեքիաթի մեջ կան այնպիսի տարրեր, ինչպիսին խաղերն են, ու, որպեսզի կարողանաք խաղալ, ապա դրա համար պետք է վճարել»,- ասաց Ա. Ափիկյանը: Վերջինիս խոսքով՝ մոտ 10 ամսվա ընթացքում հեքիաթի անվճար տարբերակը մարդիկ ներբեռնել են մոտ 10 հազար անգամ, իսկ վճարովի տարբերակը՝ մոտ 3 հազար անգամ:

«Հիմնականում մարդիկ ներբեռնում են անվճար տարբերակը: Սկզբում նայում են՝ արդյոք հավանո՞ւմ են այն, թե՞ ոչ, և հետո, խաղերը գնելու ցանկություն ունենալու դեպքում, վճարում են 99 ցենտ և ներբեռնում այն» ,- ասաց Ա. Ափիկյանը՝ ավելացնելով, որ իրենց այդ ծրագիրը նախևառաջ նախատեսված էր ռուսաստանյան շուկայի համար, և այդ է պատճառը, որ ներբեռնում են հիմնականում Ռուսաստանից, այնուհետև՝ Ուկրաինայից, Ղազախստանից, ԱՄՆ-ի ռուսախոս հանրությունը, և այլն:

Հայաստանից ներբեռնումներն, ըստ մեր զրուցակցի՝ մոտ 200 անգամ ավելի քիչ են: «Կարծում եմ, այստեղ կա նաև այն հանգամանքը, որ մենք ստեղծել ենք հեքիաթի՝ iPad-ի համար նախատեսված տարբերակը, իսկ Հայաստանում դրանք այդքան էլ շատ տարածված չեն, ինչպես Ռուսաստանում է»,- ասաց Ա. Ափիկյանը՝ ավելացնելով, որ առաջիկայում հնարավոր է՝ «Ռոբերտ Սահակյանց պրոդաքշնի» հետ համատեղ, այլ հայտնի մուլտֆիլմերի համար ևս ինտերակտիվ հեքիաթներ ստեղծեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս