«Շատ ենք մեռելներով զբաղվում, ինչքա՞ն կարելի է քաղաքական սուգ պահել»

Հարցազրույց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ

– Ձեր կարծիքով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցն ի՞նչ ուղերձներ էր պարունակում:

– Անկեղծ ասած, նախկին քաղաքական դաշտի ցանկացած հայտարարություններին ես լուրջ չեմ վերաբերվում: 2011թ.աշնանը ես հայտարարեցի, որ մեզ մոտ սկսվել է կառավարման համակարգի փլուզումը: Այն ժամանակ շատերի մոտ դա զարմանք առաջացրեց: 2012թ. դեկտեմբերն այդ փլուզման դրսևորումներից մեկը եղավ, երբ պարզ դարձավ, որ մենք չունենք դասական իմաստով ո՛չ քաղաքական դաշտ, ո՛չ կուսակցություններ և քաղաքական գործիչներ: Հիմա մնացին բեկորները, որոնք փետրվարի 19-ին դե ֆակտո կմտնեն պատմության մեջ: Պետք է հասկանանք, որ սկսվել է հոգեվարք, և այդ դաշտում գտնվող հայտարարությունները կառավարման իմաստով նշանակություն չունեն:

– Այսինքն` Ռոբերտ Քոչարյանին Դուք համարո՞ւմ եք քաղաքական դաշտից վերջնականապես հեռացած գործիչ:

Կարդացեք նաև

– Բոլորն են անցնում: Տրամաբանորեն մենք մի փուլ ենք մտնում, երբ նախորդ երևույթները` սկսած կառավարման համակարգից, կուսակցություններից, գործիչներից, դե ֆակտո գնում են դեպի անցյալ: Արտաքնապես դեռ կարող ենք ինչ-որ ակտիվություն տեսնել, բայց պրոցեսն արդեն անցել է: Մենք դա բոլորս պետք է շատ լավ հասկանանք: Ինչքան մենք շատ կառչենք այդ պրոցեսից, այդքան ավելի շատ արհեստական կյանք ենք տալու, այսինքն` դու հույս ես կապում երևույթների հետ, որոնք այլևս գործոն չեն: Շատ դժվար է, երբ մարդը 25 տարի տեսնում է երևույթներ, մարդիկ, դեմքեր, և դու նրան ասես, որ սա արդեն անցել է:

1985թ. այն վերջնաժամկետն էր, երբ ցույց տվեց, որ Խորհրդային Միության համակարգը գնում է դեպի անցյալ, բայց միլիոնավոր մարդիկ մինչև հիմա հույսեր են կապում կոմունիստական համակարգի հետ: Բայց կյանքն իր օրենքներն ունի, և մենք պետք է նայենք կյանքի իրական պրոցեսներին: Մենք պետք է հասկանանք, որ այն քաղաքական համակարգը, որ սկսեց զարգանալ 1988թ., գնում է պատմության գիրկ` ամեն ինչով, պետք չէ այս կամ այն մարդուն առանձնացնել:

– Իսկ ի՞նչ է գալիս դրա փոխարեն:

– 2011թ. Հայաստանում սկսեց կամաց-կամաց քաղաքացիական ակտիվություն զարգանալ: Հենց այդ ժամանակ գրանցվեց լոկալ հաղթանակ Թռչկանում, 2012թ. ավելի շատ լոկալ հաղթանակներ եղան: Պատմությունն ունի իր տրամաբանությունը, միշտ, եթե ինչ-որ բան փլուզվում է, կամա թե ակամա ստեղծվում է մեկ այլ երևույթ: Հիմա մեզ մոտ փլվում է գոյություն ունեցող քաղաքական դաշտը և սկսում է թափ հավաքել քաղաքացիականը: Երբ դեպի ներքև գնացող կորը հատվի դեպի վերև գնացող քաղաքացիական կորին, մեզ մոտ կսկսվի փոփոխությունը, որը մենք տեսնելու ենք: Տարիներ շարունակ իր անարդյունավետությունը ցուցադրող քաղաքական դաշտին զուգահեռ` ինչ-որ պահից սկսվեց քաղաքացիական ակտիվությունը, և հիմա այդ կորերը մոտենում են: Ես հատուկ չեմ նշում նաև անուններ քաղաքացիական դաշտից, որովհետև անունները կարևոր չեն: Կարևոր է, որ մի երևույթը մարում է, մյուսը թափ է հավաքում: Ես կոչ եմ անում այս նոր ծնվող երևույթին ուշադրություն դարձնել: Շատ ենք մեռելներով զբաղվում, ինչքա՞ն կարելի է քաղաքական սուգ պահել:

– Քաղաքացիական հասարակությունի՞ց պետք է նոր կուսակցություններ ստեղծվեն, ի վերջո, պետության կառավարումը հասարակական կազմակերպությունները չեն իրականացնում:

– Այն, որ աշխարհում կուսակցություններն են ղեկավարում, այն տպավորությունն է, որն ունի հասարակությունը: Իրականում ղեկավարում են մարդիկ, ովքեր պետք է ղեկավարեն: Կուսակցությունները սառցաբեկորի երևացող մասն են: Ամբողջ աշխարհում վերջին 10-20 տարիների ընթացքում գնում է կուսակցական համակարգի ճգնաժամ: Արևմտյան պետություններում ամեն ընտրությունից հետո ավելի է սրվում ընտրություններին մասնակցության խնդիրը:

Մարդիկ դառնում են էլ ավելի անտարբեր, հասարակությունը դառնում է սպառող, և, սպառումից բացի, իրեն ոչինչ չի հետաքրքրում: Բացի այդ, գլոբալ ճգնաժամից մենք ունենք նաև ևս մեկ ճգնաժամ` պետական կառավարման ճգնաժամն է, որը սկսվել է 1991թ.-ից: Երբ իշխանությունը սկսեց փոխվել, մի շատ վտանգավոր չափորոշիչ մտավ մեզ մոտ, այսպես կոչված` բացասական ընտրասերումը. կառավարման բուրգի մեջ ինչքան բարձր է պաշտոնը, այնքան քիչ է հավանական, որ արժանին է ստանալու այդ պաշտոնը: Դա չի նշանակում, որ պետական կառավարման մեջ բոլորն անարժան են, բայց սա միտում է նշանակում:

– Հատկապես ընդդիմադիր գործիչների կողմից հաճախ է հնչում քննադատություն, որ վերլուծաբանները, փորձագետները, սոցիոլոգներն են հասարակությանը մանիպուլյացնում և հավատացնում, թե ամեն ինչ ավարտված է:

– Ես կարող եմ լռել: Եթե ես իմանամ, որ իմ լռության հետևանքը կլինի Հայաստանի առողջացումը, խոսք եմ տալիս` կլռեմ: Բայց սա նշանակում է, որ ինձ շատ ուժեղ դեր են վերագրում, այսինքն` իրենք գործ են անում, փորձագե՞տն է իրենց խանգարում:

– Բացառո՞ւմ եք, որ հասարակության ակտիվությունը կարող է փոխել իրավիճակը, ինչպես եղավ 2008թ.:

– 2008թ. ուներ շատ դեստրուկտիվ հանգամանք, դա հանուն չէր, այլ ընդդեմ էր: Համախմբվել էին մարդիկ, ովքեր չէին կիսում այն ժամանակվա ընդդիմության հայացքները: Դա քանդող է բոլոր դեպքերում: Իսկ այս սկսված քաղաքացիական շարժումը հանուն է` հանուն Թեղուտի, հանուն Վահե Ավետյանիգ Մենք դրա հետ պետք է և հույսեր կապենք, և աջակցենք, որովհետև առաջին անգամ նորագույն պատմության մեջ ստեղծվում է այս փտած քաղաքական դաշտի ալտերնատիվը, որն առաջին անգամ աշխատում է հանունի սկզբունքով:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս